Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Երիցյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է հայցի և հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին հերքել «ԼՂ հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»,- ասված է պահանջում։
Հայցում նշված է, որ բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն Արցախը լուծարելու մասին, թեև նման հրամանագիր չի եղել։
Իսկ հայտարարության նպատակը, ըստ հայցի, Հայաստան-Արցախ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ «Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թվականի հրատարակության դասագրքի «ԼՂՀ-ն՝ չճանաչված պետություն» վերնագրված 5.2 գլխի «Փաստացի անկախություն» ենթավերնագրի և «ԼՂ-ի հարցը միջազգային ասպարեզում. վերադարձ պատերազմին» 5.3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի ուսուցումը»,- նշված է պահանջում։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։