Ես Նազենի Ղարիբյանից առաջարկ չեմ ստացել

Իսկ մաեստրո Օրբելյանի հետ ճիշտ չեն խոսել, դա պետք է ուղղվի

Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չեմ ստացել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:

«Ես նույնիսկ ասել եմ, որ պետք է Օրբելյանի հետ խոսել, հասկանալ: Թղթաբանությամբ մի քիչ սխալ է մեծ արտիստի հետ խոսելը: Ինքը պետք է Հայաստանին եւ հայ մշակույթին»,-ասաց նա:

Հարցին, թե կցանկանա՞ր օպերայի թատրոնի տնօրեն լինել, կարո՞ղ է լինել տնօրեն, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Կարողը կարող եմ, բայց շատ հարցեր կան: Ես արդեն երեկ գրառում եմ արել, որ ճիշտ վերաբերմունք չի եղել, ճիշտ չեն խոսել մաեստրո Օրբելյանի հետ: Պետք է ուղղվի այդ վերաբերմունքը: Ես Նազենի Ղարիբյանի կողմից առաջարկ չեմ ստացել: Առաջարկ եղել է արտիստների մի մասի կողմից»:

Դիտարկմանը, թե Նազենի Ղարիբյանն է հայտարարել, որ Արմեն Սարգսյանի թեկնածուներից մեկն է, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ նախարարությունում ով է առաջարկել: Ես այլ թատրոնի տնօրենի առաջարկ եմ ստացել նոյեմբերին: Քանի որ արտիստների մեծ մասի հետ մտերիմ եմ, չեմ վախենում այստեղ գալ եւ հետին մտքեր չկան»:

Նշենք, որ այս պահին մշակույթի գործիչները հանդիպում են անցկացնում կառավարությունում, ամենայն հավանականությամվ վարչապետ Նիկոլ Փաշինյւանի հետ:

Հիշեցնենք, որ օրերս Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով միայն գեղարվեստական ղեկավար: Ինքը՝ Օրբելյանը հայտարարել է, որ այդ դեպքում ընդհանրապես կհեռանա թատրոնից:

Բացի այդ, նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը:

Նամակի տակ ստորագրել են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները:

Նազենի Ղարիբյանն իր հերթին, հայտարարել է, որ Օպերայի եւ բալետի թատրոնի նոր տնօրենի մասին կհայտարարվի ապրիլի 1-ին: