ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը գտնվում է Ծաղկաձորում թալանված չէ, եւ աղբավայրի վերածվելու վտանգ չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, նշելով, որ մամուլում տարածված այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում.
«Հյուրանոցը դեռեւս պատկանում է Ավետիսյանների ընտանիքին։ Մենք արդեն շրջանառում ենք Կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի որպես նվեր։ Քանի որ սեփականատերը Ավետիսյաններն են, նրանք են որոշել, որ իրենց դեպքում ավելի նպատակահարմար է, որ չգործի հյուրանոցը»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
0Comments