Հունիսի 6-ին, ժամը 16։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 16:26-ին: Մասամբ այրվել է բեռնատարի շարժիչի հատվածը: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։
Ըստ The Telegraph-ի՝ Ռուսաստանը ամռանը, հավանաբար, կսկսի իր հարձակումը Ուկրաինայում: Ինչպես նշում է պարբերականը, ձմռանը Ռուսաստանը հզորացրել է իր զինված ուժերը՝ համալրելով անձնակազմը, վերացնելով տեխնիկական թերությունները, բարելավելով մարտավարությունը, կատարելագործելով մարտական կապի համակարգերը և մեծացնելով իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունն ու շարժունակությունը։ Այժմ Մոսկվան պատրաստ է փորձարկել այս բարելավումները մարտական պայմաններում։
Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով՝ Սումիի և Խարկովի մարզերի սահմանների երկայնքով կենտրոնացած է մոտ 125 հազար ռուս զինծառայողներ։ Վերջին տասը օրվա ընթացքում չորս սահմանամերձ գյուղ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այնուամենայնիվ, The Telegraph-ը կարծում է, որ Սումին և Խարկովը հարձակման հիմնական թիրախներ չեն լինի։
Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր և բիզնես մարզիչ Արեգ Շչեպիխինին: Այս մասին հայտնում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։ Նա մեղադրվում է ծայրահեղականության դրդման մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մաս) և սեռի, ռասայի կամ ազգության վրա հիմնված ատելություն հրահրելու մեջ (ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ):
Նշվում է, որ Շչեպիխինը մի քանի օր շարունակ իր սոցցանցերում էթնիկ հիմքով վիրավորանքներով, այդ թվում՝ Չեչնիայի բնակիչների հասցեին տեսանյութեր է հրապարակել։
Արեգ Շչեպիխինին առևանգել են հունիսի 3-ի երեկոյան: Յարոսլավսկի երկաթուղային կայարանի հարևանությամբ հրապարակում մի քանի հոգի բռնել են նրան և խցկել Չեչնիայի իշխանությունների համարանիշներով սև «Մերսեդեսի» բեռնախցիկը: Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ Շչեպիխինին «ոչ թե առևանգել են, այլ կալանավորել», քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։
Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը գտնվում են Տեղ համայնքում, առողջական վիճակը լավ է։
Այս մասին գրել է Տեղի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տղաների լուսանկարը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է հետևյալը՝
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝
վերահաստատում է իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ապագայի համար գոյաբանական սպառնալիքներ ստեղծող՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս բռնատիրական ռեժիմի փոփոխության հարցում,
կարևորում է այդ ռեժիմի դեմ շարունակական և համառ պայքարում առկա բոլոր սահմանադրական միջոցների, այդ թվում՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունը,
խորապես ափսոսում է, որ անվստահություն հայտնելու՝ կենսականորեն կարևոր առաջարկը ընդդիմադիր շրջանակներում երբեմն բորբոքում է ավելորդ վեճեր, նպաստում ուժերի ջլատմանը, որի հետևանքով առաջացող ներքին անհամաձայնությունը ծառայում է բացառապես ՀՀ ներկայիս ձախողված վարչախմբի շահերին,
նկատի է առնում ապազգային իշխանազավթներից օր առաջ ազատվելու հարցում հանրության ակնկալիքները,
վերստին ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական առաջնահերթությունը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ իշխանափոխությունը, և որ այդ նպատակին հասնելու համար կուսակցությունը չի խուսափել ու չի խուսափելու քաղաքական պատասխանատվությունից,
ՀՀ պետականության համար չափազանց վտանգավոր է համարում պայքարի այս փուլում գործնական քայլ անելու հարցում հապաղելը:
Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել և չեն կատարել 2021թ. ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար: Գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ազգային համաձայնության սկզբունքով կազմավորել կառավարություն:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝
հույս է հայտնում, որ անվստահություն հայտնելու գործընթացը անխափան շարունակելու և հաջողությամբ ավարտելու հնարավորություններ ունեցող մյուս քաղաքական ուժերը և անհատներն իրենց լիարժեք ներդրումը կունենան այս հույժ կարևոր գործում,
խնդրում է բոլոր գիտակից հայրենակիցներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, լրատվական միջոցներին՝ հաշվի առնելով ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաև մի կողմ դնելով փոխադարձ կասկածամտությունը, վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից, անձնական հավակնություններից և մարտավարական անհամաձայնություններից, դրսևորել համազգային միասնականություն ևշարունակել ջանքերը երկրում ազգային իշխանություն հաստատելու ուղղությամբ։
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է․ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»։
Տեղ համայնքի անչափահաս տղաները համայնքում են։ Այս տեղեկությունը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ «Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,- ասել է համայնքի ղեկավարը, երբ լրատվամիջոցը հետաքրքվել է, թե որտեղ են եղել տղաները։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր․ «Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»։
ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանվում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։
Խուզարկության ընթացքում պարզվել է, որ նույն ընդհանուր աշխատասենյակում է գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի աշխատանքային սեղանը, որի մասին տեղեկանալով՝ վարույթն իրականացնող քննիչն այդ հատվածը չի խուզարկել, այդ հատվածից համակարգիչներ կամ այլ իրեր չի վերցրել /քննչական գործողությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է/։
Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ եթե պարզվի, որ «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության զբաղեցրած հատվածից վերցված համակարգիչներից որևէ մեկը պատկանում է վարույթի հետ առնչություն չունեցող անձի, ապա այն կվերադարձվի վերջինիս՝ խստորեն պահպանելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության երաշխիքները։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միլիարդատեր Իլոն Մասկը հունիսի 6-ին հեռախոսազրույց են նախատեսում՝ նպատակ ունենալով կարգավորել առաջացած տարաձայնությունները։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի օգնականները խորհուրդ են տվել նրան մեղմացնել Մասկի հասցեին հնչեցրած հրապարակային քննադատությունները և ուշադրությունը սևեռել հարկային զիջումների վերաբերյալ օրինագծի վրա, որը Ներկայացուցիչների պալատը հաստատել է մայիսին։ Այժմ նախագիծը սպասում է Սենատի քվեարկությանը։
Հեռախոսազրույցի մասին կարճ մեկնաբանությամբ Թրամփը հայտնել է Politico-ին․ «Ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում, ավելի լավ չի լինում»։
Նախագահը նաև վստահեցրել է, որ իր հանրային աջակցությունը շարունակաբար աճում է։
Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։