«Օֆշորների թագավորը» նաեւ պարտապան է. «Ժողովուրդ»

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, մեր տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Օֆշորների թագավորը», պարզվում է, նաեւ պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:

Մեզ հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաեւ «Հիքսոս» եւ «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է:

«Պանամայի տիրակալ» արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ:

Մենք տեղեկացրել ենք, որ նրա «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռեւս մարտին է սնանկ ճանաչվել: Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման հետեւանքով փախուստի մեջ է եւ գտնվում է ՌԴ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում