Շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը․ Սամվել Ֆարմանյան

Մանրամասներ
սամվել ֆարմանյան նիկոլ

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի պատմաաշխարհագրական վերջին գոհարի մասին քննադատական շատ փաստարկներ հնչեցին: Իմ տպավորությամբ, սակայն, շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը:

Դա պաշտոնական Անկարայի ու Բաքվի արձագանքն էր:

Թուրքիայում Փաշինյանի «նվերը» մեծ հաշվով անտեսվեց՝ պաշտոնական շրջանակներից մինչև լրատվամիջոցներ, երբ թվում էր, թե պիտի լիներ հակառակը:

Ադրբեջանում իր հերթին այն չգնահատվեց ինչպես հարկն է՝ դառնալով ծաղր ու ծանակի նոր առարկա:

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Նիկոլի նման «նվերները» ոչ այնքան Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղիղ թելադրանքի հետևանք է՝ ստիպում են ասում է, ինչպես տարածված է մեզանում, որքան իր անձնական, սեփական նախաձեռնությունը:

Անխոհեմորեն կազմաքանդելով Հայաստանի անվտանգության համակարգն ու հետևողականորեն ծծելով նրա դիմադրողականությունը, արտաքին ճակատագրական նոր մարտահրավերներին դեմ հանդիման, Նիկոլն այս կերպ միայն իրեն հայտնի դիվանագիտական «ճարպկությամբ», ըստ էության, ջանում է կանխարգելել գալիք նոր փորձանքը՝ հասկացնելով, որ անձամբ պատրաստ է ամեն ինչի՝ իբր զերծ պահելու այդ երկրներին նոր ագրեսիայից:

Ահա, Թուրքիայի ու Ադրբեջանի համարժեք արձագանքի բացակայությունը Նիկոլի «նվերներին» ինձ շատ ավելի է մտահոգում, քան նիկոլական ձախորդ դիվանագիտությունը:

Այդպես, սովորաբար, լինում է, երբ գրպանումդ արդեն իսկ ունես առաջարկվողից ավելիին հասնելու երաշխավորված ծրագիր»:

Աղբյուրը` Սամվել Ֆարմանյան