Եթե որոշենք 10 տոկոսով կամ 4000 դրամով ՀՀ–ում կենսաթոշակները բարձրացվեն, դա տարեկան կկազմի մոտավորապես 24 մլրդ դրամ։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա իր հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անդրադառնալով նվազագույն կենսաթոշակների ու աշխատավարձեր բարձրացման խնդրին և հետաքրքրվելով` երբ են նախատեսվում համապատասխան հաշվարկներն այս ուղղությամբ։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում թոշակն ավելացնել, քանի որ չգիտի` ո՞ր ծախսը կրճատի։
«Պետական ամբողջ համակարգին աշխատավարձից զրկենք, ինչքան պետական պաշտոնյա կա՝ ձախ ձեռքն էլ կտրենք, դրանից իրադրությունը չի փոխվի։ Ամբողջ պետական համակարգը, եթե աշխատավարձ չստանա, սենյակ էլ չտանք, հոսանք էլ չմիացնենք կաբինետում, այդ շենքը պատուհաններ չունենան, աթոռ էլ տակից հանենք, մենք մարդկանց թոշակը կարող ենք բարձրացնել ամիսը 9 հազար դրամով, սակայն ոչ մի թոշակառու էլ թոշակ չի ստանա, քանի որ այդ պաշտոնյաներն են լավ, թե վատ փողը հավաքում պետական բյուջե ու այն բաշխում 500 հազար մարդու մեջ»,– հայտարարեց նա։
Ըստ վարչապետի` եթե ՀՀ որևէ քաղաքացի ունի կենսամակարդակի խնդիր, ապա պետք է հետ գնա ու հասկանա, թե իր կրթության ո՞ր փուլում է այդ խնդիրն առաջացել։ Նրա դիտարկումներով` դա առաջացել է դպրոցում և, ընդհանրապես, մեր բոլոր պրոբլեմները կապված են կրթության հետ։
Հիշեցնենք՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 36 000 դրամ է, նվազագույն աշխատանքային կենսաթոշակը՝ 24 000 դրամ։
0Comments