ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը դիմադիրներին ու ընդդիմադիրներին հորդորեց լինել միասնական, երբ խոսքը պետության անվտանգության, խաղաղության մասին է:
«Մի կողմ դնել ամբիցիաները, ճիշտ կողմնորոշվել, կանգնել պետության ու իշխանության կողքին՝ միասնաբար չեզոքացնելով վտանգները, արհավիրքները:
Միշտ հպարտանում եմ մեր Հանրապետության վարչապետ, հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանի խելացի, հմուտ, իմաստուն ու հեռատես քաղաքականությամբ, որը մեր երկիրը պահում է անվտանգ ու խաղաղ պայմաններում:
Նա կարողանում է դիվանագիտական ճիշտ ճանապարհով հարաբերություններ ստեղծել բոլոր գերտերությունների հետ»,- ասաց Հասանովը։
Հայաստանում նախատեսվում է ընդլայնել բիզնեսի համար հարկային արտոնությունները, եթե նրանք դպրոցներին, բուհերին, ինչպես նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամին նվիրատվություններ անեն: «Քաղաքացիական օրենսգրքում» նախատեսված համապատասխան այս փոփոխությունների նախագիծը ներկայացվեց ԱԺ քննարկմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ շահութահարկից ազատված նվիրատվությունների ծավալը կավելանա 10 անգամ: Ընկերությունները կկարողանան առանց հարկային պարտավորությունների նշված հաստատություններին փոխանցել նախորդ տարվա իրենց շրջանառության մինչև 2.5%-ի չափով տեխնիկա կամ ֆինանսական միջոցներ՝ ներկայիս 0.5%-ի փոխարեն:
Նախարարի խոսքով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումները ցույց են տվել, որ մի կողմից նվիրատվությունների աճը կարող է նվազեցնել շահութահարկի գծով վճարները, մյուս կողմից կհանգեցնի դպրոցների և բուհերի կահավորման պետական ծախսերի կրճատման: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանությամբ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքի ընդունման արդյունքում բուհերին ուղղվող նվիրատվությունների ծավալը կարող է աճել 25 %-ով:
Պապոյանը նշեց, որ նախկինում ընկերությունները երբեմն դպրոցներին և բուհերին են նվիրել դուրսգրման ենթակա գույք: Այժմ, նրա խոսքով, կրթական հաստատություններն այնքան լավ են հագեցած, որ ոչ պիտանի սարքավորումներ չեն ընդունի։ Պապոյանն օրինակ բերեց ՏՏ ընկերություններին, որոնք ունեն հզոր, բայց ոլորտի չափանիշներով արդեն հնացած համակարգիչներ, որոնք միաժամանակ բավականին ժամանակակից են ուսումնական հաստատությունների համար։
Ըստ նախարարի՝ եթե կառավարությունը համոզվի, որ հարկային արտոնությունների ընդլայնումը հարկերից խուսափելու սողանցք չի դառնա, այդ մեխանիզմը կարող է տարածվել նաև այլ ոչ առևտրային հաստատությունների վրա՝ մշակութային, մարզական և այլն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 16։12–ի սահմաններում Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, 4 քաղաքացի հոսպիտալացվել է։
«2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,- հայտնում է առողջապահության նախարարությունը։
ՆԳՆ էլ տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում։ Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։ Պայթյունը պատճառը դեռ հայտնի չէ։
«Ես հարցեր չունեմ Նիկոլ Փաշինյանին՝ թողնելով դա քննչական մարմիններին ապագայում, սակայն, օգտվելով այն փաստից, որ այս շաբաթ ԵԽԽՎ-ում Հայաստանն ուշադրության կենտրոնում է, ցանկանում եմ դիմել Ձեզ, պարոն նախագահ, գլխավոր քարտուղարին և անդամ երկրներից ներկայացուցիչներին: Խնդրում եմ հանձնարարել Բաքվում Ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց ի վեր մենք և նրանց հարազատները որևէ տեղեկություն չունենք մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դա նվազագույնն է, ինչ կարող եք անել նրանց համար։ Խնդրում եմ, արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը։»
Սա այն «հարցն» էր, որը պատրաստվում էի տալ Փաշինյանին ԵԽԽՎ-ում, բայց քանի որիր ելույթի և հարց ու պատասխանի տևողություն/բովանդակություն հարաբերակցությունը չէր տարբերվում Ազգային ժողովի հարց ու պատասխանից՝ գրանցված պատգամավորներից ոչ մեկին հարցի իրավունք չտրվեց (միայն քաղաքական խմբերից հարցերը)։
Չնայած դրան, ես կգտնեմ խողովակներ այս հարցի բարձրաձայնման և լուծման համար»:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։
Ֆրանսիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Նկոսինաթի Էմանուել Մթեթվան, ով նախկինում անհետ կորած էր համարվում, մահացած է հայտնաբերվել Փարիզի 17-րդ թաղամասում։
Այս մասին հայտնել է Le Parisien թերթը՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։
Նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի մոտ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դիվանագետը ընկել է 22-րդ հարկի պատուհանից։ Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։
Դատախազությունը նշել է, որ դեսպանի անհետացման մասին նախորդ օրը հայտնել է նրա կինը, այն բանից հետո, երբ նա «ստացել է նրանից անհանգստացնող հաղորդագրություն»։
Մթեթվան Ֆրանսիայում Հարավային Աֆրիկայի դեսպան է նշանակվել 2024 թվականի փետրվարին։ 2009-ից 2014 թվականներին նա զբաղեցրել է ոստիկանության գործերի նախարարի, ապա՝ սպորտի, արվեստի և մշակույթի նախարարի պաշտոնները։
Մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս՝ օգտագործելով տարբեր ամբիոններ, բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ավելին՝ Փաշինյանին վշտացնում է այն հանգամանքը, որ Ալիևը խոսելով ՀՀ-Ադրբեջան բանակցություններից, Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիայի ենթարկված երկրի, իսկ իրեն էլ՝ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտի: Ճիշտ է՝ Փաշինյանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահվածքն իրեն «ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից», սակայն ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է:
Թեև առաջին հայացքից թվում էր, որ իշխանությունն իր ասելիքը կսահմանափակի ՄԱԿ-ի ամբիոնով, սակայն պարզվեց, որ կարիք կա դրա մասին խոսելու ԵԽԽՎ-ում, նաև ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում, որտեղ փոխվարչապետ Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի վարչապետի ելույթի, հիշեցրել է, որ երկկողմ փաստաթղթերից բխում է, որ ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամպի ուղի ձևակերումը:
Համոզված եմ, որ իշխանությունը այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ եկած չլինեին: Ինչո՞ւ, որովհետև գործող իշխանության շահերից չի բխում՝ հակասելու սեփական խոսույթին և հրապարակավ խոստովանելու, որ Ադրբեջանն առկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրության իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որևէ ձևով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանությունից:
Սրան զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի շուրջ 4 տոկոսով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիևը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին, իսկ սրան ի պատասխան, հայաստանյան իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը որպես 5-րդ անիվ ուղարկում խորդանոց: Ինչո՞ւ է Ալիևը շարունակում կոշտ, հեգնական, վիրավորական բառապաշարը, որովհետև նրա մոտ գերիշխողը փառասիրությունն է և դիմացինին մինչև վերջ ոչնչացնելու մոլուցքը:
Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում, որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը՝ իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնն ինչ դեռ կարողանում է անել՝ երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակությանը կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է»,- ասաց Աբրահամյանն իր հայտարարության մեջ:
«Զանգեզուրի միջանցքը» կենսական դեր է խաղում Կովկասում կարգավորման գործընթացում: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է Զանգեզուրի կապի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային տրանսպորտ և կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը կապելու համար։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն դրանից»,-ասել է նա:
Մեր երկրի խորհրդարանում կին պատգամավորների թիվը երբեք այնքան մեծ չի եղել, որքան՝ այսօր, կին նախարարների թիվը կառավարությունում երբեք այնքան շատ չի եղել, որքան՝ այսօր, ՆԳՆ-ն, Դատախազությունը, Արտաքին հետախուզական ծառայությունը կանայք են ղեկավարում, ինչը աննախադեպ է մեր պատմության համար: Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է շուրջ 43 տոկոսով, երկրի պետական բյուջեի հարկային եկամուտները ավելին քան կրկնապատկվել են, կոռուպցիայի ընկալման համաթվում ՀՀ-ն 2018 թվականի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել:
Հնարավոր է ավելին և մենք պետք է ձգտենք ավելիին, և սրա համար ահռելի մեծ աշխատանք կա անելու. անկախ դատական համակարգը կայացնելու, հակակոռուպցիոն ամբողջական և վստահելի համակարգ ներդնելու, ժողովրդավարությունը թիրախավորող հիբրիդային հարձակումներին դիմակայելու և այլն»,-ասել է Փաշինյանը:
Ես իրատեսական չեմ համարում փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ավելին կարևոր եմ համարում, մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը վտանգավոր համարեց ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար:
«Որովհետև կլոնֆլիկտները՝ այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի: Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Արդբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և պետք է կենտրոնանալ այս բանաձևն իրականացնելու վրա:
Առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա: Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում և որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկցությունը կառուցեն ՀՀ-ում: Սա է մեր ռազմավարությունը»,- ասաց Փաշինյանը: