Անի Իսպիրյանը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է․ նա հիմա տանն է․ Վահան Քերոբյան

Մանրամասներ
քպ

Անի Իսպիրյանը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է․ նա հիմա տանն է։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Անի Իսպիրյանը Ռուսաստանից վերադարձել է  Հայաստան 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ։

Դա իմ կարծիքով շատ հայանվեր քայլ է և ես կարող եմ ասել, որ վերջին 3 տարվա իմ համատեղ աշխատանքի հետ, միայն ամրապնդել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ։

Ես ավելի քան վստահ եմ, որ ինքը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է։ Նա հիմա տանն է։

Նախ ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է։ Եվ ես ունեմ աննկուն հավատարմություն այդ գործընթացի նկատմամբ։ Կոռուպցիան, ինքը քաղծկեղ է, որը քայքայում է մեր հասարակությունը, մեր տնտեսական աճը և մեր պարտքն է այն արմատախիլ անել։

Ես գտնում եմ, որ Անի Իսպիրյանի դեմ մեղադրանքները կարող են կասկածներ առաջացնել հանրության մեջ, բայց պետք չի շտապ եզրակացություններ անել։

2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունից նույն կերպ ձերբակալեցին այն ժամանակ Լիցենզավորման վարչության պետին, բայց արդեն 3 տարի է անցել, բայց մենք դեռևս չունենք մեղադրական ակտ։ Եկեք, սպասենք թե ուր են տանում իրադարձությունները։

Դետալները չգիտեմ, բայց ես լիարժեք տեղյակ եմ եղել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

 
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: