Էյֆելյան աշտարակի գեղեցիկ լույսերը, Գրանդ կանյոնն՝ իր գեղեցիկ տեսարանով, Սիքստինյան կապելան, որտեղ հավերժացվել է Միքելանջելոյի վարպետությունը․․․․ Թվում է, թե այս և շատ այլ տեսարժան վայրեր ստեղծվել են, որպեսզի նրանցով հիանան և լուսանկարեն։ Եվ եթե առաջինն իրագործելու համար որևէ խնդիր չի առաջանա, ապա երկրորդի հետ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։
Դուք երևի թե չեք էլ պատկերացնում, որ որոշ ամենալուսանկարվող տեսարժան վայրերն իրականում չի կարելի նկարահանել։ Եվ եթե որոշ վայրերում խոսքը գնում է միայն սահմանափակումների մասին, ապա մնացած վայրերում անգամ արգելված է լուսանկարչական ապարատ ներս տանել։
Էյֆելյան աշտարակ
Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից մեկն է։ Սակայն այստեղ որոշ սահմանափակումներ կան։ Խնդիրն այն է, որ նրա գիշերային լուսավորվածությունը համարվում է արվեստի առանձին գործ և պաշտպանված է հեղինակային իրավունքներով։ Այդ պատճառով այս շինության գիշերային տեսքը չի կարելի նկարել և տարածել առանց գրավոր թույլտվության։
Նոյշվանշտայն ամրոց
Գերմանիայում գտնվող այս ռոմատիկ ամրոցը նույնպես հեշտ չէ լուսանկարել։ Անվտանգության կանոններից ելնելով՝ այս տեսարժան վայր այցելել հնարավոր է ընդամենը 35 րոպեով, այն էլ՝ գիդի ուղեցությամբ, իսկ ամրոցի ներսում նկարահանումն ընդհանրապես արգելված է։
Գրանդ կանյոն
Աշխարհի ամենախորը կիրճերից մեկը տարեկան այցելում է շուրջ 4 միլիոն մարդ։ Զբոսաշրջիկները հաճախ գնում են հատուկ դիտահարթակ, որպեսզի զմայլվեն գեղեցիկ տեսարանով։ Հենց այստեղ էլ արգելվում է լուսանկարելը․ այցելուներին արգելվում է իրենց հետ լուսանկարչական սարք տանել դիտահարթակ։
Թաջ Մահալ
Ժամանակակից աշխարհի հրաշալիքներից մեկը կարելի է լուսանկարել այնքան, որքան կցանկանաք, սակայն միայն դրսից։ Ներսում արգելվում է նկարահանել։ Թաջ Մահալում արգելվում է նաև ուտել, աղմկել, ծխել, իսկ հեռախոսները ներս մտնելուց առաջ պետք է անջատել։
Սիքստինյան կապելա
Ինչ-որ ժամանակ այն եղել է հասարակ եկեղեցի, իսկ հիմա՝ թանգարան և Վերածննդի նշանավոր հուշարձաններից մեկը։ Զարմանալի չէ, որ այն միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում։ Այն նույնպես արգելվում է լուսանկարել։ Սիքստինյան կապելայի ներսում արգելվում է տեսա- և լուսանկարել, ինչպես նաև պետք է պահպանել լռություն։
0Comments