Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. սեղանին մենաշնորհի հարցն էր. «Հետք»

Մանրամասներ
նիկոլ

«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի փաստաթուղթ է հանձնել նրան: Դրանում ամփոփ շարադրված են ՀՀ կառավարության եւ Air Arabia-ի պայմանավորվածությունները «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) ստեղծելիս ու դրանց կատարման ընթացքը:

Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ փաստաթղթի մասին որեւէ նշում չկա: Փոխարենն ասվում է, թե Ալին, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի. «Նա Air Arabia ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու եւ ընդլայնելու համատեղ ծրագրերը: Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները»:

Սակայն մեր ձեռքի տակ հայտնված այս փաստաթղթում նշված կետերը թույլ են տալիս ասել, որ հանդիպումը չի եղել միմյանց գոհունակություն հայտնելու մասին, հակառակը՝ եթե կարճ նկարագրենք, ապա փաստաթուղթը յուրօրինակ հիշեցում է Կառավարությանը հայկական կողմի խոստացած, բայց չարած քայլերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության/ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի միջեւ առկա ու խորացող հակասություններն ի վերջո հիմք դարձան, որ համատեղ նախագիծը ձախողվի. «Ֆլայ Արնան» թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ մայիսին լուծվեցին աշխատողների հետ կնքված պայմանագրերը:

Ինչու՞ ձախողվեց հայ-արաբական «Ֆլայ Արնան». Կառավարության արձագանքն ու աշխատողների բացահայտումները

Ընդ որում՝ այս փաստաթուղթը պարունակում է նաեւ տեղեկություններ այլ հայկական ավիափոխադրողների մասին, ու չի բացառվում, որ վերջիններս տեղյակ էլ չեն եղել իրենց վերաբերյալ ծրագրված քայլերից, որոնք, ըստ հայ-արաբական պայմանավորվածությունների, պետք է կատարեր ՀՀ կառավարությունը:

Փաստաթուղթը կազմվել է հենց 2023-ի ապրիլին, այսինքն՝ նկարագրում է իրավիճակն այդ պահի դրությամբ: Մեր տեղեկություններով՝ այն կազմել է Air Arabia-ն, որը, հիշեցնենք, «Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունն էր, ինչպես նաեւ իրեն փոխկապակցված International Business Company (FZE) արաբական ընկերության միջոցով մինչ օրս 49 % բաժնեմաս ունի «Ֆլայ Արնայում»: Եվս 49 % պատկանում է հայկական ԱՆԻՖ-ին, որը պետական ընկերություն է, մնացած 2 %-ի տերն էլ արաբական աշխարհում հայտնի հայազգի գործարար Վարուժան Ներգիզյանն է:

«Ֆլայ Արնա. համատեղ ձեռնարկության ստեղծման ռազմավարական տեսլական-առկա իրավիճակ համեմատական». այսպես է կոչվում Փաշինյանին Ադել Ալիի ներկայացրած փաստաթուղթը:

Փաշինյանի ու Ալիի հանդիպմանը մասնակցել են նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ԱՆԻՖ-ի տնօրեն, «Ֆլայ Արնայի» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանը: «Հետքը» վարչապետին խնդրել է հաստատել կամ հերքել, որ Ադել Ալին նման փաստաթուղթ է ներկայացրել, սակայն, ի զարմանս մեզ, վարչապետի աշխատակազմը մեր հարցումը վերահասցեագրել է ՏԿԵՆ-ին, որը ՀՀ-ում քաղավիացիայի քաղաքականությունը մշակող ու իրականացնող մարմինն է, նրան է ենթարկվում Քաղավիացիայի կոմիտեն:

ՏԿԵՆ-ից հայտնել են, որ իրենք այս փաստաթղթի մասին տեղեկատվության չեն տիրապետում: ՏԿԵ նախարարությունը «Հետքի» հարցումը միաժամանակ ուղարկել է Էկոնոմիկայի նախարարություն, սակայն այնտեղից փոխանցել են, որ մեր հարցերի առնչությամբ տեղեկություններ չունեն (2019-2021 եւ 2023-2024 թթ. ԱՆԻՖ-ի բաժնետոմսերի կառավարումը հանձնված էր ԷՆ-ին, իսկ 2021-2023 թթ.՝ վարչապետի աշխատակազմին): 

Վերադառնանք փաստաթղթին. դրանում նախ ժամանակագրությամբ հիշեցվում է, թե ինչպես է սկսվել հայ-արաբական համագործակցությունը: Այսպես՝ 2021 թ. հունվարին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որը ղեկավարում էր Տաթեւիկ Ռեւազյանը, կապ է հաստատել Air Arabia-ի հետ՝ վերջինիս դիտարկելով իբրեւ հավանական գործընկեր: Թե ինչու է ՔԱԿ-ը կապվել աշխարհում առկա բազմաթիվ ավիաընկերություններից հենց Air Arabia-ի հետ, պարզ չէ: Կառավարությունում «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ ՔԱԿ-ն այս փոխադրողի վրա դուրս է եկել շահագրգիռ միջնորդի միջոցով:

Փետրվարին կայացել է արաբական կողմի առաջին այցը Հայաստան, որտեղ Կառավարության հետ քննարկվել է համատեղ ձեռնարկության ռազմավարական տեսլականը ազգային ավիափոխադրող ստեղծելու համար: Փաստաթղթում չի նշվում, թե ՀՀ կառավարությունից ովքեր են մասնակցել քննարկմանը: Այս մասին վարչապետին ուղղված մեր հարցին ՏԿԵՆ-ից պատասխանել են, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չունեն: Իրականում մեր հարցերի թիվ մեկ հասցեատերը հենց վարչապետն էր կամ նրա աշխատակազմը, ոչ թե ՏԿԵՆ-ը կամ ԷՆ-ն: Այդուհանդերձ, մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ եղել են փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ու ՔԱԿ-ի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։