Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դավոսում ոչ միայն տեղի չունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում, այլ գործնականում անգամ չշոշափվեց դրա հնարավորությունը: Նկատի ունեմ կազմակերպիչների մակարդակում խոսակցության բացակայությունը:
Դա նշանակո՞ւմ է, որ կա որոշակի հետաքրքրության անկում: Հնարավոր է, որովհետև հիմա տեղի են ունենում պրոցեսներ, որոնց համեմատությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը` ըստ էության շատ-շատ փոքր հանգամանք է:
Դավոսում նրանք հանդիպել էին 2019 թվականին: Հանդիպումը տևել էր գրեթե մեկուկես ժամ: Ընդ որում, դա Փաշինյան-Ալիև, կարծես թե, երկրորդ հանդիպումն էր: Առաջինը եղել էր Դուշանբեում, 2018-ի սեպտեմբերին: Թեեւ այն ստացել էր «վերելակային դիվանագիտություն» անվանումը, բայց դա անշուշտ այլ բան չէր, քան ընդամենը տեղեկատվական իմաստ ունեցող շրջանառություն, որովհետեւ Դուշանբեում նրանց հանդիպումը եղել էր «ոչ վերելակում» եւ տեւել գրեթե մեկ ժամ:
Ի դեպ, այդ առումով, թերևս, արժե հիշատակել հատկանշական այն հանգամանքը, որ Դուշանբեում այդ հանդիպումից մեկ օր առաջ Բաքու էր մեկնել Վլադիմիր Պուտինը: Դա հատկանշական է նրանով, որ Պուտինը մինչ այդ՝ սեպտեմբերի սկզբին, Մոսկվայում հյուրընկալել էր Ալիեւին: Եվ այն, որ նա Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախօրեին մեկնեց Բաքու, իսկ հետո այնտեղից մեկնեց Դուշանբե, իսկապես ուշադրության արժանի էր: Որովհետև, հնարավոր է, որ Պուտինի այցը պայմանավորված էր հենց Փաշինյան-Ալիև հանդիպման «նախապատրաստության» նկատառումով:
Վերադառնալով Դավոսում «չկայացած» հանդիպմանը: Ինչպես նշել եմ դեռ նախորդ տարեվերջից, Թրամփի պաշտոնամուտը նշանակելու է որոշակի փոփոխություններ աշխարհաքաղաքական այն մեծ սակարկության համատեքստում, որ ծավալվում է գերտերությունների միջև: Դա, բնականաբար, իր ազդեցությունն է թողնելու նաեւ հայ-ադրբեջանական պրոցեսի վրա, որը վերջին հատկապես երկու տարիներին ավելի շուտ գտնվում էր ԱՄՆ-ի վարչակազմի ակտիվության եւ նախաձեռնողականության ազդեցության ներքո:
Ու քանի որ տեղի է ունենում վարչակազմի փոփոխություն, ընդ որում, մոտեցումների շատ էական փոփոխություններով, ապա հայ-ադրբեջանական գործընթացը ներկայումս պայմանական իմաստով հայտնվում է «անցումային փուլում»: Նաեւ այստեղ է, որ իրավիճակը ստանում է ռիսկայնության բավականին բարձր աստիճան»:
0Comments