Տրանսպորտի թանկացման հարցում հնչող «բացատրությունները» հակասական են․ Հակոբ Բադալյան

Մանրամասներ
Հակոբ Բադալյան

Քաղաքակեն մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Տրանսպորտի թանկացման հարցում հնչող «բացատրությունները» հակասական են:

Մեկ ասվում է, թե իրականում տրանսպորտը նույնիսկ մի փոքր էժանանում է հաճախ օգտվողների համար, եթե նրանք գնում են ամսական կամ տարեկան անսահմանափակ փաթեթներ:

Մեկ էլ ասվում է, որ չի կարող լինել այնպես, որ գազելներից փոխվի ավտոբուս, բայց գինը՝ չփոխվի, չբարձրանա:

Հիմա, գինն էժանանո՞ւմ է, թե՞ բարձրանում: Ինչպես ասում են՝ կողմնորոշվեք հանրությանը մատուցվող ձեր «փաստարկներում»:

Եթե «փաստարկն» այն է, որ մեծ փաթեթ գնելու դեպքում էժանանում է, ինչպես մեծածախ ամեն ինչի պարագայում, ապա, պատկերացնենք, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնում է մեծ փաթեթ: Ստացվեց, որ տրանսպորտը էժանանում է: Այդ դեպքում հարց՝ բա ինչպե՞ս եք պահելու այդ տրանսպորտը, եթե ձեր մյուս «փաստարկն» այն է, որ հնարավոր չէ Գազելի գնով պահել ավտոբուս:

Թե՞ հույսն այն է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չէ, որ կգնի փաթեթ, իսկ «բացատրությունը», թե իրականում նույնիսկ էժանանում է, պարզապես տեղեկատվական հնարք է, ոչ ավելի:

Եվ այո, իրատեսական է այն, որ քաղաքացիների մեծամասնությունը չէ, որ կգնի ամսական կամ առավել ևս տարեկան փաթեթ,, որովհետեւ շատերը պարզապես չունեն այդքան ազատ միջոցներ, որ միանգամից մի քանի տասնյակ հազար դրամ տան տոմսի համար, կամ նույնիսկ՝ ամսական միանգամից տասը հազար դրամ:

Պատկերացրեք, կան մարդիկ, որոնք ամեն օր հաշված են ծախսում անգամ 1000 կամ 500 դրամը:

Ըստ այդմ, տրանսպորտն իրականում և գործնականում՝ թանկանում է, լրացուցիչ տեխնիկական անհարմարություններով հանդերձ»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան