Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:
Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելու են, Գալջյանը փակագծեր չբացեց. «Կհայտարարվի այդ մասին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարել 150 դրամ:
Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին:
Հայաստանի կենտրոնական բանկը հայտարարել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ի սնանկության գործընթացի ավարտի մասին: Այս հաղորդագրությունը որոշակի անհանգստություն է առաջացրել սոցցանցերում, բայց 2000-ականների սկզբին փակված «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ներկայիս «Արդշինբանկ» ՓԲԸ-ն չէ:
2003 թվականին հին «Արդշինբանկը» սնանկացման գործընթաց սկսեց, և նրա մասնաճյուղերի ցանցը ձեռք բերեց ներկայիս «Արդշինբանկը», որն այն ժամանակ կոչվում էր «Արդշինինվեստբանկ»:
Դրանից հետո հին «Արդշինբանկը» փաստացի դադարեց գոյություն ունենալ, բայց սնանկացման գործընթացը շարունակվում էր երկար տարիներ, քանի որ Հայաստանի` սնանկության ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրությունը շատ խիստ է, և գործընթացները երբեմն տասնամյակներ են պահանջում:
Օրինակ՝ դեռ պաշտոնապես փակված չէ «Նաիրիտ» գործարանի` շուրջ 10 տարի տևող գործընթացը։ Ավելին` մինչ օրս սնանկության գործընթացում է գտնվում տխրահռչակ «Կրեդիտ Երևան բանկը», որը «պայթեց» 90-ականների վերջին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ առաջարկում է ֆինանսական արտոնություններ բոլոր այն դաշնային աշխատողներին, որոնք մինչև հաջորդ շաբաթ դուրս կգան աշխատանքից։ Այս աննախադեպ քայլը ձեռնարկվում է ԱՄՆ կառավարության աշխատակիցների թիվը կրճատելու նախաձեռնության շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության անձնակազմի կառավարման գրասենյակի հուշագիրը։
Նշվում է, որ հուշագրում ասվում է նաև, որ կառավարությունը կսկսի ստուգել բոլոր դաշնային աշխատակիցների համապատասխանությունը բարձրացված չափանիշներին։ Աշխատակիցներին նաև զգուշացրել են ապագա կրճատումների մասին:
Միլիոնավոր աշխատակիցներին ուղարկված նամակում ասվում է, որ նրանք, ովքեր կամավոր կլքեն իրենց պաշտոնները մինչև փետրվարի 6-ը, կստանան մոտ ութ ամսվա աշխատավարձ։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը գլխավորում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել էր, որ օրական գրեթե 1 միլիարդ դոլար է խնայում դաշնային կառավարության համար՝ հիմնականում ոչ անհրաժեշտ պաշտոններին մարդկանց աշխատանքի վերցնելը դադարեցնելու, բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերից հրաժարվելու և օտարերկրյա կազմակերպություններին ոչ տեղին վճարումները դադարեցնելու շնորհիվ։
Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող պատանդառված անձինք այսօր հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց հարազատների հետ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Սա առաջին հեռախոսակապն է եղել նրանց նկատմամբ Բաքվի դատարանում մեկնարկած դատական նիստերից հետո։
Հեռախոսազրույցը միակ կապի միջոցն է, որի ժամանակ հարազատները լսում են պատանդառված անձանց ձայնը։
Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական նիստերը մեկնարկել են հունվարի 17-ին, դրանց ընթացքի մասին տեղեկատվության միակ աղբյուրն ադրբեջանական լրահոսն է, որն էլ բավարար է արձանագրելու համատարած խախտումներն անգամ դատարանում։ Անգամ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկության համաձայն՝ պատանդառված անձանց բավարար ժամանակ չի տրամադրվել ծանոթանալու իրենց ներկայացված, այսպես կոչված, մեղադրանքներին։
Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:
Ըստ Հայաստանում Եմ առաքելության, այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:
Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հունվարի 20-22 իրականացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։
Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք․ այս հարցին պատասխանելիս հարցվածների միայն 11,3 տոկոսն է նշել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ Նավասարդյանի՝ սա 2018 թվականից ի վեր անցկացվող հարցումների ընթացքում գրանցված ռեկորդային նվազագույն ցուցանիշն է։ Շեշտում է՝ հարցումներն անցկացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարություններից առաջ, ուստի կարծում է՝ եթե այսօր լինեին հարցումները, այս ցուցանիշն ավելի ցածր կլիներ։
Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում «ԴՕԿ» կուսակցությունն է՝ 6,8 տոկոս ցուցանիշով, իսկ երրորդը՝ «Հայաստան» դաշինքին՝ 6,5 տոկոս։
Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրում են Բաքվում գտնվող հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը վերադարձնելու համար։ Հարցվածների միայն 5,6 տոկոսն է կարծում՝ այո, 11,9 տոկոսը՝ ավելի շուտ այո, գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ իշխանությունները բավարար քայլեր չեն անում այս ուղղությամբ՝ ավելի շուտ ոչ պատասխանել է 17,9 տոկոսը, 39 տոկոսը՝ միանշանակ ոչ։
ՀՀ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ այսօր Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Հարցվածների 38,8 տոկոսը նշել է, որ կարծում է՝ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, 19,7 տոկոսը՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ։ Միայն 9,5 տոկոսն է կարծում, որ Հայաստանն այսօր ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 14,7 տոկոսը ավելի շուտ ճիշտ ուղղությամբ պատասխանն է ընտրել։
Հարցվածների մեծ մասը՝ գրեթե 40 տոկոսը, նշել է, որ Հայաստանի առջև ծառացած մեծագույն խնդիրն անվտանգության հետ է կապված։
Հարցերից մեկը վերաբերել է համընդհանուր հայտարարագրմանը։ Քաղաքացիների գերակշիռ մասը նշել է, որ չի պատրաստվում ներկայացնել հայտարարագիր, միայն 9,8 տոկոսն է ասել, որ լիովին տեղյակ է, թե ինչպես ներկայացնել հայտարարագիր, ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:
Մոսկվայի դատախազությունը բլոգեր Արսեն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել: Այս մասին հայտնում է գերատեսչության տելեգրամյան ալիքը:
Առիթը բլոգերի հետ հարցազրույցն է, որը հրապարակվել է համացանցում։ Դատախազությունից նշել են, որ Մարգարյանը համոզված լինելով ահաբեկչության գաղափարախոսության ճշմարտացիության մեջ, Ռուսաստանի Դաշնության տարածքում և ՌԴ քաղաքացիների նկատմամբ անօդաչու թռչող սարքեր օգտագործելու միջոցով ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր հնչեցրել:
Դատախազությունն իր ստուգած նյութերը փոխանցել է քննչական մարմիններին՝ ահաբեկչության հրապարակային կոչերի վերաբերյալ քրեական գործ (ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մասով) հարուցելու համար:
Ենթադրվում է, որ խոսքը բլոգեր Դմիտրի Լարինի հետ հարցազրույցի մի հատվածի մասին է, որտեղ Մարգարյանը խոսում է ուկրաինական բանակին արվող նվիրատվությունների և ԱԹՍ–ներ օգտագործելու հնարավորության մասին:
Արսեն Մարգարյանը Սամարայից է։ Նա ավելի քան 170 հազար հետևորդ ունի Telegram-ում, ավելի քան 200 հազար` YouTube-ում։ Բլոգերը խոսում է նաև տղամարդկանց արժանիքների, տղամարդկանց վրա կանանց ազդեցության և այլնի մասին:
Անկարայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Հաքան Ֆիդանի և Բախտիյոր Սաիդովի եռակողմ հանդիպումը։
Հանդիպումը կայացել է երկրների արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում։
Կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության ամրապնդումը։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը որպես Հայաստանի ղեկավար այլ բառով, քան ազգային աղետ, դժվար է նկարագրել։ Վեց տարվա ընթացքում նրա ամբարտավան ոչ կոմպետենտությունը և քաղաքական կարճատեսությունը հպարտ ազգից թողել են նվաստացված ստվերը։ Այս մասին գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կրել է իր արդի պատմության ամենակործանարար պարտությունը՝ Արցախի լիակատար կորուստ, հայ բնակչության տեղահանություն և հազարավոր զոհեր։ Սա ոչ միայն ռազմադաշտում ձախողման պատմություն է, այլ պարտություն մի ղեկավարի, որի ամբարտավանությունը, տգիտությունը և խելամիտ խորհուրդների անտեսումը երկիրը տարել են անդունդ։ Այսօր, երբ հայ պատանդները դեռ տառապում են Բաքվում, ինքնիշխան հայկական տարածքների մի մասը զիջված է, և նոր զիջումների պահանջներ են սպասվում, Փաշինյանը կորցրել է կառավարելու բարոյական և քաղաքական որևէ լեգիտիմություն։ Երկրի գոյատևումը պահանջում է նրա անհապաղ հեռացումը։
Փաշինյանի կառավարումը ռազմավարական կանխատեսման անկարողության աննախընթաց ցուցադրություն է։ Պաշտոնը ստանձնելու պահից ի վեր նա ցուցաբերել է վտանգավոր անտեղյակություն արտաքին քաղաքականության և ռազմական հարցերում։ Ի տարբերություն Հայաստանի նախկին ղեկավարների, որոնք տարածաշրջանային բարդությունները կառավարում էին զգուշությամբ և ռեալիզմով, Փաշինյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է անզգուշության «վարպետություն»։
Նրա սադրիչ հռետորաբանությունը օտարացրեց դաշնակիցներին ու խրախուսեց Ադրբեջանին սկսելու 2020-ի կործանարար պատերազմը։ Երբ անխուսափելի աղետը հարվածեց, նրա որոշումները՝ հանդուգն համառությամբ, այլ ոչ թե իմաստնությամբ, երաշխավորեցին մեր ջախջախիչ պարտությունը։ Նրա անձեռնհասության համար հինգ հազար հայ զինվոր վճարեց սեփական կյանքով, ևս տասը հազարը դարձավ վիրավոր՝ բեկված ապագայով։
Այս աղետից դասեր քաղելու փոխարեն, Փաշինյանը կրկնապատկեց իր սխալները։ Արժանապատվությամբ հրաժարականի փոխարեն նա կառչեց իշխանությանը՝ մերժելով պատասխանատվությունը։ Նրա կառավարությունը ներգրավվեց քավության նոխազներ որոնելու ցինիկ արշավի մեջ՝ մեղադրելով նախկին կառավարություններին, արտաքին դաշնակիցներին և նույնիսկ հայ ժողովրդին այն ձախողումների համար, որոնք ամբողջովին իրենն էին։ Բայց պատմությունը չի ստում։ Հենց նրա կառավարումն է, որ հանգեցրեց Արցախի լիակատար կորստին, 120,000 հայերի բռնագաղթին և Հայաստանի տարածքային ամբողջականության աննախադեպ քայքայմանը։
Նվաստացումը սրանով չի դադարում։ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է վասալական պետության՝ մշտապես հարկադրված տարածքային, պատմական, սահմանադրական և դիվանագիտական լրացուցիչ զիջումներ կատարելու։ Նրա արտաքին քաղաքականությունը եղել է անկայուն և ինքնակործան՝ այրելով կամուրջները դաշնակիցների հետ՝ միաժամանակ չկարողանալով ապահովել այլընտրանքներ։ Նրա ձախողումները թողել են Հայաստանը մեկուսացած, խոցելի և հակառակորդների ողորմածության ներքո։ Նույնիսկ հիմա, երբ հայ բանտարկյալները ադրբեջանական բանտում են, նրա կառավարությունը չունի կամք կամ իրավասություն՝ պայքարելու նրանց ազատ արձակման համար։
Ամենաամոթալին թերևս այն է, որ Փաշինյանը վերջերս Հայոց ցեղասպանության ժխտողականանության ապշեցուցիչ մեկնաբանություններ արեց՝ անհասկանալի դավաճանություն սեփական ազգի պատմության հանդեպ։ Հայաստանի ղեկավարի կողմից հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության նվաստացումը և խեղաթյուրումը անընդունելի է։ Սա ծայրահեղ վիրավորանք է մի երկրի համար, որն արդեն չափազանց մեծ գին է վճարել նրա աղետալի ձախողումների համար։
Բայցևայնպես, Փաշինյանը դեռ պաշտպաններ ունի, որոնք լավ գիտեն, որ նրա հռետորաբանությունն ու գործողությունները պաշտպանելի չեն։ Առաջնորդվելով անձնական և միգուցե նյութական շահերով՝ նրանք փորձում են գտնել նուրբ և ծուռումուռ լեզու և միջոցներ՝ նրան արդարացնելու համար։ Այդ անհատները հավասարապես վտանգավոր են, քանի որ նրանք հնարավոր են դարձնում Փաշինյանի կործանարար քաղաքականությունը և խոչընդոտում ազգի առաջընթացը։ Նրանց արդարացումների դեմը պետք է առնել և դրանք ի ցույց դնել։
Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ ազգային արտակարգ իրավիճակ։ Նրա ղեկավարումը եղել է անդադար նվաստացման, պարտության և անկման ժամանակաշրջան։ Նա կառավարում է ոչ թե որպես ղեկավար, այլ որպես մարդ, որը հուսահատ կառչած է իշխանությանը՝ որոշումներ կայացնելով ինքնապահպանման, այլ ոչ թե ազգային շահի հիման վրա։ Հայաստանը այլևս չի կարող դիմանալ նրա ձախողումներին։ Որքան երկար նա մնա պաշտոնում, այնքան մեծ վնաս կհասցնի։ Արդարացումների ժամանակն ավարտվել է։ Փաշինյանը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի։