Կառավարությունը նախատեսում է խստացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման վերահսկողությունը և բացառել դրանց ապամոնտաժման դեպքերը պահեստամասերի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը։ Սա նպաստել է, որ նման տրանսպորտային միջոցների ներմուծումն ավելի շահավետ դառնա։
Սակայն, ըստ կառավարության գնահատման, որոշ ներկրողներ օգտվում են արտոնությունից ոչ թե մեքենաները շահագործելու, այլ դրանց ապամոնտաժմամբ և պահեստամասերի վաճառքով զբաղվելու համար՝ խուսափելով համապատասխան հարկերից։ Սա տնտեսվարողների համար ստեղծում է անարդար մրցակցային պայմաններ։
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ ավելացնելով խախտումների համար նոր տուգանքներ․ եթե ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չի գրանցվում, սեփականության իրավունքը չի ձևակերպվում, ապա նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։
Եթե ներմուծված էլեկտրական մեքենան մեկ տարվա ընթացքում հանվում է հաշվառումից (բացառությամբ վթարի մասին ՆԳՆ տեղեկանքի առկայության), ապա ներմուծողին կտուգանեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։
Նախագծի ընդունմամբ կառավարությունը նպատակ ունի կանխել մեքենաների ներմուծման կեղծ սխեմաները, երբ դրանք երկրում գրանցման չեն ենթարկվում և փոխարենը ապամոնտաժվում են պահեստամասերի համար, խթանել օրենքով սահմանված կարգով գործելու պարտավորությունը և ապահովել արդար մրցակցություն ավտոպահեստամասերի շուկայում, ապահովել պետական եկամուտների աճը`կանխելով հարկերից խուսափելու դեպքերը։
Փոփոխությունների նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
0Comments