ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել։ Հայտարարության նախագիծը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հայտարարության նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։
ԱԺ կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության, ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.1.
Խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։
«Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»,– եզրափակել են խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Հունիսի 7–ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։