Երեկ՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Էվրիկա չհայտնաբերեցիք» անունը։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղիշե Թադևոսյան փողոցում գործող հանրահայտ «Էվրիկա» սուպերմարկետում առանձնապես խոշոր չափի գումարի ապրանքներ են գողացել։
Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը ու արդեն ժամերի ընթացքում նշված անձինք հայտնաբերվել են գողություն կատարելու կասկածանքով և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նշված անձինք են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Էդմոն Մ.-ն, 18-ամյա Քաջիկ Ղ.-ն, ովքեր կասկածվում են այս տարվա մարտի 15-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում նշված սուպերմարկետի պահեստային հատվածից մոտ 3 մլն 400 հազար ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ծխախոտներ գողանալու մեջ։
Ինչպես նշում է կայքը՝ նշված անձինք աշխատում են նշված սուպերմարկետում։