Առանց բավարար ապացույցների, դատավորի դեմ վարույթ են հարուցել. «Հրապարակ»

Մանրամասներ
դատ

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ  արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։ Ըստ միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրեւ թե դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Խոսքը 2020 թվականի պատերազմից հետո Հայրենիքի փրկության շարժման ժամանակ հնչեցրած ելույթների եւ կոչերի մասին էր: Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թ. մարտին, դատավճիռ է արձակել 2024 թ. հունիսին: Ընդ որում, Մանուկյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի։

Նիստի ընթացքում Միսակյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը հանրային շահի համատեքստում հետաքրքրվեց, թե արդյոք վարույթի հարուցման ժամանակ նախարարությունը հաշվի առնո՞ւմ է դատավորի մասնագիտական հեղինակությունը, ինչին արձագանքելով՝ ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ որեւէ գործով ԱՆ-ն չի անդրադառնում հեղինակությանը։ Հարցին, թե մյուս գործերով դատավորը տարբերակվա՞ծ մոտեցում է ցուցաբերել, ԱՆ ներկայացուցիչը նշեց, թե սա հենց այն գործն էր, որն իր բնույթով պետք է տարբերակված մոտեցման արժանանար։ Իսկ ինչո՞ւմ էր այդ առանձնահատկությունը, գուցե նրանում, որ քաղաքական էր եւ ՔՊ-ական իշխանության կողմից հրահանգվա՞ծ:

Ըստ նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանի՝ դատախազության կողմից հաղորդումը ներկայացնելու պահին 18 դատական նիստ էր նշանակված, որից կայացել էր 4-ը, դատական նիստերը նշանակվել են՝ ընդհուպ մինչեւ 4 ամիս ընդմիջումներով, մինչդեռ պետք է առավել կարճ ընդմիջումներով նշանակվեին, որ տպավորություն չլիներ, թե ձգձգվում է։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորը խուսափել է արդարադատության իրականացումից, կանխամտածված ձգձգել է, ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ պետք է քայլեր իրականացնի՝ նիստերը չհետաձգելու։ Արդյունքում, ըստ ԱՆ ներկայացուցչի, գործի քննության ողջամիտ ժամկետը խախտվել է «կոպիտ անփութությամբ»։ Նախարարությունը նաեւ կասկածի տակ է առել որոշ դատական նիստերի՝ նախապես նշանակված լինելու հարցը, մինչդեռ դատավորի ներկայացուցիչը նշում է՝ նիստերը պատշաճ նշանակված են եղել։

Հարցադրումների ընթացքում Վահե Միսակյանը հետաքրքրվեց՝ արդյոք պատկերացնո՞ւմ են դատարանների ծանրաբեռնվածությունը, չնախատեսված խնդիրների առկայության դեպքում, օրինակ՝ բերման ենթարկելու որոշումները պատշաճ չեն իրականացվում, կալանավորներին չեն բերում դատարան եւ այլն, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Նախարարության ներկայացուցիչն արձագանքեց՝ իրենք չեն ցանկանում թույլ տալ, որ ծանրաբեռնվածությունը որպես պատրվակ օգտագործեն, եւ հաճախ հաղորդումներին ընթացք չեն տալիս՝ հաշվի առնելով այդ ծանրաբեռնվածությունը, բայց դա ոչ բոլոր դեպքերում է այդպես։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նախարարության ներկայացուցչից պարբերաբար հետաքրքրվում էր՝ որն է դատավորի մոտիվացիան, որ Վազգեն Մանուկյանի գործը ձգձգի։ Ներկայացուցիչը պատասխանեց, թե չեն կարող ասել՝ 3 տարի 4 ամիս քննությունը դատավորի կողմից դիտավորությա՞մբ է ձգձգվել, թե՞ ոչ, դրա վերաբերյալ իրենք բավարար ապացույցներ չունեն։

Հարցուպատասխանի փուլից հետո դատավորի ներկայացուցիչները միջնորդեցին հետաձգել նիստը, քանի որ այդ ընթացքում մի քանի հանգամանքներ են ներկայացվել նախարարության կողմից, որոնց շուրջ կասկածները պետք է փարատվեն, անհրաժեշտ են լրացուցիչ նյութեր։ Խորհուրդը որոշեց մասնակի բավարարել միջնորդությունը՝ ժամանակ տրամադրելով տեղեկությունը ճշտելու համար։ Դատավորի նկատմամբ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին, ժամը 10։00-ին։

Նշենք, որ դատական համակարգում վստահ են, որ Վազգեն Մանուկյանի գործն ընդամենը պատրվակ է, իրական պատճառը Սերժ Սարգսյանին արդարացնելն է, որի համար պատրաստվում են Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցնել: Դատավորները խոսում են այն մասին, որ սա ակնհայտորեն քաղաքական հաշվեհարդար է, որն իրականացվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանից իջեցված հրահանգով։