168.am-ը գրել է, որ մարտի 27-ին Իլհամ Ալիևն այցելել է Ակնայի՝ Աղդամի շրջան և տեղի գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում այս ուղղությամբ ակտիվ ռազմական օպերացիաներ չեն վարել:
«Որովհետև հակառակորդը կառուցել էր հզոր ամրություններ, և շուրջն ամբողջովին ականապատված էր: Եվ մենք սկսել ենք Աղդամի ուղղությամբ շարժվել միայն Հադրութի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Շուշիի «ազատագրումից» հետո (չակերտները՝ Մ.Պ.)»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Աղդամի շրջանն Ադրբեջանին է վերադարձվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Բայց ինչպես ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, Ալիևն Աղդամի շրջանում նաև մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել, ավելի ճիշտ՝ գրեթե կրկնել մեկ առիթով արված խոստովանությունը:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջանները վերադարձվել են առանց մեկ կրակոցի: Մենք, ամեն դեպքում, դրանք «կազատագրեինք», բայց պատերազմի շարունակման դեպքում շատ զոհեր կլինեին: Դրա համար էլ մենք ժամանակին կանգնեցրինք պատերազմը, բայց մեր քաղաքականությունից հետքայլ չարեցինք»,- նշել է նա:
Հավելենք, որ 2024 թվականի հունվարին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր, որ 44-օրյա պատերազմի երկարաձգման դեպքում Քելբաջարի՝ Քարվաճառի և Լաչինի՝ Քաշաթաղի շրջանները ձմեռային եղանակային պայմաններում շատ բարդ էր լինելու «ազատագրել»:
«Մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս լավ գիտեինք սա։ Անգամ հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են՝ որքան բարդ է այնտեղ ռելիեֆը»,- շեշտել էր Ալիևը:
Հավելենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Քարվաճառի հատվածում հայկական բանակը ոչ մի սանտիմետր տարածք, դիրք չի կորցրել, իսկ Ադրբեջանը բավականին մեծ կորուստներ է տվել:
Եվ այստեղ լուրջ դերակատարում է ունեցել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսը, որի հրամանատարն այդ ժամանակ գեներալ Արայիկ Հարությունյանն էր, ով անցնում է 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումների գործով: Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես գրել էինք, 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ակամա խոստովանել էր՝ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:
Այս համատեքստում նշենք, որ 168.am-ը նաև հոդված էր հրապարակել՝ «Ինչո՞ւ Դավիթ Տոնոյանը հեռացավ 2020թ. նոյեմբերի 20-ին. դրանից 3 օր առաջ նա 2-րդ բանակային կորպուսում էր, ի՞նչ կապ ուներ Քարվաճառի ուղղությունը»:
Իսկ 2024 թվականի հունվարին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը մի շատ ուշագրավ հայտարարություն էր արել՝ «նոյեմբերի 8-ին ես չէի կարող հստակ ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью):
Եվ հիմա Ալիևը նաև հստակ խոստովանում է, որ 44-օրյա պատերազմի ավարտը նոյեմբերի 9-ին ձեռնտու էր նաև իրենց, այսինքն՝ այն շարունակելը բարդ էր լինելու նաև Ադրբեջանի համար: Այն, որ հրադադարը ձեռնտու է եղել երկու կողմին էլ, դա փաստ է: Խնդիրն այլ է՝ պատերազմի արդյունքներով և հրադադարի արդյունքում կողմերից ով է ավելի շատ շահում: Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչո՞ւ հայկական կողմը համաձայնեց հրադադար կնքել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, և ոչ ավելի վաղ:
Ի դեպ, տարածքային շատ կորուստներ ունեցել ենք 44-օրյայի ընթացքում ժամանակավոր և ձախողված հրադադարի մասին հայտարարությունների ֆոնին կամ ժամանակ: Սա առանձին քննարկման թեմա է:
Իսկ Ալիևի հայտարարության տրամաբանության մեջ, թե «պատերազմի շարունակման դեպքում շատ զոհեր կլինեին, դրա համար էլ մենք ժամանակին կանգնեցրինք պատերազմը», կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարը հայկական բանակի ուժերը բավականին բարձր է գնահատել նույնիսկ տարածքային լուրջ կորուստների պարագայում:
Գուցե Ալիևն ավելի լավ գիտի՝ ինչո՞ւ է պարտվել հայկական կողմը, եթե հաշվի առնենք փետրվարին Փաշինյանին պատերազմական գործելաոճին անուղղակի տված քաղաքական գնահատականը և այն, որ բուն մարտական գործողությունների արդյունքում ավելի քիչ տարածք ենք կորցրել, երբ եղել է դիմադրություն, քան դրանից հետո։
Եվ այս ամենը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ բանակի գործողություններին պատերազմի ժամանակ պետք է առանձին, ռազմական գնահատական տրվի, և ոչ թե քաղաքական, այն էլ՝ ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:
Ի վերջո, պատերազմը վարում է պետությունը, զինված ուժերը՝ ռազմական գործողությունները, այսինքն՝ պետք է գնահատական տրվի՝ ինչպե՞ս է պետությունը վարել պատերազմը, ինչպե՞ս զինված ուժերը՝ ռազմական գործողությունները, և ըստ այդմ՝որոշել պատասխանատվության չափը, սխալները, արվածն ու չարվածը:
0Comments