Այսօր իշխանությունը չունի որևէ այլ խնդիր, քան թե իր վերարտադրությունը, իր գոյատեւումը պահպանելու խնդիրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
«Այդ առումով երբեմն քայլեր են արվում, որոնք կարող են մեր մոտ զարմանք առաջացնել, թե ինչու՞ նման հայտարարություն հնչեց, կամ նման տեսահոլովակ տարածվեց, բայց այդ ամենը արվում է իմ գնահատականով միայն մեկ նպատակով՝ հասկանալ հանրային կարծիքը։ Առաջիկա ընտրություններին առավել քան երբևէ, կարևոր է լինելու յուրաքանչյուր հայի անձնական դիրքորոշումը։ Կամ մենք շարունակում ենք կուլ տալ, մեզ այդ հրամցվող այդ կեղծիքները և համակերպել այս կեցության հետ, կամ իրոք յուրաքանչյուր հայ պետք է ինքն իրեն պատասխան տա, թե ինչ Հայաստան է ինքը ուզում, թե որ Հայաստանում է նա ուզում ապրել։ Դա է խնդիրը, ընտրության հարցը»մ-ասաց նա։
Խոսելով այսօր աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրավվիճակի մասին, նա ասաց, որ մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որում հնարավոր չէ անմասն մնալ աշխարհում տեղի ունեցող գործընթացներից։
«Եթե ոմանց թվում է, որ հնարավոր է առանց աղմուկ հանելու ծածուկ գոյատևել, դա բացառվում է։ Ծածուկ գոյատևողների հաշվին կառուցվելու է նոր աշխարհակարգ։ Ի՞նչ է տեղի ունենալու հաջորդիվ, բավականին դժվար բարդ է այսօր կռահել, մենք ականատես ենք, որ ամեն օր նախկին կանխատեսումները ուղղակի հերքվում են։ Ակնհայտ է, որ ձևավորվող աշխարհակարգը, իսկ այսօր իրոք խոսքը գնում է, որ մի նոր աշխարհակարգ է ձևավորվում, պահանջելու յուրաքանչյուր երկրից իր ուժերի մաքսիմում մոբիլիզացիա։ Պահանջվում է յուրաքանչյուր երկրից հստակ պատկերացում, թե ինչ է նա ուզում անել, ինչ է ուզում նա ստանալ այս աշխարհում։ Հնարավոր չէ ժամանակակից աշխարհում հանդես գալ միայն Խաղաղության Խաչմերուկի գաղափարով և հուսալ, որ դա թույլ կտա քեզ լինել համաշխարհային հանրության լիարժեք անդամ: Հնարավոր է անել ինչ-որ մի ավելի լուրջ բան, հնարավոր է, նախ և առաջ հնարավոր պետք է լինել երկիր, երկիր, որը ունի առողջ տնտեսություն, հզոր բանակ, առողջ հասարակություն։ Միայն այդ պայմաններում դու կարող ես խոսել, որ դու ունես քո տեղը այս ապագա աշխարհակարգում»,-ասաց նա։
Միրզոյանը շեշտում է, որ պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա գնալ անհրաժեշտ քայլերի, այլ ոչ թե զբաղվի դատարկաբանությամբ, անհասկանալի միջոցառումներով, անհասկանալի ծրագրերով։
«Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է։ Բոլորն էլ հասկանում են, որ այսպես ապրելը արդեն հնարավոր չէ, պետք է ինչ-որ քայլեր անել։ Ես միշտ կրկնել եմ, որ անսալ, հուսալ, որ ինչ-որ մի քաղաքական ուժ է գալու կամ ինչ-որ մի չգիտեմ, երկնային էակ է գալու, որը մեր տեղը մեր բոլոր հարցերը լուծելու է, դա ուղղակի մանկամտություն է։ Դա հնարավոր կլինի միայն մեր համակարգված, միացյալ աշխատանքով։ Յուրաքանչյուրը պետք է իր որոշումը ընդունի, ի՞նչ է ուզում նա այս երկրում, այս կյանքում, այս աշխարհում։ Ինչպես կորոշենք, այնպիսի երկիր էլ կունենանք»,-ասաց նա։
Արցախի նախկին ԱԳ նախարարը անդրադառնալով Արցախյան խնդրին ասաց, որ հիշենք, թե չէ, Արցախի հարցը գոյություն ունի և Արցախի հարցը վաղ թե ուշ դառնալու է լուրջ գործոն։
«Արցախի հարցը գոյություն ունի, գոյություն ունի, քանի դեռ կան արցախցիները, Արցախի հարցը գոյություն ունի և գոյություն ունի, քանի դեռ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ Հայաստանի անվտանգությունը ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ առանց Արցախի գոյության։ Այսօրվա իշխանությունների այս քաղաքականությունը հավերժ չէ, որքան էլ նրանք դա պնդեն, որովհետև այն անբնական է, այն հակասում է թե քաղաքագիտության, թե մեր ազգային ոգու, թե մեր ազգային գաղափարներին։ Այն, որ Արցախի հարցը ոմանց թվում է փակվել է, դա ուղղակի խաբկանք է։ Հիշեցնեմ, որ 20-րդ դարի սկզբին Արցախի հարցը արդեն մի անգամ փակեցին, քաղբյուրոյի որոշումով հանձնելով Արցախը Ադրբեջանին։ 70 տարի անց Արցախի հարցը վերաբորբոքվեց և պատճառ դարձավ ահավոր մի պատերազմի: Բայց դա նաև մեզ հնարավորություն տվեց վերականգնել մեր ոտնահարված իրավունքները։ Եթե ոմանց թվում է, որ 70 կամ ավելի կարճ ժամանակահատված հետո նույն պատմությունը չի կրկնվելու, իրենք չարաչար սխալվում են»,- եզրափակեց Միրզոյանը:
0Comments