Sputnik-ի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն մտորում է այն մասին, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել Պենտագոնի նոր ղեկավարը։
Պենտագոնի նոր ղեկավարի կենսագրությունը միշտ ԱՄՆ նոր նախագահի «մտադրությունների հիերոգլիֆ» է ներկայացնում իրենից, և այս առումով պաշտպանության նախարարի թեկնածու, 45-ամյա Փիթ Հեգսեթի անձը բավականին բովանդակալից է։
Հունվարի 21-ին ԱՄՆ Սենատի պրոֆիլային կոմիտեները հավանություն տվեցին պաշտպանության նախարարի պաշտոնում Փիթ Հեգսեթի թեկնածությանը։ Պահպանողական հեռուստահաղորդավարը հումանիտար համալսարանական կրթություն է ստացել Հարվարդում և Փրինսթոնում։ Պահեստային մայոր (ծառայել է ԱՄՆ Ազգային գվարդիայում՝ Գուանտանամոյում, Իրաքում, Աֆղանստանում), սակայն կապ չունի գեներալական կազմի և ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարության հետ։ Պետական կառավարման ոլորտում նշանակալի փորձ չունի, Պենտագոնի ծախսերի լայնածավալ աուդիտի կողմնակից է և դեմ է Կիևին անվերջ ռազմական օգնություն տրամադրելուն: Որպես հեռուստահաղորդավար 2024 թվականին կոչ էր անում Սպիտակ տանը՝ չդրդել Մոսկվային միջուկային զենք կիրառել։
Փիթ Հեգսեթը քննադատում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանության վրա քիչ ծախսելու համար, աջակցում է Իսրայելի գործողություններին Մերձավոր Արևելքում: Կարծում է, որ Չինաստանը բանակ է կառուցում «նախատեսված հատուկ ԱՄՆ-ին հաղթելու համար»։ Չորս գրքերի հեղինակ է, վերջինը` «Պատերազմ մարտիկների հետ. ինչ է կանգնած նրանց դավաճանության հետևում, որոնք պահպանում են մեր ազատությունը» (2024), առանձնահատուկ դեր է խաղացել Թրամփի կադրային որոշման հարցում։ Փիթ Հեգսեթը երրորդ անգամ է ամուսնացել, ունի յոթ երեխա:
Շատ բանի մասին է խոսում նաև Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոբերտ Սեյլսեսի կենսագրությունը։ Ծովային հետևակային կորպուսի պաշտոնաթող սպան իրեն դրսևորել է որպես հաջողակ տնտեսագետ և ադմինիստրատոր` կառավարելով «տարեկան մոտ 1,2 միլիարդ դոլարի ռեսուրսներ»: Ռազմաօդային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գնումների պատասխանատու Գարի Էշվորթը։ Կադրային նման նշանակումները հուշում են, որ Դոնալդ Թրամփը առաջնահերթություն է համարում Պենտագոնի զինանոցների աուդիտը, որոնց հարցում խառնաշփոթ է առաջացել ուկրաինական երկարատև հակամարտության հետևանքով։
Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն ուռճացվել է վատնումների և խարդախությունների պատճառով, Պենտագոնը իրար հետևից ձախողել է յոթ աուդիտ և կորցրել «միլիարդավոր դոլարների հետքը»: Հունվարի 20-ից հետո Ուկրաինայի հետ կապերի համար պատասխանատու ՊՆ պաշտոնյաները զանգվածաբար հեռանում են կամ հեռացվում։ Հետաքննվում է ավելի քան 50 քրեական գործ՝ կապված Կիևին ռազմական օգնություն տրամադրելու հետ, այսինքն՝ «գնումների հարցում խարդախության, ապրանքների փոխարինման, գողության կամ կոռուպցիայի»։
Կանխատեսելի անկանխատեսելիություն
Նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի առաջնահերթություն է անվանել ուկրաինական հակամարտության դադարեցումը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հասկանում է, որ խաղաղ կարգավորմանն արագ հասնելն անհնար է։
Այս պատմության մեջ հուսադրողը Սպիտակ տան նոր վարչակազմի պրագմատիկ մոտեցումն է ռազմական ծախսերի նկատմամբ և հակառուսական «բազեների» բացառումը ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատից։ Հիշեցնեմ, որ «առաջին գալուստով» (2016 թվ.) Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար էր ընտրել բազմաթիվ պատերազմների «խիստ» վետերան Ջեյմս Մեթիսին՝ «Կատաղած շուն» մականունով, որը ավելի քան 40 տարի ծառայել էր ծովային հետևակում։ Գեներալ Մեթիսը Պուտինի քաղաքականության և ընդհանրապես Ռուսաստանի ոխերիմ հակառակորդի համբավ ուներ, սակայն շուտով անհարմար դարձավ՝ չափազանց զգուշավոր էր կամ ինքնուրույն արտաքին քաղաքականության մեջ իմպուլսիվ Թրամփի համար (հիշենք Սիրիային հասցված հրթիռային հարվածները, Կիևին մատակարարվող զենքը և մի շարք հակառուսական պատժամիջոցները):
Մյուս կողմից, ԱՄՆ նոր վարչակազմը չի բացառում Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի մատակարարումների ոչ դադարեցումը, ոչ էլ շարունակությունը։ Հնարավոր է նաև հակառուսական նոր պատժամիջոցներ մտցվեն, եթե Մոսկվայի հետ բանակցություններն ընթանան ոչ ամերիկյան սցենարով, որի գաղտնիքները դեռ բացահայտված չեն։ Պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ միակ կանխատեսելի բանը ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականության անկանխատեսելիությունն է։ Այդ թվում՝ Գրենլանդիան, Կանադան, Մեքսիկան, Պանամայի ջրանցքը ձեռք բերելու/նվաճելու էկզոտիկ ծրագրերն ու չինական Թայվանի հետագա «պաշտպանությունը» Չինաստանից։
Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Ամերիկային կվերադարձնենք մեծությունը» կամ ԱՄՆ–ն «ոսկե դար» հասցնելու նրա խոստումը բոլորովին հաշվի չեն առնում ժամանակակից բազմաբևեռ աշխարհի իրողությունները, հարևանների (այլ երկրներում ապրող մոտավորապես ութ միլիարդ մարդու) տնտեսական շահերը։ Եվ իհարկե, Պենտագոնն էլ Թրամփի «երկրորդ գալստյան» ժամանակ «Բժիշկներ առանց սահմանների»մարդասիրական կազմակերպություն չի դառնա:
Ռուսաստանն այսօր պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։
0Comments