Մինչ Եվրոպայում էներգիայի գները կտրուկ աճում են, Ռուսաստանը հսկայական քանակությամբ բնական գազ է այրում: Արբանյակային պատկերներն ուսումնասիրելուց հետո Rystad Energy-ի փորձագետները եզրակացրել են, որ Ֆինլանդիայի սահմանին մոտ գտնվող ռուսական հեղուկ բնական գազի գործարանն օրական այրում է մոտ 10 միլիոն դոլարի վառելիք: Փորձագետներն ասում են, որ ավելի վաղ այդ գազն արտահանվում էր Գերմանիա, գրում են Լրագիրը և BBC-ն։
Rystad Energy-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ Gazprom LNG Portovaya-ի հեղուկ բնական գազի նոր գործարանը, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգից հյուսիս-արևմուտք, օրական 4,34 միլիոն խորանարդ մետր գազ է այրում:
Գործարանը գտնվում է «Հյուսիսային հոսք-1» գազատարի սկզբնամասում գտնվող կոմպրեսորային կայանի մոտ։ Այս խողովակաշարով մատակարարումները դադարեցվել են հուլիսի կեսերից։ Ռուսները խոսում են տեխնիկական խնդիրների մասին, սակայն Գերմանիան ասում է, որ դա զուտ քաղաքական քայլ է՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված Արևմուտքի պատժամիջոցների:
«Ավելորդ» գազից ազատվելու նմանատիպ միջոցը սովորական երեւույթ է վերամշակող գործարաններում։ Սա սովորաբար արվում է տեխնիկական կամ անվտանգության նկատառումներով: Այնուամենայնիվ, Պորտովայայում այրման մասշտաբներն անսպասելի էին փորձագետների համար:
Մեծ Բրիտանիայում Գերմանիայի դեսպան Միգել Բերգերը BBC-ին ասել է, որ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու Եվրոպայի ջանքերը «ուժեղ ազդեցություն ունեն ռուսական տնտեսության վրա»: «Ուրիշ տեղ գազը չեն կարող վաճառել, ուստի ստիպված են այրել», ենթադրել է նա։
Մարկ Դևիսը Capterio ընկերության գործադիր տնօրենն է, որը զբաղվում է «ավելորդ» գազը այրելուց խուսափելու ուղիներ փնտրելով: Նա պնդում է, որ գազն այրելու որոշումն օպերատիվ պատճառներով է կայացվել։ «Հաճախ օպերատորները ամեն կերպ փորձում են խուսափել արտադրությունը դադարեցնելուց՝ վախենալով, որ դրա գործարկումը կարող է տեխնիկապես դժվար կամ թանկ լինել: Հավանաբար, դա այն է, ինչ տեղի է ունեցել այս դեպքում», ասել է նա BBC-ին:
0Comments