Ռուսական ընկերությունը Երևանում ներկայացրել է շինարարության ողջ ընթացքը վերահսկող ծրագիր

Մանրամասներ
նորակառույց շինարարություն

Շինարարական գործընթացների վերահսկումը կարող է զգալիորեն արագացվել մասնագիտացված ծրագրային ապահովման (ԾԱ) միջոցով: Այս մասին Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կազմակերպած հայ-ռուսական շինարարական համաժողովի շրջանակներում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի «Օսմոկոդ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Օնիշչուկը։

Представители российской ИТ-копмании Осмокод Алексей Онищук и Юлия Эльшина - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2025

Նրա խոսքով՝ ծրագրային ապահովումը թույլ է տալիս շինարարական գործընթացի գրեթե բոլոր փուլերում՝ նախագծահետազոտական տվյալներից և 3D մոդելներից մինչև շինհրապարակում աշխատանքների անմիջական կատարումը, պահպանել և մշակել տեղեկատվություն:

«Ամբողջ տեղեկատվությունը կուտակվում է մեկ համակարգում։ Օրինակ` օրվա վերջում աշխղեկը տեղեկատվություն է մուտքագրում կատարված աշխատանքի մասին՝ ցույց տալով լցված բետոնի ծավալը և կցելով հաստատող փաստաթղթեր։ Տարբեր տեղամասերի տվյալներն ավտոմատ կերպով ամփոփվում են և հասանելի են դառնում նախագծի ղեկավարներին, որոնք ցանկացած պահի կարող են լիարժեք պատկերացում կազմել շինարարության ընթացքի մասին», - պարզաբանեց Օնիշչուկը։

Նա հավելեց, որ ներկայում ընկերությունը մի շարք գործընկերների հետ քննարկում է շինարարական օբյեկտներում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունների ավտոմատ մեկնաբանման հնարավորությունը:

Նման ծրագրային ապահովման օգտագործումը դյուրացնում է նաև տեսչական մարմինների աշխատանքը. համակարգը թույլ է տալիս արձանագրել շինհրապարակներում տեղի ունեցող խախտումները, վերլուծել դրանց հաճախականությունը և կախված վերհանված խախտումների բնույթից` ձեռնարկել համապատասխան միջոցներ:

«Օսմոկոդ» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ուսումնական հաստատությունների` օրինակ՝ Մոսկվայի պետական շինարարական համալսարանի, այլ բուհերի և քոլեջների, այդ թվում` Լիպեցկի շինարարականի հետ: Ծրագրային ապահովումը նախատեսված է ոչ միայն ապագա ինժեներների ու ճարտարապետների, այլև շինարարական ուղղությունների ուսանողների համար։