Վենետիկի իշխանությունները պատրաստվում են հարկ գանձել զբոսաշրջիկներից՝ 2,5 մինչեւ 5 եվրո յուրաքանչյուր այցելուից, հայտնում է Venezia Radio TV-ն։
Այս հավաքագրումը, որ ստացել է tassa di sbarco (բառացի թարգմանությամբ՝ «ափ դուրս գալու հնարավորության հարկ») անվանումը, ծրագրում են սահմանել նավերով շրջագայող զբոսաշրջիկների հանդեպ, ովքեր ժամանում են Վենետիկի պատմական կենտրոնից ոչ հեռու Մարիտիմա տերմինալ։ Բացի այդ, հարկը մտադիր են տարածել գնացքով, ավտոմեքենայով եւ օդանավերով ժամանող զբոսաշրջիկների վրա։
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն դեռեւս չի մեկնաբանում իրավիճակը եւ կոչ է անում սպասել Իտալիայի խորհրդարանի կողմից բյուջեի վերջնական հաստատմանը։ Այս տարվա ապրիլին Վենետիկի իշխանությունները սկսել էին սահմանափակել զբոսաշրջիկների այցը Վենետիկ։ Քաղաքապետարանում պարզաբանել էին, որ դա մարդկանց հոսքը վերահսկելու հնարավորություն կտա, որպեսզի քաղաքում մեծ կուտակումներ չլինեն։
Ամեն տարի Վենետիկ 30 մլն զբոսաշրջիկ է այցելում՝ այն դեպքում, որ տեղացիների թիվը վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան երեք անգամ՝ 175 հազարից հասնելով 56 հազարի։ Վենետիկցիները քաղաքից հեռանում են զբոսաշրջության պատճառով։
0Comments