ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը խոր անհանգստություն է հայտնել թուրք-հունական սահմանին մոտ 100 մերկ տղամարդու հայտնաբերման առնչությամբ: Ինչպես գրում է Greek City Times-ը, խոսքը 92 ներգաղթյալի մասին է: Հունաստանը կատարվածի պատասխանատվությունը դրել է Թուքրիայի վրա՝ այդ երկրի պահվածքը որակելով «ամոթ քաղաքակրթության» համար: Մինչդեռ Թուրքիան, իր հերթին, մեղադրել է Հունաստանին:
Քանի որ երկու կողմերն էլ մեղադրում են իրար, ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը պահանջել է հետաքննություն անցկացնել՝ նշելով, որ «չափազանց անհանգստացած է սարսափելի պատմություններով և լուսանկարներով»: 92 տղամարդիկ, որոնցից մի քանիսը վնասվածքներով են եղել, հայտնաբերվել են ուրբաթ երեկոյան Թուրքիայի հետ Հունաստանի հյուսիսային սահմանի մոտ: Հունաստանի իշխանությունները պնդում են, որ փրկել են տղամարդկանց:
Ըստ հունական կողմի՝ ապացույցները վկայում են, որ փախստականները Հունաստանի տարածք են մտել՝ Թուրքիայից ռետինե նավով անցնելով Էվրոս գետը: Հայտարարության մեջ ասվում է, որ «սահմանապահ ոստիկանները հայտնաբերել են 92 անօրինական փախստականի՝ առանց հագուստի, նրանցից մի քանիսի մարմիններին կապտուկներ են եղել»։ Հույն պաշտոնյաները հայտնել են, որ տղամարդիկ անմիջապես ստացել են առաջին օգնություն, հագուստ և սնունդ։
Տղամարդկանց բացակայող հագուստը առեղծված է. հայտնի չէ, թե ինչպես և ինչու է դա տեղի ունեցել:Ըստ տվյալների՝ տղամարդիկ հիմնականում Սիրիայից և Աֆղանստանից են: Հունաստանի հանրային պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը մեղադրել է Թուրքիային «ապօրինի ներգաղթը գործիքավորելու» համար։ Հունական հեռուստատեսության հետ զրույցում նա պնդել է, որ փախստականների մեծ մասն ասել է, որ «թուրքական բանակի երեք բեռնատարներ տեղափոխել են իրենց» գետը, որը ծառայում է որպես երկու ազգերի միջև սահման:
Թուրքիայի վերաբերմունքը փախստականների նկատմամբ «ամոթ է քաղաքակրթության համար», ասել է Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին։
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Ֆահրեթթին Ալթունը սոցցանցերում ասել է, որ «կեղծ լուրերի հունական մեքենան վերադարձել է գործի»։ Նա պնդել է, որ Հունաստանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում փախստականների նկատմամբ:
Թուրք-հունական սահմանին շուրջ 100 մերկ փախստականի հայտնաբերման դեպքի առնչությամբ ՄԱԿ-ը հետաքննություն է պահանջել
Մանրամասներ
0Comments