Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, և Հայաստանին սա դժվար թե շատ դուր գա, բայց նման հարաբերություններ զարգացնում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Փաշինյանի կառավարությունը: Ինձ թվում է՝ Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտու իշխանությունն է. այս մասին, Թերթի փոխանցմամբ, Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ինչ վերաբերում է 2020, 2023 թվականներին տեղի ունեցած դեպքերին՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդիրների, ռազմական հակամարտության, դրա հետևանքների հետ, այո, ցավոք, դա արտացոլումն է այն բանի, որ Ռուսաստանն ամենակարող չէ։ Որ նա ստիպված է հարմարվել հանգամանքներին: Նա, փաստացի, ներգրավված է Ուկրաինայում Արևմուտքի հետ շատ ավելի լուրջ և կարևոր առճակատման մեջ: Եվ եթե այս առումով այժմ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան, և եթե Ռուսաստանը դուրս գա այս հակամարտությունից այնպես, ինչպես իր համար հնարավոր է համարում, ես վստահ եմ, որ Ռուսաստանը կսկսի ամրապնդել իր դիրքերը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Ռուսաստանը հիմա էլ է դա անում։ Բայց, այո, համաձայն եմ, Ռուսաստանը վերջին տարիներին միշտ չէ, որ Կովկասում այնքան վճռական է հանդես եկել, որքան մենք սովոր ենք տեսնել նախորդ դեպքերում»,- ասել է պատգամավորը:
Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Զատուլինն ընդգծել է, որ շատ կուզենար, որ այդ հարաբերությունները սկզբունքային ու օբյեկտիվ լինեին։
«Որպեսզի Ադրբեջանից չփորձեն մեզ պարտադրել այն տեսակետը, որ Ադրբեջանը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում, ինչը փաստ չէ։ Ադրբեջանը տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է։ Նա չի թաքցնում այդ փաստը Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց միշտ փորձում է ինչ-որ կերպ քողարկել դա Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ նա իրեն պահում է երկերեսանի, ոչ միանշանակ։ Բայց սա, ինչպես գիտենք, հաճախ ուղեկցում է ցանկացած արևելյան քաղաքականության»,- ասել է պատգամավորը:
Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին՝ Զատուլինն ընդգծել է, որ ՌԴ-ին «պետք չէ, որ Հայաստանը թույլ լինի, որ չկարողանա պաշտպանվել»։
«Եվ սա է մեր բազան այնտեղ պահելու պատճառը, որն այս առումով պետք է օգնի Հայաստանին։ Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում, շահագրգռված ենք, որ Հայաստանը ուժեղ պետություն լինի»,- ասել է պատգամավորը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել՝ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 10 հազար ավել ձայն են հավաքել: Սակայն ինքնամխիթարանքով զբաղված ՔՊ-ականները մոռանում են, որ 2021-ի ու 2025-ի ընտրությունների միջեւ էական տարբերություն կա, եւ ամեն տարի ՔՊ-ի վարկանիշն էականորեն նվազում է, դժգոհությունները` աճում։
Գյումրիում ստացած 36 տոկոսն էլ ոչ այնքան ՔՊ-ի, որքան իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի ձայներն են, եւ եթե ՔՊ հին կազմից որեւէ մեկն առաջադրվեր, դա էլ չէին ստանա։ Սա թերեւս հասկանում են նաեւ ՔՊ վերնախավում, ուստի որոշել են պաշտոնից զրկված, իր կենսագրությունը ՔՊ-ի հետ կապած Սարիկ Մինասյանին անգործ չթողնել եւ նրան մի լուրջ պաշտոն տալ: Խոսվում է այն մասին, որ նրան հնարավոր է նշանակեն մարզպետի պաշտոնում:
Սա արվում է նաեւ այն հույսով, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ այդ նշանակումը ՔՊ-ի օգտին կաշխատի, եւ կկարողանան ոչ միայն Գյումրիում, այլեւ Շիրակի մարզում ձայներ հավաքել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես ընկերներ կդառնանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելու համար դեռ վաղ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր անել՝ վստահություն կառուցելու ուղղությամբ․ մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով, վերջերս Բաքվին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են առաջարկվել վրացի գործընկերների կողմից։ «Մենք դրական արձագանքեցինք և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը: Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր սկսվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը` որպես նման քայլերի օրինակ բերելով լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ նիստերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ օրերս սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է:
Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը:
Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024թ. հունիսի 12-ի դեպքի առիթով եւ հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հանում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցած տարի գրել էինք՝ ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում եւ արձանագրել, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւ անձամբ օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Սյունիքում՝ Մեղրիում: Իբրեւ բանախոսի, նա հրավիրել է ամուսնուն՝ Փաշինյանին, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, շոշափում մարդկանց տրամադրությունները։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին հարցրինք՝ ինքն է՞լ է մասնակցելու կրթարշավին:
Հիշեցնենք․ Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունով է առաջադրվել, պարզվեց՝ արդեն ՔՊ-ական է դարձել։ Ի դեպ, զրույցի սկզբում չէր խոստովանում, որ Փաշինյանն ու կինը Մեղրի են այցելելու, երբ ասացինք, որ արդեն հայտարարվել է, ասաց, որ հանդիպումը լինելու է Մեղրիի մարզամշակութային կենտրոնում․ «Ինձ չեն ասել, բայց եթե լինի, անպայման մասնակցելու եմ»:
Փաստորեն, ուզում եք կրթվել ։«Այո, անպայման»: Դուք է՞լ եք նոր հայտնաբերել, որ կրթվելը նորաձեւ է։ «Ավելորդ հարցեր ես տալիս, քեզ հետաքրքիր էր՝ 2 հարց տվիր, էլ մի շարունակի»: Կրթությունը կարեւորող մարդը բա այդ տոնով կխոսի՞, կրթություն ունե՞ք։ «Շատ»: Որքա՞ն։ «Նորմալ է, ի՞նչ վատ բան կա, թող բոլորն էլ գնան կրթվեն»: Շա՞տ մարդ է ցանկություն հայտնել մասնակցելու։ «Չգիտեմ, մարդիկ գրանցվում են, մեր մոտ չեն գրանցվում, որ ես իմանամ՝ ով ա գնալու, ով` չէ»:
Իսկ Դուք գրանցվե՞լ եք։ «Ի՞նչ կապ ունի էդ, իմ գնալը կապ ունի՞ մնացածի հետ… Ինձ պետք չի գրանցվել, որպես համայնքապետ՝ ես մտնելու եմ, ես իմ տունս, իմ օջախս մտնելու համար գրանցվելու պետք չունեմ»: Բայց հնարավոր է չթողնեն` Դուք ՔՊ-ից չեք։ «Ո՞վ ասավ՝ ՔՊ-ից չեմ, կակռազ՝ ՔՊ-ից եմ»: Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակո՞վ չէիք առաջադրվել։ «Հա, ի՞նչ կապ ունի, որ իրա կուսակցությունով եմ գնացել, ուրեմն ազատակա՞ն եմ, ես ՔՊ-ական եմ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Երևան քաղաքում ապրիլի 8-12-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-12-ը՝ առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:
Աշխարհը վաղ թե ուշ կբախվի նոր համավարակի, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։ Նրա խոսքով՝ դա «տեսական ռիսկ չէ, այլ համաճարակաբանական որոշակիություն», գրում է kommersant.ru-ն:
Նա այս հարցը բարձրացրել է Միջկառավարական բանակցային մարմնի 13-րդ նիստում, որը համաձայնագիր է պատրաստում համավարակի կանխարգելման վերաբերյալ։
Ղեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ աշխարհում պաշտոնապես մահացել է 7 միլիոն մարդ, թեև ԱՀԿ-ն զոհերի թիվը գնահատում է 20 միլիոն։ Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ համավարակը «ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս է հացրել համաշխարհային տնտեսությանը»։
Նա համոզված է, որ հաջորդ համավարակը կարող է սկսվել «20 կամ ավելի տարի հետո, իսկ գուցե նույնիսկ վաղը»։
«Դա տեղի է ունենալու, և ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք», - ասել է Ղեբրեյեսուսը:
Համավարակների դեմ պայքարի համաձայնագրի վրա աշխատանքները շարունակվում են 2021 թվականի դեկտեմբերից: ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել աշխարհի երկրներին ներգրավվածություն ցուցաբերել փաստաթղթի ստորագրմանը:
2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում թոքաբորբի բռնկման մասին։ 2020 թվականի մարտին ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը COVID-19-ը հայտարարել է համավարակ՝ վիրուսի արագ տարածման պատճառով։ ԱՀԿ-ն համավարակի ավարտի մասին հայտարարել է 2023 թվականի մայիսին: 2025 թվականի փետրվարին Չինաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը կարող է վարակիչ լինել մարդկանց համար:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կներկայանան որպես հիմնական բանակցողներ շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին Օմանում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնում է իրանական NourNews գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել էր, որ Վաշինգթոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։
«Սա ոչ միայն հնարավորություն է, այլև՝ փորձություն, գնդակն ամերիկյան դաշտում է»,- հավելել էր Արաղչին:
Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։ Թեհրանը հրաժարվել էր Վաշինգթոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր էր համարել շարունակել խորհրդակցությունները միջնորդների միջոցով։
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ, դրանք կշարունակվեն շաբաթ օրը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան:
Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»: