Ամռանը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ: Արդեն տասնվեց տարի է՝ Հայաստան են ժամանում կինոսերները, ռեժիսորները, պրոդյուսերները՝ մասնակից լինելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բանախոսները ներկայացրին այս տարվա փոփոխությունները, ինչպես նաև «Ոսկե ծիրանի» ընթացակարգը:
«Այս տարի մի փոքր խախտել ենք ավանդույթը։ Դեկտեմբերից նշել էինք, որ հնարավոր է՝ փառատոնը մի փոքր փոփոխություն կրի: Մենք այսօր ներկայացնում ենք փառատոնի նոր լոգոն: Երբ աշխատանքները սկսեցինք, հասկացանք, որ նոր գաղափարները պետք է արտահայտենք նոր լոգոյով»,- նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։
Նոր տարբերանշանի դիզայները Վիլյամ Կարապետյանն է, ում հետ մոտ երեք ամիս աշխատել են վերջնական տարբերակը ստանալու համար: Հասմիկը նշում է, որ մինչև փառատոնն այն արդեն ավարտուն տեսք կունենա:
«Ինչպես գիտեք, ապրիլի 15-ին փակվեց ֆիլմերի հայտերի ընդունումը: Մենք այս տարի ստացել ենք 740 ֆիլմի հայտ: Այդ ֆիլմերի մի մասը տեղ կգտնի փառատոնի շրջանակներում։ Այս տարի ներկայացված են լինելու վավերագրական, ինչպես նաև խաղարկային ֆիլմեր»:
0Comments