Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին (ԵՆԱԲ) անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։
Բանկին ՀՀ անդամակցության գործընթացի հետ կապված բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականից։
Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է։
2017թ․ Հայաստանը դիմում-հայտ է ներկայացրել Բանկին, որով Հայաստանի անդամակցությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ։
Բանկի վճարվող կապիտալի համար 58-րդ հոդվածին համապատասխան` անդամ դարձող՝ համաձայնագրի յուրաքանչյուր ստորագրող կողմից ի սկզբանե բաժանորդագրությամբ նախատեսված գումարի վճարումը կատարվում է հինգ (5) մասով՝ յուրաքանչյուր անգամ այդ գումարի քսան (20) տոկոսի չափով՝ բացառությամբ նշյալ հոդվածի 5-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի։
Առաջին մասը յուրաքանչյուր անդամի կողմից վճարվում է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն իր անունից 58-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան ի պահ հանձնելու օրը կամ դրանից առաջ՝ ելնելով այն հանգամանքից, թե որն է ավելի ուշ։ Երկրորդ մասը ենթակա է վճարման սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ (1) տարի հետո։ Մնացած երեք (3) մասերը ենթակա են վճարման հաջորդաբար նախորդ մասը վճարելու օրվանից մեկ (1) տարի հետո։
Բանկին անդամակցելը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից։ Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով` Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար:
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ և ներգրավելով պետական և մասնավոր կապիտալի ներդրում:
Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից։
Նշենք, որ Հայաստանը ցանկանում էԲանկին միանալ հետևյալ վերապահումով․ «Հիմք ընդունելով Համաձայնագրի 51-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից ստացվող եկամուտները հարկելու»:
0Comments