«Լիդիանը» երկարացրել է Ամուլսարի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության ժամկետը՝ առանց նոր փորձաքննության

Մանրամասներ

1

ՀԵՏՔ-ը գրում է․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, երկարացրել է «Լիդիան  Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության ժամկետը Ամուլսարի հանքավայրի համար՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր փորձաքննության:

Ընդերքօգտագործման պայմանագրի նոր փոփոխությամբ, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին մինչև 2039 թվականի մարտի 25-ը՝ նախկին 2036թ. հունվարի 1-ի փոխարեն:

Շինարարական շրջան սահմանված 2021թ. հունիսի մեկը երկարացվել է մինչև 2024թ. օգոստոսի 26-ը:

«Լիդիան  Արմենիա» ՓԲԸ-ն, փաստորեն, առաջիններից էր, որն օգտվեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից, որը բնապահպանական և քաղհասարակության շրջանում լայն դժգոհությունների առիթ էր դարձել։

Հիշեցնենք, որ այս օրենքով ընկերությունները կարող են դիմել՝ օգտվելով հետադարձ ուժ ունենալու նոր դրույթից և առանց նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության՝ երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքը։ Փոփոխության 55․1 -րդ հոդվածով՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգումն անհաղթահարելի ուժի հիմքով, հետադարձ ուժով տարածվելու էր ավելի վաղ ընդերքօգտագործման իրավունք ստացած տնտեսվարողների վրա։

Համաձայն նոր փոփոխության՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը, որոնք չէին կարող կանխատեսվել, կանխարգելվել և որոնք անմիջական ազդեցություն ունեին ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ։

Անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքների ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով։

Մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված էր, որ «փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Հիշեցնենք, որ այս օրենքը ևս փոփոխման ճանապարհին է, և ընթանում են հանրային քննարկումներ։

«Լիդիան  Արմենիա» ՓԲԸ-ն, համաձայն այս տարվա փետրվարի ներկայացրած իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի, բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացրել։ Այստեղ էլ ընկերությունն օգտվել է մինչև 10 տոկոս մասնակցության չափ ունենալու դեպքում բաժնեմասը չհայտարարագրելու օրենքի հնարավորությունից։ Համաձայն վերջին հայտարարգրի՝ բացի տնօրեն Հայկ Ալոյանից, որպես իրական շահառու ցուցակագրված է 1987թ․ ծնված Մայքլ Դեյվիդ Սենյոր Սպենսեռը (Michael David Saynor Spenser)։ Վերջինս Կանադայի քաղաքացի է, բերմուդյան օֆշորում գրանցված Osisko Bermuda Limited-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Ըստ հայտարարագրի՝ «Լիդիանի» նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող «Լիդիան Կանադա Վենչրս Քրոփ․»-ի ոչ գործադիր տնօրենն է։

Իրական շահառու ցուցակագրված է նաև Ջեֆֆրեյ Էդմունդ Քոուչը (Jeffrey Edmund Couch)` 1969թ․-ին ծնված Միացյալ Թագավորության քաղաքացի։ Վերջինս ներկայացնում է «Օրայն ռիսորս փարթներս» բրիտանական ընկերությունը։ Վերջինս «Լիդիանի» նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող «Լիդիան Կանադա Վենչրս Քրոփ․»-ի տնօրենների խորհրդի անդամ է և «11910728 Կանադա Ինք․»-ի տնօրեն և բաժնետիրոջ ներկայացուցիչ։

Որպես 4-րդ իրական սեփականատեր հանդես է գալիս 1963թ․ ծնված Վիկտոր Ֆլորեսը (Victor Flores), ով Միացյալ Նահանգների քաղաքացի է և նույնպես «Լիդիան Կանադա Վենչրս Քրոփ․»-ի տնօրենների խորհրդի անդամ ու «11910728 Կանադա Ինք․»-ի տնօրեն և բաժնետիրոջ ներկայացուցիչ։

ՀԵՏՔ