Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջազգային միջնորդներին հայտնել է, որ հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ մի շարք պաղեստինցի բանտարկյալների փոխարեն՝ նշելով, որ փոխանակումը տեղի կունենա 60-օրյա հրադադարի շրջանակում։
«Եգիպտացի և կատարցի միջնորդների առաջարկը, որին համաձայնել է ՀԱՄԱՍ-ը, ներառում է նաև իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի խորքից՝ դեպի անկլավ մարդասիրական օգնության անարգել մուտքն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀԱՄԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկը շրջանակային համաձայնագիր է՝ երկարաժամկետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար: Նախագիծը ներառում է նաև Միացյալ Նահանգների կողմից նախկինում առաջարկված կետեր, այդ թվում՝ 60-օրյա հրադադար և պատանդների երկփուլ ազատ արձակում: