Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտ է 5000-ին, որոնցից 1000-ը հայեր են․ ԿԽՄԿ

Մանրամասներ
կարմիր խաչ

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է: Անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ համապատասխան կողմերում իշխանությունների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին պատասխաններ տալուն, թե ռազմական գործողությունների առնչությամբ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ:  Սա միջազգային մարդասիրական իրավունքի պահանջն է: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպեսզի հանձնագրի շրջանակներում հիշեցնենք իրենց պարտավորությունների մասին և որքանով հնարավոր է աջակցենք մեր տեխնիկական փորձառությամբ, որոշակի հմտություններով,  որոնք ձեռք ենք բերել նմանատիպ իրավիճակներում աշխատելու ընթացքում»,-նշեց Ամատունին:

Նրա խոսքով՝  ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր ուղղությունը յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ, տվյալներ տրամադրելն  է: 

«Հիմնվելով ընտանիքների հայտերի վրա՝ տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով հավաքագրել ենք շուրջ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք 90-ականներից,  այնուհետև 2020 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած են համարվում: Նրանցից շուրջ 1000-ը հայեր են, որոնց տվյալները ԿԽՄԿ-ն հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է դրական ԴՆԹ նույնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները»,-մանրամասնեց Ամատունին՝ շեշտելով, որ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի իրականացնում նույնականացումներ․ դա համապատասխան իշխանությունների ու կառույցների աշխատանքն է: