Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները վրան են տեղադրել Երևանի Ազատության հրապարակում` ծրագրելով այդտեղից համակարգել խմբի աշխատանքները։
Ինչպես հայտնել ենք, Երևանի Ազատության հրապարակում այսօր մեծ հանրահավաք անցկացվեց ի պաշտպանություն արցախցիների իրավունքների պաշտպանության։Հանրահավաքի օրակարգային հիմնական հարցերն էին Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիները պահանջում են վերանայել ապրիլի 1-ից «40.000+10.000 դրամ» սոցիալական աջակցությունը դադարեցնելու որոշումը։
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտարարեց, որ կառավարությունը 2 շաբաթ ժամանակ ունի իր որոշումները փոխելու համար, այլապես կանցնեն ավելի մեծ գործողությունների:
Հավելենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները փորձեցին նաև երկրորդ վրանը տեղադրել, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները թույլ չտվեցին, ասելով, որ նրանց արտոնված է տեղադրել միայն մեկ վրան։
0Comments