Իսրայելին աջակցելու մասին Մեծ յոթնյակի (G7) ղեկավարների հայտարարությունից հետո Իրանը G7-ի երկրներին կոչ է արել հրաժարվել իրենց «միակողմանի» հռետորաբանությունից։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«G7-ի առաջնորդների հայտարարությունը բացահայտորեն անտեսել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված կոպիտ ագրեսիան, մեր խաղաղ միջուկային ենթակառուցվածքների վրա անօրինական հարձակումները, ինչպես նաև բնակելի տարածքների անխտիր թիրախավորումը և մեր քաղաքացիների սպանությունը» , – նշել է Բաղային։
Նա նաև ընդգծել է, որ Մեծ յոթնյակի անդամ պետությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, պետք է «ընդունեն իրենց իրավական և բարոյական պատասխանատվությունը ՄԱԿ-ի անդամի դեմ ուղղված ագրեսիայի կոպիտ գործողության համար»։
«Իսրայելը չհրահրված ագրեսիվ պատերազմ է սկսել Իրանի դեմ և հարձակվել է Իրանի միջուկային կայանների վրա՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածը և խախտելով խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ուժի կիրառման արգելքը», – հավելել է նա։
Բաղայիի խոսքով՝ հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվել, դաժանորեն ավերվել են հանրային և պետական կառույցները, մարդկանց տները, թիրախավորվել են հիվանդանոցներն ու առողջապահական կենտրոնները։
Բաղային գրառման մեջ նաև շեշտել է, որ տարածաշրջանային կայունության ուղին պահանջում է Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցում և միջազգային իրավունքի խախտումների համար պատասխանատվություն։
«G7-ը պետք է հրաժարվի իր միակողմանի հռետորաբանությունից և անդրադառնա էսկալացման իրական աղբյուրին՝ Իսրայելի ագրեսիային», – եզրափակել է Բաղային։
Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարները Կանադայում անցկացված գագաթնաժողովի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և Իսրայելի անվտանգությանն ու նշել, որ «իրանական ճգնաժամի» կարգավորումը պետք է հանգեցնի լարվածության թուլացման Մերձավոր Արևելքում։