Ուկրաինան բեկել է պատերազմի ընթացքը և դիմակայում է ռուսական ուժերին, որոնք հյուծված վիճակում են, Լրագրի փոխանցմամբ՝ ասել է Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի (GCHQ) ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը։
BBC-ն հատվածներ է հրապարակել հատուկ ծառայության ղեկավարի առաջիկա ելույթից։
Ըստ GCHQ-ի՝ չնայած նախօրեին Ուկրաինայի տարածքի վրա տեղի ունեցած զանգվածային հրթիռակոծություններին, ռուս զինվորականների զինամթերքը սպառվում է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումները սխալ դուրս եկան։
Ուկրաինայում պատերազմի վրա Ռուսաստանի ծախսերը մարդկանց և տեխնիկայի առումով ապշեցուցիչ են, բայց պատերազմի առաջին ամիսներին ռուսական զորքերի բոլոր հաջողություններն այժմ զրոյացված են, ասվում է Ֆլեմինգի հայտարարության մեջ:
«Մենք գիտենք, և տեղում ռուս հրամանատարները գիտեն, որ իրենց պաշարներն ու զինամթերքը սպառվում են», – ասել է GCHQ-ի ղեկավարը։ «Արդյունավետ ներքին հակազդման բացակայության պայմաններում Վլադիմիր Պուտինի որոշումները սխալ դուրս եկան։ Սա բարձր խաղադրույքների ռազմավարություն է, որը հանգեցնում է ռազմավարական սխալների»:
Թե որքան է Պուտինը սխալվել իրավիճակը գնահատելիս, դա տեսնում են նաև ՌԴ քաղաքացիները, հայտնում են հատուկ ծառայությունից։
0Comments