Թեթև տարեք. ՀՀ նախկին նախագահների ներկայացուցիչները արձագանքել են Փաշինյանի ելույթին

Մանրամասներ
նիկոլ

ՀՀ նախկին նախագահների ներկայացուցիչները պատասխանել են Նիկոլ Փաշինյանին, որն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կարող է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանավեճի ընթացքում նախագահներին «պատերով տալ»։

Նշենք, որ մարտի 26-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին նախագահներն իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթում են իր վզին։ Վստահեցրեց` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային բովանդակությունից չի եղել որևէ գործողություն, որ հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Նա հերթական անգամ Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրավիրեց բանավեճի ու ագրեսիվ տոնով «պատերով կտամ», «ոտի տակ կտամ» և «ըտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանեն» արտահայտություններն արեց։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունները հիստերիա է անվանել ու արձագանքել է Սերժ Սարգսյանի ասած արտահայտություններից մեկով. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ ընդգծել է, որ Փաշինյանն ընդունակ է ցանկացած քայլի` միայն թե չհրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները և ՀՀ պաշտոնական պատասխանները։

«Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը: Թեթև տարեք, դա հին պատուհասական ադաթ ա»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մուսինյանը: