Բոլթոնը ժամանել է Մինսկ՝ Բելառուսի նախագահի և արտգործնախարարի հետ բանակցությունների համար

Ինչպես հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից, Բոլթոնի հետ բանակցությունների ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մինսկ, որտեղ հանդիպում է ունենալու այդ երկրի նախագահի և արտգործնախարարի հետ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Մինսկում ԱՄՆ դեսպանատունը:

«Մենք ուրախ ենք ողջունել ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, որը ժամանել է տարածաշրջանային անվտանգությանն ու դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով»,- նշվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: 

Ինչպես հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից, Բոլթոնի հետ բանակցությունների ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Բոլթոնը դարձել է ԱՄՆ իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը, որ Բելառուս է այցելել վերջին 20 տարում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: