Ջուդ Լոուն «Կրեմլի կախարդը» նոր ֆիլմում կմարմնավորի Վլադիմիր Պուտինին

Մանրամասներ
ռդ

Ջուդ Լոուին բարդ խնդիր է սպասվում. 52-ամյա դերասանը Deadline-ին ասել է, որ «Կրեմլի կախարդը» առաջիկա ֆիլմում կմարմնավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Ասայասի ֆիլմը պատմում է Պուտինի կարիերայի սկզբի մասին։

«Ես իսկապես դեռ չեմ սկսել դրա վրա աշխատել», - ասել է Լոուն Deadline-ին: «Այսինքն, ես արդեն սկսել եմ, բայց հենց հիմա դա նման է Էվերեստ մագլցելուն, այնպես որ ես կանգնած եմ սարի հատակին և ասում եմ՝ «Աստված իմ, ի՞նչ ասացի: «Այո» ասելիս ես հաճախ այդպես եմ զգում»,- հավելել է նա։ «Ես մտածեցի՝ Աստված իմ, ինչպե՞ս եմ ես պատրաստվում դա անել: Բայց ամեն դեպքում, դա իմ որոշելիքն է»:

«Կրեմլի կախարդը» ֆիլմում կնկարահանվեն նաև Փոլ Դանոն, Ալիսիա Վիկանդերը և Զաք Գալիֆիանակիսը, ըստ news.am-ի՝ հայտնում է Variety-ն։

Ֆիլմը հիմնված կլինի Ջուլիանո դա Էմպոլիի 2023 թվականի համանուն բեսթսելերի վրա, իսկ սցենարը գրելու են 69-ամյա Ասայասը և Էմանուել Կարերը, հայտնում է հրատարակությունը։

Հաղորդվում է, որ 40-ամյա Դանոն կմարմնավորի գլխավոր հերոս Վադիմ Բարանովին, որը հեռուստատեսային պրոդյուսեր է, ով «խառնում է ճշմարտությունը ստի հետ, լուրերը քարոզչության հետ՝ ղեկավարելով ողջ հասարակությունը որպես մեկ մեծ ռեալիթի շոու», մինչդեռ «աշխատում է ռուսական իշխանության հենց սրտում»:

«Միայն գրավիչ, ազատ մտածող Քսենիայի հանդեպ նրա սերը կարող է նրան հեռացնել այս վտանգավոր խաղից»,- ասվում է նկարագրության մեջ։