Մայիսի 25-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի անունից հանդես եկող մի խումբ երիտասարդներ հանրահավաք էին կազմակերպել, ինչպես իրենք են ասում, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի: Հանրահավաքի ընթացքում հնչեցին բազմաթիվ սպառնալիքներ` ուղղված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և արցախցիներին: Թե ինչ նպատակով էր կազմակերպված այդ ներազգային թշնամանք հարուցող հավաքը, իրավապահների պարզելու հարցն է:
Հանրահավաքը ցնծություն առաջացրեց ադրբեջանական մամուլում։ Haqqin.az լրատվականում տեղ գտավ «Պատերազմ Երևանի և Ղարաբաղի միջև» վերնագրով հոդվածը, որում մասնավորապես նշված է. «Երևանյան նոր Էլիտայի՝ ի դեմս Փաշինյանի կառավարության, և Ղարաբաղյան կլանի առաջնորդի միջև տարաձայնություններն ու դիմակայություններն օրեցօր խորանում են»:
Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն օգտագործում է ներհայաստանյան տարաձայնությունները և հատկապես Արցախի իշխանությունների դեմ ուղղված սլանքերը իր քաղաքական օրակարգը միջազգային հարթակներում առաջ տանելու համար։
Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ու աջակիցները հերքեցին իրենց կապը հանրահավաքի և այն կազմակերպած անձանց հետ, այնուամենայնիվ, antifake.am պարզել է հանրահավաքի կազմակերպչի և իշխող ուժի միջև կապը։
Ուստի՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է սանձի իր կողմնակիցների` ներազգային թշնամանք առաջացնող արկածախնդրությունները, կա՛մ ստանձնի իրավիճակի և դրա առաջացրած հետևանքների ողջ պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի կազմակերպչին, որը բռնության կոչեր էր հնչեցրել, ոստիկանությունը հաջորդ օրը բերման էր ենթարկել և կարճ ժամանակ անց ազատ արձակել:
0Comments