Զինծառայող Վահրամ Ավագյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրյալի կարգավիճակում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ( Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը, դեպքից չորս տարի անց միայն հասավ դատարան։
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել էր որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ (2003թ․) ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չէին հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում էին, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքերին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի: Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց քրեական գործով ձերբակալությունների մասին։ Նրանց թվում էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, որդին՝ Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ (2003թ.) քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Մովսիսյանը վեց ամիս կալանավորված է եղել։ Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։ Հետագայում գործով անցնող մեղադրյալների խափանման միջոցը փոխարինվել է բացակայելու արգելքով։ Նախաքննության ընթացքում Վահրամ Ավագյանի նկատմամբ հետմահու նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը պետք է վճռորոշ ազդեցություն ունենար՝ գործի ելքի համար։
Ի վերջո, շուրջ չորս տարի նախաքննության իրականացումից հետո գործը՝ երեք մեղադրյալի մասով՝ ուղարկվել է Սյունիքի մարիզ ընդհանուր իրավասության դատարան, այժմ գտնվում է դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Մովսիսյանը, Խաչիկ Գասպարյանը, Արարատ Սարգսյանը մեղադրվում են տուժող զինծառայողին պարբերաբար ճնշելու, ծեծելու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Դավիթ Մովսիսյանը 2019 թ․ դեկտեմբերից պարբերաբար կոնֆլիկտի մեջ է մտել նրա հետ, նրան դիտողություններ արել և իր հանձնարարությունը կատարելու պահանջ ներկայացրել։
«2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Դավիթ Մովսիսյանը նախ հեգնել, ապա ինքնաձիգի փողն իր կողմն ուղղված դիրքով դնելու համար դիտողություն է արել Վահրամ Ավագյանին, որի պատճառով սկսված վիճաբանության ընթացքում Սպարտակ Ավետիսյանի, շարքայիններ Խաչիկ Գասպարյանի ու Արարատ Սարգսյանի հետ միասին՝ խմբով, ծեծի են ենթարկել Վահրամ Ավագյանին՝ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ համածառայակիցների միջամտությամբ վիճաբանությունը դարեցնելուց հետո հայտնել, որ պատրաստվում է պարզաբանումները շարունակել հետագայում։
Նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում զինվորական ուսումնական կենտրոն մեկնելու ճանապարհին ավտոմեքենայի թափքում դրված աթոռակից վայր ընկնելու կապակցությամբ իր վրա ծիծաղելու համար Դավիթ Մովսիսյանը մերձավոր ազգականներին ուղղված սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ծիծաղողների, այդ թվում՝ Վահրամ Ավագյանի հասցեին, որին վերջինս չի պատասխանել»,- նշված է մեղադրական եզրակացությունում։ Արարատ Սարգսյանն էլ, ըստ մեղադրանքի, պահանջել էր իր և մյուսների համար սուրճ եփել, ինչը Ավագյանի մոտ բացասական հույզեր է առաջացրել։
Ըստ քրեական գործի տվյալների՝ վերջիններիս համակցված գործողությունների հետևանքով Վահրամ Ավագյանի մոտ առաջ է բերվել խիստ լարված հոգեվիճակ և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանք․ 2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, բանակային ուսումնական կենտրոնում Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի «ДЛ 8571» համարի ինքնաձիգից 3 կրակոց է արձակել իր կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով ստացած վնասվածքներից զինվորական հոսպիտալում նույն օրը՝ 14։00-ին, մահացել է։
Լուսանկարում՝ ձախ կողմում՝ Դավիթ Մովսիսյանը, աջ կողմում՝ տուժող Վահրամ Ավագյանը
0Comments