Ռաուլ. Կարծում եմ՝ մինչև ծնվելս էլ ֆուտբոլ եմ խաղացել

Շատ էի ցանկանում ֆուտբոլիստ դառնալ, և ինձ ամենատաղանդավորը չէի համարում

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է մանուկ հասակից ֆուտբոլի նկատմամբ ունեցած կրքի մասին:

«Կարծում եմ՝ մինչև ծնվելս էլ ֆուտբոլ եմ խաղացել: Մանկությունս անցել է Սան-Կրիստոբալեում: Այն ժամանակ չունեինք ֆուտբոլային դպրոցներ, տղաները խաղում էին այգիներում, փողոցներում:

Մենք խաղում էինք բոլոր հնարավոր վայրերում. դա, ասես, այլ աշխարհ լիներ:

Տանն էլ միշտ ֆուտբոլ էինք դիտում: Մինչև 11 տարեկանս ֆուտբոլային կրթություն ստացել եմ ընկերներիս հետ խաղալու արդյունքում: Երբ ոչ ոքի հետ չէի խաղում, սկսում էի պատին հարվածել: Պատն իմ լավագույն ընկերն էր: Եթե լավ էի հարվածում, գնդակը վերադառնում էր ինձ մոտ, իսկ եթե հարվածը վատն էր՝ ստիպված էի լինում վազել դրա հետևից:

Շատ էի ցանկանում ֆուտբոլիստ դառնալ, և ինձ ամենատաղանդավորը չէի համարում: Ֆուտբոլում միայն տաղանդը չի օգնի, պետք է շատ ուժեղ կիրք ունենաս: Երջանիկ եմ, որ կարողացել եմ իրականացնել երազանքներս: Այժմ ցանկանում եմ իմ օրինակով ոգեշնչել տղաներին և աղջիկներին, որպեսզի պայքարեն և հասնեն իրենց երազանքներին»,- ասել է Ռաուլը: