Հայաստանում չեն լինի պրոֆեսորներ և դոցենտներ, որովհետև այդ կոչումների համար օրինական հիմք այլևս չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` մեկնաբանելով ԱԺ–ում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը։
Սեպտեմբերի 11-ին ընդունված օրենքը միավորել է այս բոլոր օրենքները` այն տարբերությամբ, որ նախկին գիտական կոչումների ու աստիճանների փոխարեն դրանում նախատեսված են միայն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական կոչումները։
«Չգիտեմ` պատահաբար, թե առանց հասկանալու, գուցե նաև միտումնավոր ընդհանրապես դուրս են թողել գիտական կոչումներին վերաբերող հոդվածները։ Եվ հիմա Հայաստանի օրենսդրության մեջ որևէ փաստաթուղթ չկա, որ սահմանի, օրինակ, թե ինչ է նշանակում պրոֆեսոր, ինչ է նշանակում դոցենտ։ Միաժամանակ առանձին հոդվածով գրված է, որ այն պահից, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, բոլոր նրանք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճան, հավասարեցվում են դոկտորի աստիճանին։ Այսինքն՝ Հայաստանում լինելու է, գործելու է ընդամենը 1 գիտական աստիճան, դա դոկտորի աստիճանն է, «գիտություններ» բառն այլևս չկա, դոկտորի աստիճանն է, և վերջ»,– ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` գիտական կոչումների վերացմամբ Հայաստանում վերանալու է գիտության աստիճանակարգով բարձրանալու ձգտումը։ Նման բացասական փորձ ունեն Վրաստանն ու Ղազախստանը, որտեղ մտածում են նախկին կարգին վերադառնալու մասին։
ՀՀ–ում ընդունված նոր օրենքը հայաստանցի գիտնականներին զրկում է նաև միջազգային համագործակցության իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարողանա դիմել, օրինակ, պրոֆեսորի կոչում պահանջող պաշտոնում աշխատելու համար։ Իսկ դոկտորի կոչումով նրանց կարգավիճակը փաստորեն իջեցվում է, և հայ գիտնականը չի կարող հավասարը հավասարի դիտարկվել արտասահմանյան այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի։