Rate.am-ում սեպտեմբերի 30-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380,42 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 384,73 դրամը:
Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 442,47 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 454,11 դրամը:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.52 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.75 դրամը:
ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 81 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կեսգիշերին վթար է եղել Արարատի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ահազանգը Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 30-ին, ժամը 00։12-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Զիլ» մակնիշի բեռնատարը և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը մահացել է»,–գրում է կայքը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Այսօր առանձին շրջաններում կարող է նաև ամպրոպ լինել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կտատանվի +26–ից +28, երեկոյան` +16–ից +18 աստիճանի միջակայքում։
Հայաստանում չեն լինի պրոֆեսորներ և դոցենտներ, որովհետև այդ կոչումների համար օրինական հիմք այլևս չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` մեկնաբանելով ԱԺ–ում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը։
Սեպտեմբերի 11-ին ընդունված օրենքը միավորել է այս բոլոր օրենքները` այն տարբերությամբ, որ նախկին գիտական կոչումների ու աստիճանների փոխարեն դրանում նախատեսված են միայն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական կոչումները։
«Չգիտեմ` պատահաբար, թե առանց հասկանալու, գուցե նաև միտումնավոր ընդհանրապես դուրս են թողել գիտական կոչումներին վերաբերող հոդվածները։ Եվ հիմա Հայաստանի օրենսդրության մեջ որևէ փաստաթուղթ չկա, որ սահմանի, օրինակ, թե ինչ է նշանակում պրոֆեսոր, ինչ է նշանակում դոցենտ։ Միաժամանակ առանձին հոդվածով գրված է, որ այն պահից, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, բոլոր նրանք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճան, հավասարեցվում են դոկտորի աստիճանին։ Այսինքն՝ Հայաստանում լինելու է, գործելու է ընդամենը 1 գիտական աստիճան, դա դոկտորի աստիճանն է, «գիտություններ» բառն այլևս չկա, դոկտորի աստիճանն է, և վերջ»,– ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` գիտական կոչումների վերացմամբ Հայաստանում վերանալու է գիտության աստիճանակարգով բարձրանալու ձգտումը։ Նման բացասական փորձ ունեն Վրաստանն ու Ղազախստանը, որտեղ մտածում են նախկին կարգին վերադառնալու մասին։
ՀՀ–ում ընդունված նոր օրենքը հայաստանցի գիտնականներին զրկում է նաև միջազգային համագործակցության իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարողանա դիմել, օրինակ, պրոֆեսորի կոչում պահանջող պաշտոնում աշխատելու համար։ Իսկ դոկտորի կոչումով նրանց կարգավիճակը փաստորեն իջեցվում է, և հայ գիտնականը չի կարող հավասարը հավասարի դիտարկվել արտասահմանյան այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի։
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 30–ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է 14 հարց, որից 4–ը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ։
Օրակարգում են, մասնավորապես, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Այս պաշտոնում ՔՊ–ն առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։
Օրակարգում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա այս պաշտոնում առաջարկվել է Լևոն Բալյանի թեկնածությունը։
Բացի այդ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ օրակարգում է ընդգրկվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ՀՀ կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանության տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու պատժին։
Այս հարցը կքննարկվի սեպտեմբերի 30-ին՝ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում:
Օրակարգում քննարկվելիք հարցերի թվում են նաև Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրան առնչվող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և դրան առնչվող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը, այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայությունից։
«Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտարարում են, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանում։
Սա մեծ պատիվ է Հայաստանի համար՝ հյուրընկալելու եվրոպական մշակույթի այս նշանավոր իրադարձությունը, որը համախմբում է պատանի, տաղանդավոր, դասական երաժիշտների տարբեր երկրներից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Գերմանիան այս պահին այլևս խաղաղության մեջ չէ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա մեկնաբանել է այն հարցը, թե որքան բարձր է գնահատում Գերմանիայի համար զինված հակամարտության ռիսկը:
«Ես ուզում եմ դա ասել մի արտահայտությամբ, որն առաջին հայացքից կարող է մի փոքր ցնցող թվալ, բայց ես նկատի ունեմ հենց այն, ինչ ասում եմ. մենք պատերազմի մեջ չենք, բայց մենք այլևս խաղաղության մեջ չենք»,-ասել Է կանցլերը Rheinische Post թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ:
«Մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում»,-ընդգծել է Մերցը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորություններն՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։
Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից հանդես կգա հայտարարությամբ, պետության ղեկավարի պլանավորված հայտարարության թեման չի բացահայտվում:
Այս մասին ասվում է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայության հրապարակած աշխատանքային գրաֆիկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«11:00 (19:00 Երևանի ժամանակով) նախագահը հանդես կգա հայտարարությամբ»,-նշվում է փաստաթղթում։