Պուտինը առաջին անգամ կայցելի երկիր, որը պետք է ձերբակալի նրան Հաագայի դատարանի որոշմամբ

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա։   

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխայի հրավերով Պուտինը կմասնակցի Խալխին Գոլ գետի վրա ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինվորականների համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը մտադիր է քննարկել «ռուս-մոնղոլական համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև հանդիպումներ ունենալ Մոնղոլիայի խորհրդարանի նախագահ Դաշեգվին Ամարբայասգալանի և վարչապետ Լուվսաննամսրաին Օյուն-Էրդենեի հետ:

Պուտինի այցը Մոնղոլիա կլինի Ռուսաստանի նախագահի առաջին այցը երկիր, որտեղ ակնկալվում է, որ նրան կալանավորեն Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից 2023 թվականին տրված հրամանով, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Moscow Times-ը։

Մոնղոլիան վավերացրել է Հռոմի կանոնադրությունը՝ հիմնական փաստաթուղթը, որով գործում է ՄՔԴ-ն, 2002 թվականին, իսկ 2023 թվականին երկրի ներկայացուցիչն ընտրվել է որպես ՄՔԴ դատավոր՝ երկու տարի ժամկետով։

Կրեմլը պաշտոնապես չի մեկնաբանել Պուտինին ձերբակալելու հնարավորությունը, ով ՄՔԴ-ի կողմից մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ՝ օկուպացված ուկրաինական տարածքներից երեխաների և մարդկանց «ապօրինի արտաքսման» համար։

Անցյալ տարի Պուտինը չեղյալ հայտարարեց այցը Հարավային Աֆրիկայում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որը նույնպես ՄՔԴ անդամ երկիր է: Հարավաֆրիկյան իշխանությունները նախ մասնավոր, ապա հրապարակավ խնդրել են ՌԴ նախագահին չմասնակցել միջոցառմանը և սահմանափակվել տեսակապով։ Պուտինի փոխարեն միջոցառմանը ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Պուտին