ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այս հարցի շուրջ պարզաբանում ներկայացրեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե, օրինակ, 4–հոգանոց ընտանիքը, ստանալով 80 000 դրամ, ինչպես պետք է կարողանա վճարել բնակվարձը։
Նարեկ Մկրտչյանը պատասխանեց` ի սկզբանե հայտարարվել է, որ ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են։
«Երբ մենք նրանց անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց բնակարանների վարձավճարների և կեցության համար նախատեսված աջակցության ծրագրերից, ապա արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որ մարդիկ արագ և ինտենսիվ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Կոնկրետ 4– հոգանոց ընտանիքների բնակարանային ապահովման հետ կապված մենք առաջարկում ենք մինչև 20 000 000 դրամ աջակցություն։ ՀՀ 400-ից ավելի համայնքում կա ցանկ, թե որտեղ կարող են նրանք բնակարան ձեռք բերել ու մենք այդ մասով շարունակական ծրագրեր ենք իրականացնում»,– նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` աջակցությունը նվազեցնելով` ՀՀ կառավարությունը միտում ունի այնպես անել, որպեսզի տեղահանված արցախցները գնան և դառնան բնակարանային ապահովման աջակցության շահառու։
Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք ակտիվ աշխատում են բռնի տեղահանվածների հետ, որպեսզի նրանց ուղղորդեն դեպի աշխատանք։
«Շուրջ 25 000 մարդ արդեն աշխատում է ու նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում։ Պետք է թիրախային աշխատել»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին տասնյակ արցախցիներ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում` ընդգծելով, որ տեղահանումից ի վեր իրենք որևէ աջակցությունից չեն օգտվել` ո՛չ 40 000+10 000 դրամներից, ո՛չ էլ միանվագ 100 հազար դրամից։
0Comments