«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ոչ մի կերպ չեն կարողանում ներել իրենց կուսակից Հայկ Սարգսյանին՝ բանակից ազատվելու աղմկահարույց նախագիծն ամեն գնով անցկացնելու, ՔՊ-ին «փուռը տալու» դավադիր ծրագրի համար։ Արդեն մի քանի շաբաթ է՝ նախագիծն օրակարգ է մտել: Երեկ մենք բացահայտել էինք, որ չնայած ի սկզբանե ԶՈՒ Գլխավոր շտաբը բացասական եզրակացություն էր տվել նախագծին, սակայն Հայկ Սարգսյանը Պապիկյանի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում հաջողացրել էր, որ կառավարությունը դրական եզրակացություն տա, ավելին՝ անգամ գումարի չափն ավելացնի՝ ազատվելու դիմաց։ Սակայն խորհրդարան հասնելուն պես ՔՊ խմբակցությունը կանխել էր այս զույգի` Փաշինյանի կողմից հավանություն ստացած ծրագիրը, եւ հրավիրված արտահերթ նիստն ու քննարկումը հետաձգվեցին, չնայած այն բանին, որ Պապիկյանը խորհրդարան էր եկել։
Դրանից հետո նախագծի վերաբերյալ իշխող ֆրակցիան փակ քննարկում կազմակերպեց՝ ԳՇ պետի ու նախարարի մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տեւած թեժ քննարկման ընթացքում ՔՊ-ականները գրեթե միաձայն դեմ էին արտահայտվել, հենց տեղում էլ պարզել էին, որ ԳՇ-ն դեմ է եղել նախագծին։ Այս բացահայտումը շոկ էր առաջացրել թիմում, եւ նրանք պատին էին դեմ տվել թե՛ նախարարին, թե՛ նախագծի հեղինակ պատգամավորին, փորձելով խոստովանություն կորզել՝ եթե մասնագիտական կառույցը դեմ է, ինչո՞ւ են ամեն գնով ուզում անցկացնել նախագիծը։ Անգամ մեղադրանքներ էին հնչել, որ գուցե ինչ-ինչ մեծահարուստների հետ պայմանավորվածությո՞ւն ունեն, որ մինչեւ ամառային զորակոչը՝ հուլիսի 1-ը, օրենքն ափալ-թափալ ընդունեն, որ գումարներն «օրինական» ճանապարհով անցնեն բյուջե, իրենց էլ ինչ կտան` կտան: Ոչինչ, որ եթե այս նախագիծն օրենք դառնա, ապա էլ ավելի կխորացնի սոցիալական անարդարությունը եւ հասարակության բեւեռացումը, ընդունողներն էլ, այսինքն՝ պատգամավորները, էլ ավելի ատելի կդառնան հանրության համար, դրանից բացի՝ նախագիծը սահմանադրական լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ մայր օրենքը զինվորական ծառայությունը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է համարում։
Ի դեպ, իշխանական թիմում խոսում են, որ Սարգսյանը որոշ շրջանակներում այս օրենքի անհրաժեշտության համատեքստում պարբերաբար հիշատակել է իր քրոջ որդու մասին, որ եթե ընդունվի, նա էլ կազատվի: ՔՊ-ականները պատմում են, որ պատգամավոր-նախարար զույգի «դավադիր ծրագրի» բացահայտումից հետո նրանցից ոչ մեկի փաստարկը փակ նիստում այնքան համոզիչ չի եղել, որը հանդարտեցներ շիկացած կրքերը, ուստի ՔՊ-ականներից շատերը մտադիր են Հայկ Սարգսյանին «պատասխանատվության» ենթարկել, որ փորձել է մի ամբողջ ֆրակցիայի իր կամակատարը դարձնել, թե ինչպես՝ դեռեւս հայտնի չէ։ Սակայն առաջին քայլն արդեն արվել է․ Հայկ Սարգսյանը գործընկերներին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ եւս մեկ քննարկման անհրաժեշտություն է տեսնում ու երկուշաբթի հրավիրում է ԱԺ 334 սենյակ՝ քննարկման: Ավելին, պատգամավորը գործընկերներին առաջարկել է՝ շրջայցի տանել դիրքեր, ծանոթացնել զինծառայության պայմաններին, սակայն հանդիպման օրը եւ նշված ժամին պատգամավորը 334 սենյակում միայնակ է մնացել: Մեզ ասացին, որ միայն Մարիա Կարապետյանն է ներկայացել հանդիպմանը, մյուսները միասնական բոյկոտ են իրականացրել՝ չներելով պատգամավորին։
Նախագիծն ընդգրկված է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հունիսի 13-ի օրակարգում, ենթադրվում է, որ թեժ քննարկում է լինելու, սակայն իշխանականները վստահորեն պնդում են, որ այն մերժվելու է՝ հայտարարելով, որ նախագիծը պետք է հանրային քննարկման դրվի եւ հնարավորինս լայն շրջանակների համաձայնություն ստանա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։
Օրեր առաջ Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հոկտեմբերի 27-ը եւ Նոյեմբերի 9-ը «պոռթկում» էին, եւ չի բացառել, որ դա կարող է կրկնվել։ Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի գրպանային իրավապահները մեծ շուքով «պետական ահաբեկչությունը կանխելու» թատրոն բեմադրեն եւ ձերբակալեն դաշնակցական գործչին՝ այդպիսով կանխելով նմանատիպ հայտարարությունները, առավել եւս՝ փորձերը։
Եթե մի քանի անհասկանալի խոպանչիների ցուցմունքով պատերազմի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն արդեն գրեթե մեկ տարի կալանավորված է՝ հորինված մեղադրանքով, ոչինչ չի խանգարի, որ ՀՅԴ նախկին ներկայացուցչին էլ բանտ ուղարկեն։
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բոլորս ենք հիշում, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչ բոցաշունչ ելույթներ էր ունենում այն մասին, որ մարդիկ պետք է արժանապատիվ կյանքով ապրեն՝ որպես Հայաստանի «հպարտ քաղաքացիներ»։ Ու նա հատուկ ուշադրություն էր դարձնում թոշակառուների ու նրանց արժանապատիվ ծերության խնդրի վրա՝ ընդգծելով, թե առաջնային կարիքները հոգալու համար նրանք պետք է բավարար կենսաթոշակ ստանան։ Նրա կարծիքով՝ թոշակները և աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետև դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության:
Այս ամենի հետ մեկտեղ, Փաշինյանն ընդգծում էր, որ ժողովրդին թալանում են, դա էլ հենց մյուս պատճառն է, որ ժողովրդի վիճակն այդպես էլ չի բարելավվում։ Այս պոպուլիզմով էլ նա 2018 թվականին փողոց դուրս եկած մարդկանց ուսերին եկավ իշխանության։ Բայց նույնիսկ իր իշխանության սկզբնական շրջանում Փաշինյանը չէր դադարում հայտարարել, թե մարդկանց կենսապայմանները շատ շուտով բարելավվելու են, սակայն ժողովրդի աչքը ջուր կտրեց սպասելով։ Ուշագրավ է, որ նրա կառավարման շրջանում թոշակներն ընդամենը մի քանի հազար դրամով են բարձրացրել։ Իսկ բարձրացնելուց էլ այնպես էին անում, որ այդ բարձրացումը միանգամից չլինի, այլ մի քանի փուլերով էին իրագործում, որ ցույց տան, թե մի քանի անգամ թոշակ են բարձրացրել։ Ու ամեն անգամ այնպիսի PR էին անում, որ թվում էր՝ ինչ-որ աշխարհացունց քայլ են ձեռնարկել։
Սրան գումարենք, որ շարունակական, աննկարագրելի մեծ չափերի հասնող գնաճը բազմակի անգամներով գերազանցում է թոշակների բարձրացումը: Ավելին, վերջին մի քանի տարին ընդհանրապես մոռացել ենք թոշակների բարձրացման մասին։ Ու քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, երկար ժամանակ թոշակ բարձրացնելու մասին պետք է մոռանալ, մինչև նոր, աշխատող կառավարություն գա ու տնտեսության «խելքը գլուխը բերի»: Իսկ հիմա Փաշինյանը փորձում է արդարացնել թոշակները նույն մակարդակում թողնելու իրենց քաղաքականությունը, թե 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ամեն տարի։ Ավելին, խորհրդարանում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ եթե մեկ ամիս ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, ապա թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1500 դրամով։ Նախ՝ ինչպես միշտ, Փաշինյանը բացարձակ սուտ թիվ է ներկայացնում։ Տարբեր մասնագետների հաշվարկով, եթե պետական համակարգում իսկապես մեկ ամիս աշխատավարձ չվճարեին, ապա անհամեմատ ավելի մեծ չափով հնարավոր կլիներ բարձրացնել թոշակները։
Բայց հարցը նույնիսկ դա չէ, քանի որ հազիվ թե հնարավոր է պատկերացնել պետական ամբողջ համակարգի աշխատավարձազրկում, դա լուրջ չէ: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ինչ էր խոստանում ժամանակին, և ինչ ունենք հիմա։ Ավելին, նա հավաստիացնում է, թե Հայաստանը գումարի խնդիր չունի, թե բյուջեի մուտքերը ավելացել են «աննախադեպ չափերով»: Այդ դեպքում, ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում, ինչո՞ւ է պետք դրա համար մեկ ամիս աշխատավարձ չվճարել պետական համակարգի աշխատողներին, և ընդհանրապես՝ ինչո՞ւ է նման անհեթեթ համեմատություն ծագում։
Ստացվում է՝ միլիարդավոր դրամներ քամուն են տալիս անիմաստ ծրագրերի իրականացման կամ գնումների վրա, քպական պաշտոնյաները հսկայական աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, Հայաստանի արտաքին պարտքը սրընթաց ավելանում է, իսկ կենսաթոշակառուների համար փող չկա: Կարևորը՝ իշխանավորների ճոխ կենսակերպի ու հարստանալու համար կա: Բայց սա դեռ ամենը չէ. քիչ չէ, որ թոշակները վերջին մի քանի տարին այդպես էլ չեն բարձրացվել, իսկ գնաճը երկնիշ թվերով աճում է՝ հատկապես պարենային ապրանքների մասով, հիմա էլ որոշել են ավելի մեծ հարված հասցնել «հպարտ քաղաքացիներին» և թոշակի անցնելու շեմը բարձրացնել։ Եթե հիմա 63 տարեկանից կարող են մարդիկ գնալ թոշակի, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այսուհետ տարիքային շեմը դարձնել 65։ Ասում է՝ 63 տարեկանն էլ կարող է աշխատել: Հարց՝ որտե՞ղ. հիմա 40 տարեկաններն են դժվարանում աշխատանք գտնել: Հարց երկու. ձեր իշխանության 7 տարում այնքան փորձանք եք բերել երկրի գլխին, որ մարդկանց առողջությունը քայքայվել է, 63 տարեկանում քանի՞ տոկոսն ի վիճակի կլինի աշխատել, եթե նույնիսկ աշխատատեղ լինի:
Ու այսքանից հետո Փաշինյանը հայտարարում է, թե մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Այս հայտարարությունից հետո մեր հանրության գերակշիռ մասն առնվազն ապշած է, թե որտեղի՞ց նրան այսպիսի թվեր, երբ մարդիկ իրենք են իրենց առօրյա կյանքում զգում, որ, ընդհակառակը, անհամեմատ վատացել է իրենց վիճակը: Կարծում ենք՝ ոչ մի թիվ էլ չկա, իսկ եթե կա էլ, ապա նկարված է՝ որոշակի «մեթոդաբանությամբ», այնպես որ, նման հայտարարությունը փաշինյանական հերթական մանիպուլ յացիան է:
Բայց մի հարցում նա ճիշտ է. ոմանց սոցիալական վիճակը կտրուկ բարելավվել է, բայց արդեն ոչ թե 50 տոկոսով, այլ անգամներով։ Խոսքը բացառապես իշխանական թիմի ներկայացուցիչների մասին է...
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես նկատեցիք, Հայ առաքելական եկեղեցու դեմ քարոզչա-պատերազմական գործողություններին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն... այո, վերադարձավ «նախկինների» թեմային, ի մասնավորի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նաև ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: Դե, պատահական չէին բազմաթիվ արձագանքները հայտնի սկետչի հանգվույն. «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ, քանի որ դա նորություն չէ: Կա շատ ավելի հատկանշական հանգամանք. ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ, բնականաբար, նրա քաղաքական շահերն սպասարկող սատելիտ քարոզիչները գերազանցապես առաջնորդվում են բամբասանքներով, «օդից կախված» մտացածին, մատնածուծ «լուրեր» տարածելով, կեղծիքներ, ստեր, խեղաթյուրումներ տիրաժավորելով: Սա է իրենց գործելակերպը, որը տարբեր փորձագետներ ավելի հակիրճ բնորոշում են որպես «գեբելսյան քարոզչություն»:
Ու նրանց համար նույնիսկ էական չէ, որ իրենց բոլոր ստերն ու կեղծիքները բավականին արագ բացահայտվում կամ «ջրվում» են, ինչպես եղավ նաև այս դեպքում: Հանրահայտ է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը ոչ մի դեպքում անձի մեղավորության հիմք չի կարող լինել: Ոչ պակաս հանրահայտ է, որ որևէ անձ կարող է մեղավոր ճանաչվել միմիայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն բնորոշ գործելակերպը՝ թե՛ որպես խմբագիր է, թե՛ որպես կիսաընդդիմադիր պատգամավոր, ու անում է հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:
Կրկնում ենք՝ իրեն չի էլ հետաքրքրում, որ իր ասածները «միլիոն տոկոսանոց» սուտ են, որ 5 րոպեից իրականությունը ջրի երես է դուրս գալու: «Գեբելսյան քարոզչության» հաշվարկը շատ պարզ է ու ցինիկ: Հաշվարկն այն է, որ դաշտ նետելով ակնհայտ սուտ կամ աղաղակող կեղծիք՝ հույս ունեն, որ նախ՝ որոշակի զանգված ստին հավատալու է կամ «կուտն ուտելու» է, երկրորդ՝ դա «նստվածք» է տալու, երրորդ՝ դրա շուրջ քննարկումներ կծավալվեն, ինչը «թեման պահելու» խնդիր է նաև լուծում: Մյուս հաշվարկն այն է, որ ինչքան էլ հերքվի այդ ամենը, միևնույնն է, այն ազդեցությունը չի թողնելու, ինչքան հրապարակ նետված սուտը:
Առիթ ունեցել ենք նման տեխնոլոգիական հնարքներին, քարոզչական «զինանոցի» նմանօրինակ մեթոդներին ու դրանց նրբություններին անդրադառնալու, ուստի այս անգամ ընդամենը բավարարվենք նշելով, որ ակնհայտորեն, ինչքան ընտրությունները մոտենան, Փաշինյանի նմանօրինակ ջղաձգումներն ու մանիպուլյացիաները հաճախակի են դառնալու ու առավել ուժեղ է զլելու հին ու մաշված «սկավառակների» ձայնը: Նա էլի սկսելու է գոռգոռալ, բայց արդեն ոչ թե ավտոտնակների տանիքներից, այլ ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերում, առհասարակ, տեսադաշտում հայտնված ցանկացած միկրոֆոնի (բարձրախոսի) մոտ:
Սա էլ մի առանձնահատուկ նորություն չէ, քանի որ Փաշինյանի գործելակերպը հիմնականում դա է եղել: Բայց դրա հետ կապված կա բավականին կարևոր նրբություն: Տեսեք, եթե նախկինում, ասենք, 4-5, անգամ՝ 2-3 տարի առաջ, հատկապես սոցցանցերում լայն ու ագրեսիվ արձագանք էին ստանում Փաշինյանի ստահոդ հայտարարությունները, «նախկինների», «թալանի», «հատիկ-հատիկ հետ բերելու», «չպլստալու» ու նմանատիպ այլ մանիպուլ յացիաները, դրանք վերածվում էին քարոզչական արշավի, ապա հիմա, ինչպես ասվում է, «իրավիճակ է փոխվել»: Ու իրավիճակն այդ փոխվել է միանգամայն նկատելի չափով: Բավական է թեթև ուսումնասիրել սոցցանցերում նույնիսկ իշխանամերձ ու սատելիտների լրատվամիջոցների հրապարակումներն այդ թեմայով, ու ակնհայտ կդառնա, որ գրեթե 80-90 տոկոսով գերակշռում են հակադարձ մեկնաբանությունները: Ավելին, բոլոր այն «մեղադրանքները», որ նա ներկայացնում է «նախկիններին»՝ սկսյալ կոռուպցիայից ու թալանից, հանրությունը ավելի մեծ ծավալներով վերադարձնում է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վաղուց անցել են «նախկիններին»: Դրան հավելում են նաև Արցախի կորուստը, անվտանգային լուրջ սպառնալիքները, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները հետևողականորեն կատարելը, տնտեսությունն ավիրելը և այլն: Ընդ որում, դրանք միայն հակադարձում որակելն ազնիվ չի լինի, մեծ թիվ են կազմում բավականին կոշտ, «պատկերավոր», «գունավոր» արտահայտությունները:
Իսկ դա արդեն հուշում է, որ Փաշինյանի սիրելի քարոզչական «գործիքները» կամ «ստախոսական աղաղակող ջղաձգումներն» այլևս արդյունավետ չեն, չեն աշխատում:
Փաշինյանն ինքն էլ է տեսնում, իհարկե, իր սիրելի «զենքերի» անարդյունավետությունն ու, բնականաբար, ծանոթ է նաև թե՛ Եկեղեցու, թե՛ իր քաղաքական հակառակորդների վարկանիշների վերաբերյալ հարցումների արդյունքներին: Ու դրանից էլ ավելի է բորբոքվում: Նրան երևի թվում է, որ եթե նորից կիրառի «հին, բարի» մանիպուլ յացիաների գործիքակազմը, իրեն կհաջողվի հետ բերել կորցրած վարկանիշը, ազդեցությունը: Նա, կարծում ենք, ինչպես լինում է շատ իշխանությունների հետ, սկսել է չընկալել փաստացի իրականությունը, նրան դեռևս թվում է, թե իրականությունն այն է, այն խեղաթյուրված պատկերն է, որ ինքն է ներկայացնում: Նա չի ընդունում ու չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իր ջղաձգումները, մանիպուլ յացիաներն արդեն ոչ միայն ձանձրացրել են հանրությանը, այլև մի զգալի մասի մոտ ոչինչ չեն հարուցում՝ զզվանքից բացի:
Ի դեպ, նաև այս կոնտեքստում ոչ պակաս հետաքրքիր էր ոչ միայն Մայր Աթոռի, այլև հանրության արձագանքը Եկեղեցու վրա հարձակումներին: Նախ՝ Եկեղեցին, այսպես ասենք, մնաց իր բարձրության վրա: Բնականաբար, չիջավ ու պետք էլ չէր իջնել ՔՊ-ի՝ անդրշրիշակային մակարդակին: Եթե ավելի պատկերավոր նկարագրենք իրավիճակը, ապա Եկեղեցին նախ մեծավարի ու մեծահոգաբար հնարավորություն տվեց, որ գիտակցաբար մոլորյալները «դարձի գալու» մասին խորհելու տեղ ունենան (որ հետո ասող չլինի, էլի, թե «ինչու չասացիք...»), կամ էլ՝ թողեցին, որ չարախոսներն իրենց չարության մեջ տապակվեն: Ու, կարծում ենք, դա ոչ պակաս հունից հանում է թե՛ Փաշինյանին, թե՛ նրա «sms»-ներով կառավարվող քպականներին:
Ավելին, բոլորը տեսան, որ հայերի գերակշիռ մասն իր Եկեղեցու կողքին է, Եկեղեցին՝ իր ժողովրդի ու հոգսերի հետ, ու շահերին, արժեքներին՝ տեր: Իսկ թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողքին, առավել ևս՝ թե ովքեր են սոցցանցային «նիկոլականները», մի առանձին թեմա է, հավատացեք՝ շատ «գունագեղ» թեմա՝ իրականությունը լիարժեք պատկերացնելու համար:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության՝ Ազգային ժողովում գտնվելու ընթացքում երեկ խորհրդարանում ուժեղացված հսկողություն է իրականացվել, անվտանգության տասնյակ աշխատակիցներ՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից:
Ավելին, Մատվիենկոյի արարողակարգի աշխատակիցները թույլ չեն տվել մեր լրագրողներին՝ անգամ խորհրդարանի միջանցքներում լուսանկարել տիկնոջը, ասելով, որ նա միջանցքի նկարներ չի սիրում։
Երբ հասկացել են, որ չեն կարողանում լրագրողների վրա ազդել, դիմել են ԱԺ աշխատակազմին, եւ մեր ինքնիշխաններն են փորձել կատարել ՌԴ պաշտոնյայի արարողակարգի աշխատակցի կամքն ու լրագրողներին հեռացրել են այն ֆոյեից, որին մերձ դահլիճում կայացել է Մատվիենկոյի եւ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կապված սեզոնի հետ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Վերջին օրերին ՍԱՏՄ-ն երկու հաղորդագրություն է տարածել, որոնք վերաբերում են տարբեր ընկերությունների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Որոշ դեպքերում արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, որոշ դեպքերում սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, իսկ որոշ դեպքերում խախտումներ պարունակող «արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»: Այստեղ ուշագրավ է «կտրվեն» բառը: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, պաղպաղակ արտադրող ձեռնարկությունները ՍԱՏՄ մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, և որ իրենց գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, կամ որոշակի արտադրանք պետք է շուկայից հետ կանչեն: Այսինքն, որևէ կարգադրագիր, որևէ գրություն չեն ստացել։
Ստացվում է, որ եթե որևէ ընկերություն նկատած չլինի (պարտավոր էլ չէ) ՍԱՏՄ հաղորդագրությունը, օրեր շարունակ դեռ պիտի շարունակի խախտումներով աշխատել, ավելին՝ օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանող արտադրանքը, այդ թվում՝ մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով, դեռ որոշակի ժամանակ կշարունակեն մնալ վաճառքում, մինչ ՍԱՏՄ-ն կբարեհաճի կարգադրագիր ուղարկել:
Մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ ՍԱՏՄ-ն այսպես թափթփված է աշխատում հատկապես անցած տարվանից սկսած, երբ ՍԱՏՄ ղեկավար նշանակվեց Արմեն Դանիել յանը, որն այսօր կալանավորված է կոռուպցիոն մեղադրանքով, իսկ նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանի՝ ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող նշանակվելուց հետո կառույցն ընդհանրապես անգործության է մատնված: Դրա հերթական վկայություններից մեկը Հայաստանից արտահանվող ծաղիկների հետ կապված վերահսկողության բացակայությունն է, որի պատճառով Հայաստանը կարող է ահռելի վնասներ կրել, ինչի մասին, ի դեպ, նախորդ համարում մանրամասն անդրադարձել էինք: Այդ նույն Պետրոսյանի անփութության և անգործության հետևանքով, մեր հավաստի տեղեկություններով, ՌԴ սահմանին Հայաստանից արտահանված արդեն երկու բեռնատար ծաղիկ ոչնչացվել է, իսկ հունիսի 16-ից ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման համար կարանտինային ռեժիմ է սահմանված։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Հանրապետական» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ առաջարկով դիմելով ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը․ «․․․Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել և չեն կատարել 2021թ. ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար»:
Մենք տեղեկացանք, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՀԿ-ն կներկայացնի վարչապետի իր թեկնածուի անունը, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
Հանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը, 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հունիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Պրիշտինայում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով (տեսանյութ)։
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո։ Ինքնագոլ գրանցվեց Կոսովոյի հավաքականի եւ իտալական «Լուգանոյի» դարպասապահ Ամիր Սաիպիի անվան դիմաց։
23-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի պաշտպան Լումբարդ Դելովան։
29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
61-րդ րոպեին Հայաստանի չեմպիոն «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, եւ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալական «Կոմոյի» պաշտպան Մերգիմ Վոյվոդան՝ հավասարեցնելով հաշիվը։
71-րդ րոպեին Կոսովոյի հաղթական գոլը խփեց ռումինական «Կլուժի» կիսապաշտպան Լինդոն Էմերլահուն։
90-րդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց չեխական «Սպարտայի» հարձակվող Ալբիոն Ռահմանին։ Ավելացված երրորդ րոպեին նա նաեւ դուբլ ձեւակերպեց։
Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին։
Ընկերական հանդիպում
Կոսովո - Հայաստան՝ 5:2 (1:2)
Դելովա, 23, Վոյվոդա, 61 (11մ), Էմերլաու, 72. Ռահմանի, 90, 90+3 - Սաիպի, 8, ինքնագոլ, Սպերցյան, 28
Հայաստան
16. Հենրի Ավագյան, 4. Գեորգի Հարությունյան, 7. Էդգար Սևիկյան (18. Արթուր Միրանյան, 64), 8. Էդուարդ Սպերցյան (ա), 9. Արթուր Սերոբյան (22. Նարեկ Գրիգորյան, 82), 10. Ժիրայր Շաղոյան (17. Տոմաս Ադորյան, 46), 11. Հովհաննես Հարությունյան (14. Գոռ Մանվելյան, 46), 19. Հովհաննես Համբարձումյան (13. Կամո Հովհաննիսյան, 64), 21. Նաիր Թիկնիզյան (20. Էդգար Գրիգորյան, 69), 24. Սերգեյ Մուրադյան, 25. Տիգրան Ավանեսյան:
Պահեստայիններ՝ 1. Արման Ներսեսյան, 12. Արսեն Բեգլարյան, 2. Պետիկ Մանուկյան, 3. Վարազդատ Հարոյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Կարեն Մուրադյան, 15. Արայիկ Էլոյան, 23. Դանիել Աղբալյան:
Գլխավոր մարզիչ՝ Ջոն վան՛տ Սխիպ:
Խոնավության մակարդակի փոփոխությունները մազերի գանգուրացման պատճառ են դառնում. մազերի թելերը լայնանում են, կորցնում իրենց ձևը և դառնում անկանոն։ Շոգ եղանակը, զուգորդված օդորակիչով սենյակներում մշտական գտնվելու հետ, միայն ուժեղացնում է մազերի ջրազրկումը։ Խճճված մազերի վերահսկման բանալին խորը կոնդիցիոնումն է, բայց կան մի շարք այլ տեխնիկաներ, որոնք կարող են օգնել ձեր մազերը հարթ և խնամված տեսք ունենալ։
Harper's Bazaar-ը կիսվում խճճված մազերի դեմ պայքարի խորհուրդներով.
Վերականգնումը սկսվում է շամպունից առաջ
Սկսեք ձեր շաբաթը ինտենսիվ խնամքով։ Ավելացրեք այս միջոցը ձեր կիրակնօրյա գեղեցկության ծեսին՝ մազերը լվանալուց առաջ։ Իդեալական տարբերակը Kérastase Nutritive Masquintense դիմակն է կամ ցանկացած թեթև յուղ։ Քսեք չոր մազերին՝ ամբողջ երկարությամբ, հատկապես ծայրերին, թողեք 3-5 րոպե, ապա լվացեք։
Մի չափազանցեք լվացքի հարցում
Հաճախակի լվացումը զրկում է մաշկին սնուցման և պաշտպանության համար անհրաժեշտ բնական յուղերից: Սահմանափակեք ձեզ շաբաթական 2-3 անգամ։ Եվ հիշե՛ք. տեխնիկան նույնքան կարևոր է, որքան հաճախականությունը։ Հայտնիների ոճաբան Քեն Փեյվսը (ով աշխատում է Վիկտորիա Բեքհեմի և Եվա Լոնգորիայի հետ) խորհուրդ է տալիս շամպունը քսել մատների ծայրերով՝ մերսելով միայն գլխամաշկը։ Մնացած մազերը կմաքրվեն լվանալու ընթացքում՝ առանց դրանք չորացնելու։
Փոխարինեք կոնդիցիոները դիմակով
Եթե ձեր մազերը լրացուցիչ խոնավեցման կարիք ունեն, պարզապես փոխարինեք կոնդիցիոները սնուցող դիմակով։ Լոգանք ընդունելիս թողեք այն մազերի վրա 5-10 րոպե. սա բավարար ժամանակ է ակտիվ բաղադրիչների ազդեցության համար։
Բնական չորացումը միշտ չէ, որ լավագույն ընտրությունն է
Թեև դա կարող է հակասական հնչել, բայց ջերմապաշտպանիչ միջոցով մազերը չորացնելը նախընտրելի է, քան բնականորեն չորացնելը։ Օդով չորացնելիս մազերը կլանում են օդի խոնավությունը և դառնում են խճճված։ Տաք օդը փակում է կուտիկուլը, իսկ վերջում սառը ցայտքը ամրացնում է արդյունքը։
Գեղեցիկ քուն. մետաքսը օգնության է հասնում
Գիշերը մազերը մետաքսե շարֆով փաթաթելը Բեթ Դեյվիսի և Մերիլին Մոնրոյի հին հոլիվուդյան հնարքն է։ Այն նվազեցնում է շփումը և ստատիկ էլեկտրականությունը։ Եթե չեք սիրում փաթաթվել, մետաքսե բարձի պատյանը նույն ազդեցությունը կտա։
Յուղը ձեր համընդհանուր օգնականն է
Ժամանակակից մազերի յուղերը թեթև են, չեն ծանրացնում կամ յուղոտում նույնիսկ բարակ մազերը։ Դրանք խորը ներթափանցում են մազերի կառուցվածքի մեջ՝ խոնավեցնելով և հարթեցնելով այն։ Օգտագործեք դրանք լվանալուց առաջ, հետո (թաց մազերի վրա) կամ չոր մազերի վրա՝ որպես վերջնական հպում:
Խոզանակ, որին կարող եք վստահել
Tangle Teezer-ը պաշտամունքային խոզանակ է, որը նվաճել է աշխարհը 2008 թվականից ի վեր: Իր ճկուն ատամիկների շնորհիվ այն նրբորեն քանդում է հանգույցները՝ առանց վնասելու ո՛չ չոր, ո՛չ էլ թաց մազերը: