Մենք կարող ենք մինչև դեկտեմբերի վերջ Ղրիմ մտնել. Ուկրաինայում հայտնել են, թե երբ կավարտվի պատերազմը

Մանրամասներ

Ուկրաինական ուժերը մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը կարող են ժամանակավորապես օկուպացված Ղրիմ մտնել, իսկ գարնանը մոտ Ռուսաստանի հետ պատերազմը կավարտվի։ Այսպիսի կանխատեսում է Sky News-ին տված հարցազրույցում արել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը, գրում է Liga.net-ը։

Նա Ռուսաստանի կողմից միջուկային հարվածի հավանականությունը ցածր է համարում։ «Այո, դա դրամա կլինի»,- ասել է Գավրիլովը, սակայն նշել է, որ դա հետ չի պահի Ուկրաինային զավթիչներին դիմակայելուց:

Ինչ վերաբերում է Կրեմլի հետ խաղաղ բանակցությունների հեռանկարին, Ալեքսեյ Ռեզնիկովի տեղակալն ասել է, որ դրանք տեղի կունենան միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը պատրաստ լինեն լքել ամբողջ Ուկրաինայի ողջ տարածքը, ներառյալ՝ Ղրիմը։

«Ուկրաինական հասարակության մեջ կա որոշում, որ մենք գնում ենք մինչեւ վերջ»,- ասել է Գավրիլովը։ «Բոլորին հայտնի է, որ ցանկացած դանդաղում կամ սառեցված հակամարտություն ընդամենը այս պատերազմի շարունակությունն է Ուկրաինայի՝ որպես ազգի գոյության դեմ»,- հավելել է նա։

Հարցին, թե արդյոք Խերսոնի ազատագրումն այլ նպատակներ է դնում, օրինակ՝ Ղրիմը վերադարձնելը, Գավրիլովը պատասխանել է. «Դա միայն ժամանակի հարց է, եւ, իհարկե, մենք կուզեինք դա ավելի շուտ անել, քան ուշ»։ Նրա կարծիքով՝ դրան կարող է օգնել այն, ինչը կոչվում է «սեւ կարապ»՝ ինչ-որ անկանխատեսելի մի բան, օրինակ՝ Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի ռեժիմի հանկարծակի փլուզումը։

ՊՆ ղեկավարի տեղակալի խոսքով, կա «նաեւ ռազմական տարբերակ՝ ուժերի, միջոցների եւ այլ բաների որոշակի համադրությամբ»։ «Մենք կարող ենք Ղրիմ մտնել, օրինակ, մինչեւ դեկտեմբերի վերջը։ Հնարավոր է, հնարավոր է։ Բացառված չէ, որ այդպես էլ լինի»,- հավելել է նա։

Գավրիլովը նշել է, որ ռուսները շահագրգռված են պատերազմում դադարով, որպեսզի վերախմբավորվեն։ «Հետեւաբար… մենք կանգ առնելու իրավունք չունենք։ Մենք պետք է առաջ գնանք»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է պատերազմի ավարտին, Գավրիլովն ասել է, որ կարեւոր է պատրաստ լինել երկարատեւ պայքարի, եթե Ռուսաստանը կարողանա համալրումներ ստանալ: «Իհարկե, այս դեպքում պատերազմը որոշ ժամանակ կպահանջի։ Բայց ես զգում եմ, որ մինչեւ գարնան վերջը այս պատերազմը կավարտվի»,- հավելել է նա։