ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը Facebook-ում գրառում էր կատարել, որտեղ նա նշում է, թե իբր համացանցից հեռացվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը։
Պարոն Ղազարյանին պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը նա հեշտությամբ կարող էր գտնել համացանցում՝ ուղղակի որոնման բաժնում փնտրելով նախարարության անվանումը, խնդրեմ՝ http://www.minsportyouth.am/։ Ավելին, պարոն Ղազարյանը կարող է կայքում գտնել օրինակ 2015թ․ տեղադրված իր ուղերձները (լուսանկարը՝ ստորև): Միավորվել են միայն նախարարությունների Facebook-յան էջերը՝ այդ էջերի հետևորդներին չմոլորեցնելու և համակարգված աշխատանքի նպատակով։ Սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները նաև արտացոլվում են պաշտոնական կայքերում, այնպես որ, այս առումով, որևէ պատմություն չի կարող կորել։
Մինչև նոր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միասնական կայքի ստեղծումը, նախկին նախարարությունների կայքերի անվանումը փոփոխվել է՝ համապատասխանեցվելով ներկայիս իրողություններին, իսկ նոր կայքի պատրաստ լինելուն պես թե՛ ՀՀ կրթության և գիտության նախարարության, թե՛ ՀՀ մշակույթի նախարարության, և թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կայքերը մնալու են որպես արխիվային տարբերակներ։
Միևնույն ժամանակ, հարգելի պարոն Ղազարյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մեր մարզիկները փայլուն հաղթանակներ են գրանցել Եվրոպական խաղերում, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, առավել ուրախ կլինեի նախկին նախարարի էջում տեսնել այս կապակցությամբ շնորհավորանքներ:
Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մարզիկներին գրանցած հաղթանակների կապակցությամբ, մենք հպարտանում ենք ձեզանով։
ԿԳՄՍՆ խոսնակ Անժելա Կժդրյան
0Comments