Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը.
«Հայաստանի իշխանութեան շրջանակներէն դարձեալ կը հնչեն այնպիսի մտածումներ, որոնք կրնան նոր ու անիմաստ վէճերու դուռ բանալ: Խօսքը կը վերաբերի Հայաստանի վարչապետին, հայոց Ցեղասպանութեան մասին վերջերս կատարած ակնարկութեան: Այս գծով, CILICIA TV-ն ուզեց ունենալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տեսակէտը:
Ծանօթ է, որ Վեհափառ Հայրապետը իր պատգամներուն ու հրապարակային խօսքերուն, Հայաստանի անցեալի թէ ներկայի իշխանութիւններուն վարած քաղաքականութեան, իր հայեցողութեամբ թերի ու վնասաբեր երևոյթներուն ու անոնց հետևանքներուն յաճախ անդրադարձած է յսատակօրէն և շեշտակիօրէն՝ միշտ մեկնելով մեր ազգին ու Հայրենիքին ընդհանրական ու գերագոյն շահերէն:
Շարունակելով իր խօսքը՝ Նորին Սրբութիւնը ըսաւ. «ծանօթ է բոլորին, պատմագէտներ, ցեղասպանագէտներ ու օսմանեան կայսրութեան մասնագէտներ իրենց յստակ փաստերով արդէն իսկ հաստատած են հայոց Ցեղասպանութեան օսմանեան կայսրութեան կողմէ ծրագրուած ըլլալու իրողութիւնը: Միջազգային օրէնքի ու մարդկային իրաւանց մասնագէտներ, իրենց կարգին, պարզած են հայոց Ցեղասպանութեան իրաւական հետևանքները: և, աւելին, չմոռնանք Հայաստանի անկախութեան հռչակագրին և հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին համազգային յայտարարութեան մէջ կատարուած յստակ արտայայտութիւնը օսմանեան Թուրքիոյ կողմէ գործադրուած հայոց Ցեղասպանութեան մասին»:
Ապա, ակնարկելով վարչապետին կողմէ հայոց Ցեղասպանութեան մասին կատարուած հարցադրումներուն՝ Արամ Ա. Կաթողիկոս ըսաւ. «նման մօտեցումներ, ինչպէս ժողովուրդը կ՚ըսէ, օտարի ջաղացքին ջուր կու տան: Հայոց Ցեղասպանութեան քննութիւնը պատմաբաններու յանձնելու առաջարկը Թուրքիոյ գաղափարն է: Մօտեցում մը, որ մեզի համար անընդունելի եղած է և է՛», շեշտեց Հայրապետը ու աւելցուց. «հայոց Ցեղասպանութեան օսմանեան կայսրութեան կողմէ ծրագրուած ըլլալու պատմական իրողութիւնը վիճելի և, հետևաբար, քննելի նիւթ չէ՝ նոյնիսկ պետութիւններ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպութիւններ հաստատած են անոր հեղինակին ով ըլլալը: Արդ, այս հանգրուանը անցած ենք և փաստօրէն հատուցման իրաւական հանգրուանին մէջ կը գտնուինք, որուն առաջին քայլը հանդիսացաւ 2015-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատը՝ ուղղուած Թուրքիոյ պետութեան՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանին վերադարձը»:
CILICIA TV-ի հետ ունեցած կարճ հարցազրոյցը Վեհափառ Հայրապետը եզրափակեց՝ յիշեցնելով, որ «իրապաշտ քաղաքականութենէ մղուած, համազգային արժէքներու ու խորհրդանիշերու գծով հարցադրումներ կատարելով ու հակասութիւններ ստեղծելով , փաստօրէն անիմաստ վէճերու առիթ կու տանք: Հարկ է ըլլալ զգո՜յշ: Կ՚ապրինք վտանգներով լեցուն ժամանակներու մէջ: Շրջանի աշխարհաքաղաքական պայմանները երբե՛ք նպաստաւոր չեն մեզի: Հետևաբար, Մեր ջերմ թելադրանքն է, որ հեռու մնանք հայ կեանքէն ներս նոր ճեղքեր յառաջացնող մօտեցումներէ ու մտածումներէ: Աւելի քան երբեք ազգային ոյժերու համախմբումը, Հայաստանի թէ Սփիւռքի, համահայկական օրակարգի մը շուրջ հրամայական է, ինչպէս յաճախ շեշտած ենք»,-ասել է Արամ Ա. Կաթողիկոսը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։
Գոբլը Պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր: Բայց, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել՝ ով էր այն առաջինը շրջանառել: Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին: ։ Թուրգութ Օզալը, ըստ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի (տե՛ս այստեղ) ասել էր.
«Ես մի գաղափար ունեմ. Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը հայեր են, 20 տոկոսը՝ադրբեջանցիներ։ Նրանք կարող են տարածքների փոխանակում անել՝ Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից ստանա մի հատված, որը երկու մասի է բաժանում Ադրբեջանը»։
Բուշ-ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգևորել։ Անկարան, սակայն, չի մոռացել և վերստին այն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Բիլ Քլինթոնի օրոք։ 1997-ին, ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին և կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին»:
Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը ռուսների հետ, և հարցրել՝ ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։
«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», - ասել է նա։
Միաժամանակ, Թալբոթը պնդել է՝ եթե ադրբեջանցիները և հայերը բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու Ամերիկան կաջակցեն դրան։
Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը, սակայն, հրաժարվել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշվում է 1997-ի սեպտեմբերի դիվանագիտական հեռագրերից մեկում (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցային օրակարգ ՝ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև տետ ա տետ հանդիպումների շնորհիվ։ Դրանից առաջ միջնորդների ներկայացրած փուլային, փաթեթային, ընդհանուր պետության տարբերակները մերժվել էին այս կամ այն կողմից. այդ փուլում, երբ թվում էր՝ բանակցությունները փակուղի են մտել, Քոչարյանն ու հայր Ալիևը սկսել էին հանդիպել առանց միջնորդների։
«Ազատության» տրամադրության տակ են Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են՝ հենց այդ հանդիպումների արդյունքում՝ 1999-ի սեպտեմբերին, Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիևի առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների, դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում։
Դա Ալիև-Քոչարյան արդեն հինգերորդ հանդիպումն էր 1999 թվականի ընթացքում, և եզակիներից մեկը, որի ավարտին երկու նախագահներն էլ հրապարակավ ասել էին, թե պատրաստվում են գնալ զիջումների։
«Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ», - ասել էր Հեյդար Ալիևը:
«Այո՛, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում, այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը», - արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահները բաժանվել էին բարձր տրամադրությամբ, քննարկել, թե քանի ոչխար են մորթելու, երբ վերջնական համաձայնությունը կստորագրեն, չբացահայտելով՝ կոնկրետ ինչպես են պատրաստվում հարցը լուծել։
Մանրամասները պարզվում են այդ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված մի դիվանագիտական հեռագրից, որ կազմել են այդ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում աշխատող ամերիկացի դեսպանները (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։ «Հիմա խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբևէ հակամարտության մեկնարկից՝1988-ից ի վեր՝ շնորհիվ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի», - գրել են ամերիկացի դիվանագետները, մանրամասնելով.
«Խաղաղության հեռանկարները հիմա շատ ավելի հուսադրող են, քան երբևէ հակամարտության մեկնարկից ի վեր՝ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի շնորհիվ։ 1999-ի ապրիլին նախագահ Ալիևը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը առաջարկել է տարածքների փոխանակում։ Նախագահ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է, և երկու նախագահները մտել են քննարկումների ակտիվ փուլ՝ Ալիևի առաջարկների հիման վրա»։
Սադարակում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը ուղերձ էր հղել կողմերին՝ քաջալերելով «ուղիղ երկխոսության արդյունքում ձեռք բերված կարևոր առաջընթացը»։ Ամերիկայի փոխնախագահի ուղերձում ասվում էր․
«Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես, միաժամանակ, կարծում եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, իմաստուն է ու քաջ»։
ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարն էլ այդ օրերին տարածաշրջան էին գործուղել Ղարաբաղյան խնդրով զբաղվող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին, ով հանդիպել էր նախ Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի ղեկավարության հետ, վերջում՝ մեկնել Անկարա։
Հանդիպելով Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ՝ փոխպետքարտուղար Թալբոթը նշել է՝ Բաքվում այս համաձայնությունից այնքան են ոգևորված, որ տպավորություն է, թե ինչ-որ բան կարող է ստորագրվել դրանից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր Միացյալ Նահանգների նախագահի ու պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկում տեղ պահել՝ Ալիև-Քոչարյան հնարավոր համաձայնությանը ներկա լինելու համար (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։
Սակայն, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը տարածաշրջանից չէր հեռացել, երբ Հայաստանի խորհրդարանում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ ղեկավար Կարեն Դեմիրճյանն ու 6 այլ պաշտոնյաներ։ Մի քանի ժամում, մինչ Թալբոթը Երևանից կհասներ Անկարա, Հայաստանում ուժերի հավասարակշռությունն անդառնալիորեն փոխվեց, և ստեղծվեց մի իրավիճակ, որը հետագա տարիներին ազդեցություն ունեցավ ոչ միայն երկրի, այլև Մեղրիի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Դիվանագիտական փաստաթղթերում նաև այդ մասով մանրամասներ կան։
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն, մասնավորապես, գաղտնի հեռագրերից մեկում պնդում է, թե հոկտեմբերի 27-ի կեսօրին Հայաստանի նախագահականում վարչապետ Վազգեն Սարգսյանը կողմ է եղել Քոչարյանի ու Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությանը։ Փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը, մինչդեռ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին հասնելով Անկարա, Թուրքիայի նախագահին ասել է` Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերից ամբողջությամբ տեղյակ չէր (փաստաթուղթը տե՛ս այստեղ)․
«Փոխպետքարտուղարը նախագահ Դեմիրելին ասաց, որ նախագահ Քոչարյանի հետ իր հանդիպմանը վարչապետ Սարգսյանն առաջին անգամ էր լսում Քոչարյան-Ալիև քննարկումների որոշ մանրամասներ»։
Թե որոնք են եղել այդ մանրամասները, Պետդեպի հեռագիրը չի հստակեցնում։ Թալբոթը Դեմիրելին միայն փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Հեյդար Ալիևի, առավել զգուշավոր էր և հորդորում էր իրեն շատ չշտապեցնել։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ժամեր անց Ամերիկայի փոխպետքարտուղարը Թուրքիայի նախագահին հետևյալն է պատմել հայկական կողմի հետ իր բանակցություններից.
«Քոչարյանի զգուշավորության մի մասը իր մտահոգությունն էր, որ ռուսները հնարավոր է՝ ամբողջությամբ տեղյակ չեն իր ու Ալիևի միջև ձեռք բերված առաջընթացից։ Քոչարյանը կհանդիպի Ելցինին նոյեմբերի 5-ին ու կխոսի նրա հետ։ Քոչարյանն անհանգստացած էր՝ հանկարծ այնպես չստացվի, որ Մոսկվային թվա՝ ինքը կամ ամերիկացիներն աշխատում են ռուսների թիկունքում»։
Հայտնելով այս մանրամասները՝ Թալբոթը զգուշացրել է՝ թե’ Ալիևը, թե’ Քոչարյանը խնդրում են, որ իրենց համաձայնությունը մնա խիստ գաղտնիության պայմաններում։ Դեմիրելը խոստացել է՝ տեղեկությունը սենյակից դուրս չի գա։ Փոխպետքարտուղարի հետ այդ հանդիպմանը Հայաստանի նախագահը հարց է բարձրացրել նաև Իրանի հետ կապերը պահելու անհրաժեշտության վերաբերյալ.
«Քոչարյանն ասաց, թե Հայաստանը ուզում է Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով ինչ-որ ճանապարհ գտնել՝ երաշխավորելու իր համար կարևոր առևտրային կապերն Իրանի հետ։ Դեմիրելը համաձայնեց՝ Ադրբեջանը դա անելու համար կարող է ինչ-որ ձև գտնել»։
Բաքվում, սակայն, մտադիր չէին նոր զիջումների գնալ։ Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց՝ 1999-ի նոյեմբերին, հայր Ալիևը Վաշինգտոն է գործուղել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին երկրի վարչապետն ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման սղագրությունից ակնհայտ է, որ նրանք Վաշինգտոն էին մեկնել հենց տարածքների փոխանակման տարբերակը քննարկելու (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Ալիևն ու Ռասիզադեն ասացին, որ դրական հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամում ու Համաշխարհային բանկում, և հստակ տպավորություն ստացել, որ երկու կառույցներն էլ պատրաստ են արագորեն գնալ առաջ՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի իրագործմանը»։
Այդ ժամանակ Իլհամ Ալիևն ամերիկյան կողմին հավաստիացրել է՝ Ադրբեջանն ուզում է գործը գլուխ բերել հնարավորինս արագ, նեղսրտելով, թե ընդդիմության կողմից տարածվող շշուկներն ու կասկածները թուլացնում են իրենց դիրքերը.
«Ալիևն ասաց՝ Ադրբեջանի ժողովուրդը գնալով ավելի անհանգիստ է դառնում, նրանք գիտեն, որ ինչ-որ բան է կատարվում, բայց չգիտեն մանրամասները։ Մինչդեռ ընդդիմությունը շահարկում է իրավիճակը»։
Ադրբեջանական կողմը ենթադրել է, թե հայկական կողմը սկսել է դանդաղել Մոսկվայի թելադրանքով։ ԱՄՆ փոխպետքարտուղարը, սակայն, փարատել է այդ կասկածները, պնդելով, թե պատճառը հայաստանյան ներքաղաքական վիճակն է. նախագահ Քոչարյանին անհրաժեշտ է ժամանակ տալ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իր շուրջը աջակցություն կոնսոլիդացնելու և խիզախ որոշումներ կայացնելու համար։ Պետդեպի փաստաթղթի հաջորդ նախադասությունը գաղտնազերծում է՝ ինչ էր քննարկման սեղանին.
«Իլհամ Ալիևը նշեց, թե հասկանում է՝ որքան դժվար է ղարաբաղցի հայի՝ Քոչարյանի համար, հրաժարվել Մեղրիի շրջանից»։
Ամիսներ անց, երբ այս հարցն արդեն Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն են քննարկել, Մադլեն Օլբրայթը հորդորել է Մոսկվային համոզել Հայաստանին, թե այս գործարքը լավ է տարածաշրջանի անվտանգության համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովը ի պատասխան նույն փաստարկն է բերել՝ Քոչարյանի դիրքերը թուլացել են հոկտեմբերի 27-ից հետո (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Իվանովն ասաց, որ ինքը երկար զրուցել է թե’ Քոչարյանի, թե’ Ալիևի հետ այս հարցերի շուրջ։ Քոչարյանն անկեղծ էր, երբ ասում էր, թե իրեն ներքին կայունություն է պետք նման կարևոր համաձայնություն կայացնելուց առաջ, նա կարծում է, որ չունի այն աջակցությունը, որը վայելում էր մինչ սպանությունները։ Չնայած այն փաստին, որ Երևանն ավելի շատ տարածք է ստանում այս գործարքով, նրանք կարծում են, որ այն իրենց թողնում է երեք կողմից թուրքերով ու նրանց մերձավոր զարմիկներով շրջապատված, մինչդեռ Վրաստանն անկայուն վիճակում է»։
Ըստ այդ համաձայնության, հայկական կողմը պետք է դուրս գար Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքներից՝ բացառությամբ Լաչինի։
Լեռնային Ղարաբաղի աանվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 2019-ին հայտարարել էր՝ նման առաջարկ չէր կարող քննարկվել առանց իր իմացության: «Ինձ հետո ոչ ոք չի բանակցել, դուրս եկողը մենք պիտի լինեինք, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել», - պնդել էր նա։
Պետդեպի գաղտազերծած փաստաթղթերի համաձայն, սակայն, միջնորդները հոգ էին տարել նաև Ղարաբաղին տեղյակ պահելու մասին։ 1999-ի դեկտեմբերին՝ Սադարակի հանդիպումից մոտ երկու ամիս անց, Մինսկի խումբը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքով, այցելել է Ստեփանակերտ՝ համոզվելու, որ ղարաբաղյան կողմը համաձայն է լուծման այդ տարբերակին։ Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն զրույցի մանրամասներն օրեր անց հեռագրել է Վաշինգտոն (փաստաթուղթը տե՛ս այստեղ), մանրամասնելով.
«Արկադի Ղուկասյանն անմիջապես հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարյան-Ալիև գործարքին, և ես խոստացա փոխանցել դա Ադրբեջանի նախագահին»։
Ըստ դիվանագիտական հեռագրերի, այդ ժամանակ միջնորդները սկսել էին աշխատել միջազգային դոնորների հետ՝ համաձայնագրի ստորագրումից հետո տարածքների վերակառուցման ու մարդկանց վերաբնակեցման համար։ Ֆրանսիացի համանախագահն անգամ հարցրել է՝ ե՞րբ է նպատակահարմար, որ Համաշխարհային բանկը կարիքների գնահատման այց կատարի։ Ղուկասյանը արձագանքել է՝ որքան շուտ, այնքան՝ լավ, միաժամանակ խոստանալով այդ մասին տեղեկությունները պահել գաղտնի.
«Նա ասաց, որ կորդեգրի լիակատար գաղտնապահություն, ինչը, նրա համոզմամբ, կենսական նշանակություն ունի արդյունքի հասնելու համար։ Նա ավարտեց իր խոսքը ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն ընդունելի չէ, ոչ էլ հնարավոր է այն անժամկետ պահել, և որ անհրաժեշտ է խաղաղություն ու զարգացում»։
Դիվանագիտական փաստաթղթերը, միաժամանակ, վկայում են, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո Հայաստանի նախագահն առավել հաճախ է հղում արել ներքին անկայունությանն ու Իրանի հետ սահմանը պահելու անհրաժեշտությանը՝ հորդորելով հավելյալ ժամանակ տալ իրեն։
2000 թվականի հունվարին արդեն, ըստ Պետդեպի փաստաթղթերի, Ռոբերտ Քոչարյանը Դավոսում՝ Ալիևի հետ առանձնազրույցում, նոր պահանջ է դրել սեղանին՝ անակնկալի բերելով ոչ միայն ադրբեջանցի գործընկերոջը, այլև համանախագահող երկրներին։ Այդ մասին Հեյդար Ալիևը պատմել է Ադրբեջանում Ամերիկայի դեսպան Սթենլի Էսկուդերոյին 2000-ի փետրվարին (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարևորությունը՝ Քոչարյանն առաջարկել է տալ Մեղրին և կորցնել այդ սահմանը, ինչպես ի սկզբանե պայմանավորվել էին Նախիջևանում, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-16 թվականների ցեղասպանությունը»։
Ալիևը հակադարձել է՝ ցեղասպանության հարցը երբեք չի եղել հայ - ադրբեջանական հարաբերությունների օրակարգում, և ինքը չի կարող նման հարց բարձրացնել թուրքական կողմի առաջ։ Միաժամանակ, սա հիմք է տվել Ալիևին ամերիկացի դիվանագետի մոտ պնդել՝ ստացվում է, որ Իրանի հետ սահմանի հարցն այնքան էլ կենսական չէ հայկական կողմի համար։ «Եթե Քոչարյանը պատրաստ է հրաժարվել դրանից ցեղասպանությունը ճանաչելու գնով, ուրեմն Մեղրին ոչ թե սկզբունքային նշանակություն ունի, այլ՝ սակարկման մանրադրամ է հայկական կողմի համար», - պնդել է նա։
Որ Հայաստանի նախագահն այդ փուլում նման հարց է դրել, նշել է նաև Մինսկի խմբի համանախագահ Քերի Քավանոն Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված հեռագրում (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Ավելի վաղ հեռախոսով տեղեկություններ ստանալով Երևանից՝ Ղուկասյանը կրկնեց Քոչարյանի փաստարկները, թե անհրաժեշտ է ժամանակ տալ, մինչ Հայաստանը փորձում է ստիպել Թուրքիային ընդունել իր մտահոգությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ»։
Ամերիկացի համանախագահը, սակայն, նույն հեռագրում նկատել է՝ հայկական կողմի հաշվարկներն անհիմն են ու սխալ․ - «Թուրքերն իրենց խոստացածից՝ սահմանները բացելուց և հարաբերություններ հաստատելուց հեռուն չեն գնա»։ Նույնն է պնդել նաև Միացյալ Նահանգերի պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, երբ քննարկել է այս հարցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովի հետ 2000 թվականի փետրվարի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Պետքարտուղարն ասաց՝ ինքը փոխանցել է Ալիևին և Քոչարյանին, որ նրանք չպետք է կորցնեն խաղաղության հասնելու հնարավորությունը, որ այսօր ունեն։ Թվում է՝ Անկարան հիմա վարում է առավել բաց ու աջակցող քաղաքականություն, սակայն նրանք երբեք այնքան հեռուն չեն գնա, որքան հայերի իդեա ֆիքսն է՝ ցեղասպանության համար ներողություն խնդրելը»։
2021 թվականի նախընտրական արշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պնդել էր՝ ինքը Մեղրիի վերաբերյալ իր գրքում գրել է «շատ պարզ՝ ինչպես է այդ հարցը քննարկվել»։
Երկրորդ նախագահի ինքնակենսագրականում, սակայն, դռնփակ այս քննարկումների ու սակարկումների մասին որևէ բառ չկա։ Թե՛ 2000-ականներին, թե՛ պաշտոնը թողնելուց հետո Քոչարյանն ընդգծված մեկ բան է շեշտում՝ նման առաջարկ Մինսկի խմբի կողմից չի ներկայացվել։
«Եղել է երեք առաջարկ՝ Ընդհանուր պետությունը, Քիվեսթյանը, որից Ալիևը հրաժարվեց, և Մադրիդյան սկզբունքները», - հայտարարում է նա։
Թղթի վրա գուցե եղել է երեք առաջարկ, բայց փաստ է, որ Քոչարյանի օրոք ներկայացված առաջին տարբերակի՝ 1998-ի «Ընդհանուր պետության» և 2001-ի Քի Վեսթի միջև Ալիևն ու Քոչարյանը առնվազն տասը տետ ա տետ զրույց են ունեցել՝ առանց միջնորդների։ Գաղտնազերծված փաստաթղթերը նշում են, որ նրանք այդ ընթացքում հակամարտության կարգավորման սեփական՝ տարածքների փոխանակման տարբերակն ու դրա մոդիֆիկացիաներն էին քննարկում։ Եվ եթե գործընթացի սկզբում բանակցություններից տեղյակ է եղել միայն ամերիկյան կողմը, ապա ամիսներ անց այս համաձայնությունը քննարկվել է արդեն Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների պաշտոնական հանդիպումներում։ 2000 թվականի մարտին, օրինակ, Միացյալ Նահանգների դիվանագետները՝ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի ղեկավարությամբ, հանդիպել են Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ժերար Էրրերայի հետ և ի թիվս այլ թեմաների քննարկել նաև այս հարցը (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Հատուկ հանձնարարություններով դեսպան Սթիվ Սեստանովիչը հորդորեց Մինսկի խմբի համանախագահներին ապրիլին Ժնևում հանդիպել համապատասխան միջազգային կառույցների հետ՝ կազմակերպելու առաքելություն, որը կգնահատի տարածաշրջանում մարդկանց վերաբնակեցման ու վերակառուցման կարիքները։ Սեստանովիչը նշեց, որ Քոչարյանն ակնհայտորեն ուզում է լուծել խնդիրը, ինչին ի պատասխան Էրրերան արձագանքեց՝ տվյալ գործարքը բխում է նրա շահերից, եթե հաշվի չառնենք Իրանի հետ կապի խնդիրը»։
Տարիներ առաջ, խոսելով այս թեմայի մասին, Ռոբերտ Քոչարյանը նաև պնդել էր՝ իր օրոք Թուրքիան այս պատմության մեջ չկար։
Փաստացի, սակայն, հակառակն է՝ Թուրքիան կար առաջին օրից։ 1992-ին հենց Անկարան է փակ դռների ետևում շրջանառել տարածքների փոխանակման գաղափարը։ Ավելին, Քոչարյանի նախագահության օրերին Անկարան տեղյակ է եղել ու կողքից հետևել է նրա ու Հեյդար Ալիևի տետ ա տետ բանակցություններին։ 1999-ին, օրինակ , Թուրքիայի նախագահը բաց տեքստով ասել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարին, որ կուլիսներում աշխատում է Հեյդար Ալիևի հետ ու խորհուրդներ տալիս (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Դեմիրելն ասաց ... մտավախություն ունի, որ դժվար կլինի երկու առաջնորդների համար նման համաձայնությունը վաճառել իրենց մայրաքաղաքներում, և որ ինքը խորհուրդ է տվել Ալիևին թույլ տալ, որ Մինսկի խումբը ներկայացնի երկու նախագահների առաջարկը, որպեսզի երկու խորհրդարաններն այն դիտարկեն որպես Մինսկի խմբի առաջարկ»։
Միացյալ Նահանգների հատուկ հանձնարարություններով դեսպան Սեստանովիչը 2000 թվականի գարնանը կարծիք էր հայտնել, թե Քոչարյանը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններին և կցանկանա առաջ գնալ Պուտինի ակնկալվող ընտրությունից հետո։
Հայաստանի երկրորդ նախագահը, սակայն, թե’ այդ օրերին, թե’ դրանից տարիներ անց հաստատակամորեն պնդում էր՝ ինքը ի սկզբանե և աներկբա մերժել է տարածքների փոխանակման գաղափարը։
«Խոսքը միայն կոմունիկացիաների մասին էր, երբեք չի եղել տարածքների փոխանակման տարբերակ սեղանին։ Քննարկվել է հետևյալ սկզբունքը, օրինակ՝ տարածքային փոխանակումը ընդունելի է՞։ Ասում ես՝ ոչ, դրանով կորցնում ենք ռազմավարական սահմանը Իրանի հետ։ Վերջ, սրանով ավարտվում է։ Հողերը հայկական հողերով ես չեմ փոխում», - ասել էր նա 2008 փետրվարի 16-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Միայն թե բաց է մնում՝ եթե նման հարց երբևէ սեղանին չէր եղել և չէր քննարկվել, ինչո՞ւ է հայկական կողմը հետո պատրվակներ փնտրել՝ մերժումը հիմնավորելու համար։ Իսկ որ եղել է նման խոսակցություն՝ 2000 թվականի փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Բերդեննիկովն է պատմել ամերիկյան կողմին՝ Բաքու և Երևան այցելելուց հետո (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Քոչարյանը նրան ասել է՝ եթե Դեմիրճյանն ու Սարգսյանը ողջ լինեին, նա կկարողանար առաջ տանել այդ համաձայնությունը, սակայն առանց նրանց դա անհնար է. այդ գործարքի դեմ քննադատությունն աճում է քաղաքական դաշտի աջ հատվածից ու նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքերից։ Բերդեննիկովը նաև ասաց՝ Քոչարյանն իրեն փոխանցել է, որ ինքը կկարողանար այս գործարքը գլուխ բերել, եթե ինչ-որ սահմանային կապ լիներ Իրանի հետ, հակառակ դեպքում ինքը կորած է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, Քոչարյանն ասաց, որ Թուրքիայի կողմից ցեղասպանությունը քննարկելու մերժումը կբերի որպես պատրվակ Բաքվի մոտ՝ համաձայնությունից հրաժարվելու համար»։
Նույն այդ օրերին, երբ համանախագահ երկրների բարձրաստիճան դիվանագետները Վաշինգտոնում, Փարիզում ու Մոսկվայում քննարկում էին՝ ինչու է Քոչարյանը ետ կանգնում սկզբնական պայմանավորվածություններից, Հայաստանի արտգործնախարարը Երևանում պնդում էր՝ «տարածքների փոխանակման առաջարկություն հնչել է, բայց Հայաստանի կողմից դա որևէ կերպ չի ընդունվել կամ արձանագրվել որպես սեղանի վրա եղող առաջարկ»։ Այս հայտարարությունից ուղիղ 25 տարի անց՝ այս տարեսկզբին, այդուամենայնիվ, Վարդան Օսկանյանն ընդունեց, որ հայկական կողմն ինչ-ինչ նկատառումներով աշխատել է այդ առաջարկի ուղղությամբ:
«Առաջարկությունը եղել է Ալիևի կողմից Ժնևի հանդիպման ժամանակ՝ 1999 թվականին։ Այդ օրը Քոչարյանն էր, ես էի, Վազգենն էր, բայց եղել է տետ ա տետ, ես ու Վազգենը չենք մասնակցել։ Քոչարյանը երբ այդ հանդիպումից դուրս եկավ, ասաց՝ Ալիևն այսպիսի առաջարկ է անում։ Մեր առաջին ռեակցիան էր՝ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տալ, ուշադրությունը դրա վրա դրվեց։ Այդ օրերին Քոչարյանից ու Վազգեն Սարգսյանից ես շատ հստակ հանձնարարություն ունեի որպես ԱԳ նախարար՝ առանց Հայաստանի տարածքից որևէ թիզ հող զիջելու փորձել օգտվել Ալիևի ցանկությունից՝ Ղարաբաղը տալու։ Եվ այդ գործընթացը մեզ տարավ այնտեղ, որ մենք Քի Վեսթում ունեցանք արդյունք», - պնդում է Օսկանյանը։
Քիվեսթյան տարբերակում, ըստ դիվանագետների վկայությունների, սեղանին եղել է արդեն Սադարակում ձեռք բերված համաձայնության փոփոխված տարբերակը, որով Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար ոչ թե Մեղրին, այլ՝ «ինքնիշխան միջանցքներ» պետք է ստանար։ Միջազգային ճգնաժամային խումբը պնդում է, թե 2005-ին Երևանում Հայաստանի իշխանություններն իրենց ցույց են տվել այդ համաձայնության ոչ պաշտոնական նախագիծը, որի երկրորդ հոդվածում նշվում էր՝ Ղարաբաղը պետք է տրվեր Հայաստանի ինքնիշխանությանը։ Սակայն գործնական արդյունք այս փաստաթուղթը չունեցավ. Հեյդար Ալիևը մինչև Քի Վեսթ մեկնելն էր Ամերիկայի դեսպանին ասել՝ գործարքին կհամաձայնի միայն մեկ դեպքում՝ եթե Նախիջևանն ամբողջությամբ միանա Ադրբեջանին (փաստաթուղթը տե՛ս այստեղ).
«Ադրբեջանի նախագահը պատմեց, որ Քոչարյանն առաջարկել է, թե կարող են տարբերակներ՝ որոշ վարիացիաներ լինել Մեղրիի փոխանցման հարցում։ Ալիևն արձագանքել է, թե ինքը չի կարող դիտարկել որևէ բան, որը չի երաշխավորում Ադրբեջանի վերամիավորումը Նախիջևանի հետ»։
Ի դեպ, մինչ այդ՝ 1997-ին, Միացյալ Նահանգներում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հայր Ալիևը պնդել էր, թե Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև ընկած՝ Սյունիքով անցնող 46 կիլոմետրանոց հատվածը վաղնջական ժամանակներից պատկանել է Ադրբեջանին։
«Խորհրդային Միությունը հիմնելուց հետո Ստալինը Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքից բաժանող այդ հատվածը որպես նվեր տվել է Հայաստանին։ Նրանք ուզում էին երկու մասի բաժանել Ադրբեջանը, ուստի Հայաստանին տվեցին այդ 46 կմ-անոց հողակտորը», - ասել էր նա։
2000-ականներին չհասնելով հաջողության՝ Բաքուն՝ Թուրքիայի աջակցությամբ, Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապվելու պահանջը վերականգնեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ հայկական կողմի դիրքերն ամենաթույլն էին բանակցային ողջ պատմության մեջ։
«Ամրագրվել է , որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պետք է կապվի Ադրբեջանի հետ։ Հաղորդակցության բոլոր ուղիների ու ճանապարհների բացմանը զուգահեռ նշվում է, որ պետք է ստեղծվի և կստեղծվի նոր տրանսպորտային ենթակառուցվածք։ Այդ կետը մտցվել է հայտարարության տեքստ իմ պնդմամբ, քանի որ այդ դրույթի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջև ուղիղ կապ չկա։ Բայց ես ուրախ եմ, որ իմ հետևողական պահանջներն ընդունվեցին», - 2020 նոյեմբերի 8-ին հայտարարեց Իլհամ Ալիևը, ով մինչև այսօր խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Թե ինչպես է Իլհամ Ալիևը հիմնավորել Ղարաբաղյան խնդրի հետ կապ չունեցող այս պահանջը 44-օրյա պատերազմն ավարտող փաստաթղթում, և թե դրանից առաջ ու հետո ինչ դռնփակ քննարկումներ են եղել այս թեմայով, հայտնի չէ։
Հայաստանի կառավարությունը, թեև փաստացի համաձայնել է Մինսկի խմբի լուծարմանը, սակայն դեռ չի գաղտնազերծել Ղարաբաղյան խնդրի շուրջ ավելի քան 30 տարի տեղի ունեցած բանակցությունները, միջնորդների ներկայացրած առաջարկներն ու հայկական կողմի պատասխանները։ 2024-ի դեկտեմբերին «Ազատության» հարցմանն ի պատասխան Կառավարությունից փոխանցել էին՝ այդ փաստաթղթերի գույքագրմամբ են դեռ զբաղված, առաջիկայում էլ պետք է քննարկեն՝ «նպատակահարմա՞ր է արդյոք դրանց գաղտնազերծումը, թե՞ ոչ»։ Մինչ այդ, նորանկախ Հայաստանի համար ճակատագրական բանակցությունների մասին ստիպված ենք տեղեկանալ օտար երկրների աղբյուրներից։ Պետդեպարտամենտը դիվանագիտական փաստաթղթերը գաղտնազերծում է Տեղեկատվության մասին օրենքով, ըստ որի՝ երկրի քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ՝ ինչի շուրջ, ինչ և ինչպես են իրենց պաշտոնյաները բանակցել փակ դռների ետևում։
Թե ինչ էին գաղտնազերծել փաստաթղթերը 1997-ի բանակցությունների մասին՝ տե՛ս այստեղ:
Հայաստանում ցանկանում են խստացնել ինքնաթիռների նախաթռիչքային ստուգումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) նոր չափանիշներով: ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման կարգում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկած համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների պաշտոնական կայքում։
Նշվում է, որ օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ (դիսպետչերական և նավիգացիոն ծառայությունների հատվածներ) նույնիսկ օդանավերի անձնակազմերի անդամները կարող են մտնել միայն վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է ապահովի, որ հատուկ հսկողության գոտիներ մուտք ունեցող քաղաքացիները պարբերաբար նախապատմության պարբերական ստուգում անցնեն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ավիաընկերությունները պետք է նաև հանձնաժողովին ներկայացնեն տեխնիկների և անձնակազմի անդամների նարկոլոգիական և հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար դատվածության բացակայության մասին վկայականներ:
Օդանավի նախաթռիչքային պատրաստության ժամանակ այն զննվում է համոզվելու համար, որ չկան կողմնակի անձինք, զենք, պայթուցիկ նյութեր և այլ վտանգավոր առարկաներ: Ստուգումն իրականացնում է ինքնաթիռի անձնակազմը։ Օտարերկրյա ավիաընկերությունների անձնակազմերը կարող են օդանավակայանի անվտանգության ծառայություններից օգնություն խնդրել։
Ինքնաթիռները նույնատիպ զննում պետք է անցնեն նաև այն դեպքում, եթե վայրէջքից անցել է ավելի քան 12 ժամ։
Ստուգման արձանագրությունները պետք է պահպանվեն առնվազն 24 ժամ կամ թռիչքի ամբողջ ընթացքում (եթե այն, վայրէջքներով հանդերձ, ավելի երկար է տևում):
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումների և առևտրային բեռների ստուգմանը, ապա օդանավակայանի ծառայությունները պետք է դրանց համար կիրառեն առկա ամենաժամանակակից տեխնոլոգիաները: Խորհուրդ է տրվում կիրառել բեռների ստուգման բազմաստիճան համակարգեր՝ ծրագրային ապահովմամբ հագեցած սկաներներով:
Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռին բախված ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռի երեք զինծառայողները բավական փորձառու են եղել, կրել են գիշերային տեսանելիության ակնոցներ և դեպքի պահին կատարում էին տարեկան ուսումնական առաքելությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը տեսաուղերձում ասել է, որ քննիչների հատուկ խումբն արդեն դեպքի վայրում է, և որ ինքը շուտով պատասխաններ է ակնկալում այն մասին, թե արդյոք ուղղաթիռը թռչում էր նշանակված օդային միջանցքում և ճիշտ բարձրության վրա՝ Վաշինգտոնում Ռեյգանի անվան օդանավակայանի մոտակայքում բախման պահին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան և ռուս գեղասահորդներ տեղափոխող American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Վաշինգտոնի Ռեյգան օդանավակայանի մոտ օդում բախվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռին։
Ենթադրվում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները մահացել են:
Ենթադրվում է, որ բոլոր ուղևորները մահացել են, երբ American Eagle Flight 5342 ինքնաթիռը, որում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, օդում բախվել է բանակային ուղղաթիռին՝ Վաշինգտոնի Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ, հայտնում է NBC News-ը։
Երկու ինքնաթիռներն էլ ընկել են Պոտոմակ գետը, որտեղ զանգվածային փրկարարական գործողություն է սկսվել, որի ընթացքում, վերջին տվյալներով, ջրից դուրս է բերվել առնվազն 28 դի։
Տարածաշրջանային ինքնաթիռը ժամանել է Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից, հայտնել է American Airlines-ի մայր ընկերությունը:
ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռում երեք մարդ է եղել, ասել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուսերը։
Ուղևորատար ինքնաթիռի ուղևորների թվում էին ամերիկացի գեղասահորդներ, մարզիչներ և նրանց ընտանիքները, ովքեր գտնվում էին Վիչիտա քաղաքում գտնվող գեղասահքի ճամբարում, հաղորդում է US News-ը:
Ռուսական պետական լրատվամիջոցները հաստատել են, որ ինքնաթիռում եղել են նաև ռուս գեղասահորդներ և մարզիչներ։
Այն դիվանագետները, որոնք մնացել են համակարգում ու այսօր առաջ են քաշում իշխանությունների՝ «Արցախն Ադրբեջան է» թեզն ու լուռ են, երբ Նիկոլ Փաշինյանն ուրանում է ցեղասպանությունը, ծառա են, ոչ թե համակարգի ծառայող։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել Դիվանագետների համահայկական խորհուրդի համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
«Լավ, դուք աբու՞ռ չունեք, ինչպե՞ս եք հարմարվել այս քաղաքականությանը», - հռետորական հարց է բարձրացրել նա ու հիշել, թե ինչ էին նրանցից շատերն ասում այս իշխանության հասցեին մասնավոր զրույցների ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ֆիլիպիններում մարդկային դեմքով խոճկոր է ծնվել։ Այս մասին հայտնում է MS News հրատարակությունը։
Ֆիլիպինցի Ալֆրեդո Կարդինաս կրտսերը պատմել է, որ խոզ է ծնվել, որը երեխայի տեսք ու ձայն ունի:
«Երբ տեսա դա, ես վախեցա։ Ես էլ ավելի ցնցվեցի, երբ լսեցի նրա ճիչը։ Նա լացում էր երեխայի պես»,- լրագրողներին ասել է Ալֆրեդո Կարդինաս կրտսերը։
Տեղի անասնաբույժ դոկտոր Մա Քրիստին Հոուփ Դեժադենի խոսքով՝ խոճկորը կարող է վաղաժամ ծնված լինել, կամ մայր խոզի մոտ հղիության ընթացքում շեղումներ են եղել: Բժիշկը հավելել է, որ սա հազվադեպ երևույթ է, քանի որ մյուս ձագերը չեն տուժել։ Անասնաբույժը հերքել է նաև այն ենթադրությունը, որ խոզին բեղմնավորել են մեկ այլ կենդանուց։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկամուտների հայտարարագրման ու բանկային գաղտնիքի պահով մի երկու բան գրեմ, որ պարզ լինի։ Փաստացի, տառացիորեն բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա։ Բայց ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է այդ գաղտնիքը։
Ստորև բերեմ Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որն ընդունվել է անցյալ տարվա մարտին ու հասարակությունը քնած է վերապրել այս պահը (մի բան էլ չհասկացա, Արլիսում այս փոփոխությունը չի ինկորպորացիա արված հրապարակված ՀՕ մեջ)։
Փաստացի երեք փուլ ա հիմա դարձել.
ա։ Հարկայինը բանկերից ստանում է տարվա սկզբի և ավարտի մարդու բանկային հաշիվների մնացորդը
բ։ Հետո, եթե հարցեր են առաջանում հարկայինի մոտ, ապա մարդ ծանուցվում է ու պետք է երեք օրվա ընթացքում արդեն հարկային մարմնին տրամադրի առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը
գ։ Եթե չի անում, դատարանի որոշումով է պարտադրվում տրամադրել քաղվածքը
Այսինքն, դե-յուրե բանկային գաղտնիքը կա։ Դե-ֆակտո, հարկայինը կարող է բոլորին ծանուցել ու երեք օրում բոլորից քաղվածքը ստանալ - արագացված և կամավոր կերպով:
Հիմա կոնկրետ օրենքի այս հատվածը.
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 78-րդ կետով.
«78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ»:
«Հոդված 350.1. Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացումը
1. Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:
2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը: Սույն մասով նախատեսված հարցումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծանուցելու դեպքում համարվում է ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը: Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված՝ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»
Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը խիստ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկու երկրների գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, այն ամուր հիմքերի վրա է և մեծ ներուժ ունի։
«ՀՀ-ն և Վրաստանը կարող են միասին հոգ տանել փոխադարձ, ազգային շահերի պաշտպանության համար, և Վրաստանը պատրաստ է իր լավագույն ջանքերը ձեռնարկել այս ուղղությամբ», հավելել է Կոբախիձեն՝ շեշտելով միմյանց ռազմավարական շահերի և տարածքային ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ.
«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։
Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։