ՄԱԿ-ը ապացույցներ ունի, որ ռուսական կողմը Ուկրաինայում կասետային զինամթերք է օգտագործել

Մանրամասներ
ա

ՄԱԿ-ը ապացույցներ ունի Ուկրաինայի տարածքում ռուս զինվորականների կողմից կասետային զինամթերք օգտագործելու մասին։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Լիզ Թրոսել, փոխանցում է Украинская правда-ն:

«Մենք վստահելի աղբյուրներից հաղորդումներ ենք ստացել ռուսական ուժերի կողմից կասետային զինամթերքի կիրառման մի քանի դեպքերի մասին, այդ թվում՝ բնակեցված վայրերում: Կասետային զինամթերքով գնդակոծություններ են եղել նաև Խարկովի մի քանի թաղամասերում, ինչի հետեւանքով ինը խաղաղ բնակիչ է զոհվել, 37-ը՝ վիրավորվել: Կասետային զինամթերքի օգտագործումը բնակեցված վայրերում անհամատեղելի է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին, որոնք կարգավորում են ռազմական գործողությունների անցկացումը»,- նշել է Լիզ Թրոսելը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։