ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են Սիրիայի հարավում իրավիճակի լարման և Իսրայելի կողմից ավիահարվածների հետևանքով։
Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ ցանկանում են ռազմական գործողությունները դադարեցում։
«Մենք կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ: Հույս ունենք, որ կկարողանանք վերջ դնել դրան», – ընդգծել է Ռուբիոն՝ ելույթ ունենալով Վաշինգտոն այցելող Բահրեյնի արտգործնախարարի հետ միջուկային էներգիայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:
Պետքարտուղարը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել համապատասխան կողմերի հետ և հույս հայտնել, որ ավելի ուշ ավելի շատ տեղեկություններ կլինեն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իսրայելական զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարության ռազմական շարասյանը, երբ այն դուրս էր գալիս աս-Սուեյդա քաղաքից
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ հուլիսի 14-ի երեկոյան սիրիական ուժերի ավտոշարասյուներ, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և տանկեր են նկատվել աս-Սուեյդայի ուղղությամբ շարժվելիս։
Ինչպես SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հասան Աբդ ալ-Ղանին, կառավարական զորքերը սկսել են ծանր տեխնիկան և զենքը դուրս բերել աս-Սուեյդայից:
Նրա խոսքով՝ քաղաքի և նահանգի նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել է անվտանգության ուժերին, որոնք կսկսեն զինաթափել անօրինական կազմավորումների զինյալներին:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ կշարունակեն հարվածել Սիրիային, եթե նրա իշխանությունները չհեռացնեն իրենց զորքերը հանրապետության հարավում գտնվող Աս-Սուվեյդա քաղաքի տարածքից, որտեղ ապրում են դրուզները: Սիրիայում իշխանափոխությունից ի վեր Իսրայելի կառավարությունը բազմիցս աջակցություն է հայտնել հարևան արաբական հանրապետությունում բնակվող դրուզներին և մտադրությունը հայտնել իրավիճակի հնարավոր անկայունացման դեպքում օգնել նրանց ինքնապաշտպանության հարցում: